15:11  ,  8 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքական. Սպասումներ եւ իրականություն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի առաջին ընտրական մրցավեճում պարտվեց Դանիային՝ դժվարին ու գրեթե հավասար խաղում: Կրքերը դեռ չեն հանդարտվում: Ամբողջ Facebook-ն ու այլ սոցիալական կայքեր ողողված են հայ երկրպագուների վրդովված գրառումներով: Թիրախը հիմնականում ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդն ու ամբողջ թիմն է՝ բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի:

Խաղի վերլուծությունը երկար ժամանակ կխլի, բայց, իրականում, ճշմարտությունը մեկն է: Մենք գիտեինք, որ գալիս ենք Դանիա մեծ կորուստներով: Նախորդ տարվա կոպենհագենյան հաղթանակը կերտած ֆուտբոլիստներից երեքը չկային, իսկ մի քանիսը ոչ լավ մարզավիճակում էին: Ամբողջ հույսը Հենրիխ Մխիթարյանն էր, ինչպես եւ սպասվում էր: Հենրիխը, իսկապես, խաղն իր վրա վերցրեց: Ցավոք, նրա վնասվածքը՝ ամենավատ բանը, որ կարող էր լինել Հայաստանի հավաքականի հետ, վերջնական կոտրեց մեր թիմի խաղը: Պատճառներ եւ մեղավորներ գտնելու համար պետք է իրատեսորեն գնահատել մեր հնարավորությունները: Այսօր մենք չունենք հիմանական ֆուտբոլիստներին փոխարինողներ: Եթե Յուրա Մովսիսյանը չկա, մենք պետք է համակերպվենք, որ թիմի հարձակողական ներուժը առնվազն 60 տոկոսով կնվազի: Արասի պես ստեղծագործ ֆուտբոլիստ մեր թիմում միայն Մխիթարյանն է, բայց նա էլ չի կարող երեք ֆուտբոլիստի աշխատանք կատարել դաշտում: Այդ պատճառով Հայաստանի թիմը խաղաց այնպես, ինչպես կարող էր, այն կազմով, որն ուներ:

Հաշվի առնելով կորուստները՝ հինգ պաշտպանով հանդես գալը ճիշտ որոշում էր: Ամեն դեպքում, դանիացիները որքան էլ տիրում էին գնդակին կամ ինչպես Բեռնար Շալանդն է ասում խաղում էին տիկի տակա, նրանց գրեթե չէր հաջողվում վտագնավոր պահեր ստեղծել մեր դարպասի մոտ՝ մինչեւ դաշտի տերերի առաջին գոլը: Այլ խնդիր է, որ մեր տղաների մոտ կա հոգեբանական խնդիր, որը արտահայտվում է լարվածությամբ: Գնդակը պարզունակ դրվագներում կորցնելը, շտապելն ավելի շատ խոսում է որոշ ֆուտբոլիստների անվստահության մասին: Իսկ պարտության հիմնական պատճառներից մեկը հիանալի մեկնաբանեց Հենրիխ Մխիթարյանը, ով խաղից հետո ասաց, որ որոշ ֆուտբոլիստներ պետք է նաեւ իրենց վրա վերցնեն խաղը եւ ռիսկի գնան, ոչ թե հույսները դնեն մյուսների վրա:

Երեկ այդպես էր՝ ամբողջ թիմը փնտրում էր մեր 18 համարին: Կարծես, երբ նա անգամ լքեց դաշտը, շատերը դեռ փնտրում էին Հենրիխին: 2007-ին, երբ Երեւանում ոչ ոքի խաղացինք Պորտուգալիայի հետ, մեր թիմում չկային աստղեր, սակայն մենք հաղթեցինք եւ ոչ մեկ խաղ: Մինչեւ օրս այն սերունդի ֆուտբոլիստները հիշում են, թե ինչպես էր Յան Պորտերֆիլդը խաղից առաջ ոգեշնչում ֆուտբոլիստներին եւ ասում՝ որ նրանք մրցակցից ոչնչով պակաս չեն: Իհարկե, վստահ եմ, դա անում են նրանից հետո եկած մյուս բոլոր մարզիչները, բայց, երեւի, նա ինչ-որ յուրահատուկ շփման ձեւեր գիտեր:

Ինչպես կզարգանա մեր ֆուտբոլը, բացարձակ պարզ չէ: Ազգային առաջնության մակարդակի մասին շատ է խոսվել ու կխոսվի: Սակայն, քանի դեռ մեր հույսը կապված է մի քանի ֆուտբոլիստների հետ, քանի դեռ մենք փնտրում ենք սփյուռքում հանդես եկող հայերի, քանի դեռ աղոթում ենք, որ Մխիթարյանին հանկարծ բան չպատահի, մենք պետք է յուրաքանչյուր խաղում պատրաստ լինենք ամեն տեսակ արդյունքի: Իսկ Դանիայի հավաքականին մենք կպատասխանենք Երեւանում, երբ, հուսանք, հանդես կգանք ոչ թե երկրորդ, այլ՝ առաջին կազմով:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում