Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը զբաղեցրել է Ֆերանդու Սանտուշը, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: 59-ամյա պորտուգալացի մասնագետը 2010 թվականից մինչեւ 2014թ. աշխարհի առաջնության ավարտը Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր: Նրա ղեկավարությամբ հույները նվաճել են 2012թ. Եվրոպայի եւ 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերի ուղեգիր: Հունաստանում նա ճանաչվել է տասնամյակի լավագույն մարզիչ: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Կոստա Ռիկայի դեմ խաղում դրսեւորած ոչ մարզական վարքի համար Սանտուշը որակազրկվել էր 8 խաղով: Նա բազմիցս վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել հանդիպման մրցավարների նկատմամբ:
Մարզչական կարիերայի ընթացքում «Սանտուշը» գլխավորել է նաեւ «Պորտուն», «Սպորտինգը», «Բենֆիկան», ԱԵԿ-ը, ՊԱՕԿ-ը, «Պանատինաիկոսը»:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն պաշտոնը լքել էր 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Ալբանիային 0:1 հաշվով պարտվելուց հետո:
Պորտուգալիայի եւ Ալբանիայի հավաքականները Հայաստանի, Սերբիայի եւ Դանիայի հետ նույն ընտրական խմբում են:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում