00:37  ,  2 սեպտեմբերի, 2014

Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա գլխավոր գործարքները

Ֆուտբոլային Եվրոպայում սեպտեմբերի 1-ն ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրն է:

Տրանսֆերների վերջին օրը կայացել են մի շարք տեղափոխություններ: Ներկայացնում ենք տրանսֆերային պատուհանի վերջին օրվա գլխավոր գործարքները:

Իտալական «Միլանը» պայմանագիր է կնքել «Ատալանտայի» 25-ամյա կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրայի հետ: Ավելի վաղ միլանցիները ակումբի թվիթերյան էջում հայտնել էին իտալական «Պարմայի» կիսապաշտպան Ջոնաթան Բիաբիանիի տեղափոխության մասին, սակայն ֆրանսիացու տրանսֆերը վերջին պահին ձախողվել է:

Իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստներ Գորան Պանդեւն ու Բլերիմ Ձեմաիլին տեղափոխվել են Ստամբուլի «Գալաթասարայ»:

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խավյեր Սավիոլան հունական «Օլիմպիակոսից» տեղափոխվեց իտալական «Վերոնա»:

Անգլիական «Հալ Սիթին» վարձակալել է «Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ բեն Արֆային եւ «Սաութհեմփթոնի» խաղացող Գաստոն Ռամիրեսին:

Մոսկվայի «Սպարտակի» ռուս կիսապաշտպան Դինյար Բիլյալետդինովը կարիերան կշարունակի ռուսական «Տորպեդոյում»:

Իտալական «Ինտերի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսը դարձել է անգլիական «Սանդերլենդի» ֆուտբոլիստ:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Հելդեր Պոշտիգան ազատ խաղացողի կարգավիճակով միացել է Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»:

Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Յոն Առնե Ռիսեն Լոնդոնի «Ֆուլհեմից» տեղափոխվել է կիպրոսյան ԱՊՕԷԼ, որը խաղալու է Չեմպիոնների լիգայում:

Ֆրանսիական «Մոնպելյեի» 24-ամյա պաշտպան Բենժամեն Ստամբուլին տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», որը վարձավճարով գերմանական «Համբուրգին» է տրամադրել Լյուիս Հոլթբիին:

Մոսկվայի «Դինամոյի» ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը միացել է Եկատերինբուրգի «Ուրալին»:

Հռոմի «Ռոման» մեկ տարով վարձակալել է անգլիական «Նյուքասլի» ֆրանսիացի պաշտպան Մապու Յանգ Մբիվային:

Իտալական «Ֆիորենտինան» վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Միկա Ռիչարդսին:

Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Սանդրոն դարձել է ՔՊՌ-ի ֆուտբոլիստ:

Լուսանկարում՝ Ռիկարդո Ալվարես

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում