Երբեք չեմ մտածել Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին, բայց եթե լինի առաջարկ, դրան կվերաբերվեմ դրական:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եկատերինբուրգի «Ուրալի» 24-ամյա կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը, ով պատմեց անցած ուղու, ֆուտբոլային նախասիրությունների ու երազանքի մասին:
Արսեն, որտեղի՞ց են արմատներդ:
Ես հայ եմ: Ծնվել եմ Կալուգայում: Հայրս Կիրովաբադից է, մայրս՝ Կրասնովոդսկից:
Հայաստանում եղե՞լ ես:
Մեկ անգամ եղել եմ, երբ ութ տարեկան էի: Անկեղծ ասած, քիչ բան եմ հիշում, բայց տպավորություններս լավն էին:
Ինչպե՞ս որոշեցիր դառնալ ֆուտբոլիստ:
Ես էի ցանկանում, ծնողերս՝ նույնպես: Հաճախում էի Կալուգայի ֆուտբոլային դպրոց:
Ինչպե՞ս հասկացար, թե որն է քո դիրքը խաղադաշտում:
Պատանի հասակում խաղում էի որպես հարձակվող, հետո մարզիչս ինձ փորձեց կիսապաշտպանի դիրքում, եւ դա դուր եկավ ինձ:
Ինչպե՞ս ստացվեց, որ Կալուգայից տեղափոխվեցիր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուրալ»:
«Կալուգայի» հետ պայմանագիս ավարտվեց, ինչից հետո եկա այստեղ: Կարծես հավանեցին ինձ եւ պայմանագիր առաջարկեցին:
«Տորպեդոյի» դեմ նախորդ խաղում դու առաջին անգամ խաղադաշտ դուրս եկար «Ուրալի» մեկնարկային կազմում: Ի՞նչպիսին էին տպավորությունները:
Ստացա շատ լավ տպավորություններ, բայց տխուր էի, քանի որ պարտվեցինք: Դա մեր վատագույն խաղն էր այս մրցաշրջանում:
Էդգար Մանուչարյանի հետ ընկերացե՞լ եք:
Նրանից շատ լավ տպավորություններ ունեմ: Երբ եկա, նա շատ ջերմ ընդունեց ինձ: Էդգարը շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Նրանից կարելի է շատ բան սովորել:
Ի՞նչ նպատակներ են դրված թիմի առջեւ:
Որքան գիտեմ՝ լինել լավագույն տասնյակում, բայց մարզիչը միշտ ասում է, որ չի ցանկանում բավարավել քչով:
Դու ունե՞ս գործակալ:
Կա մարդ, ով ինձ օգնում է:
Հայկական ֆուտբոլին հետեւո՞ւմ ես:
Հայաստանի հավաքականին՝ այո, ակումբային ֆուտբոլին՝ ոչ:
Ինչպե՞ս կարձագանքես, եթե հրավիրվես Հայաստանի հավաքական:
Դրական, բայց երբեք չեմ մտածել այդ մասին:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ո՞ւմ խաղաոճն ես նմանեցնում քո խաղին:
Մանուչարյանի: Մենք խաղում ենք նույն դիրքում: Նա էլ է սիրում շրջանցել մրցակիցներին, չի վախենում եւ ազատ տարածություններ է սիրում:
Համաշխարհային ֆուտբոլում ի՞նչ նախասիրություններ ունես:
Ինձ դուր է գալիս «Ռեալի», «Բորուսիայի» եւ «Բարսելոնայի» խաղը: Ֆուտբոլիստերից նախընտրում եմ Մեսիին:
Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
Մեսին:
Ունե՞ս ֆուտբոլային երազանք:
Ակումբիս հետ հասնել առավելագույն արդյունքների եւ դառնալ Ռուսաստանի չեմպիոն:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում