15:17  ,  20 օգոստոսի, 2014

Սպորտի նախարարն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

Մենք այսօր նվաճել ենք մեր առաջին մեդալը Նանջինգի պատանեկան Օլիմպիական խաղերում, հրաձգության մրցաշարում՝ արծաթե մեդալ: Սա սկիզբն է, վստահ եմ, որ էլի մեդալներ պետք է նվաճենք: Շնորհավորում եմ հրաձիգ Հրաչյա Բաբայանին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, որի նշանակումից անցել է 100 օր: Գաբրիել Ղազարյանն ամփոփեց այս ընթացքում արվածն ու առաջիկա աշխատանքները: Ինչպես նաեւ անդրադարձավ այս օրերին Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում հայ օլիմպիականների ելույթներին:

«Ցանկանում եմ շնորհավորել Չինաստանում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Հրաչիկ Բաբայանին առաջին արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ: Սա դեռ սկիզբն է, մենք էլի մեդալներ պետք է նվաճենք: Մեր օլիմպիականներին հաջողություն եմ մաղթում պատանեկան Օլիմպիական խաղերում եւ մեդալների սպասում: Համազված եմ, որ լինելու են»,- ասաց Գաբրիել Ղազարյանը: Անդրադառնալով նախարար նշանակվելու օրվանից ՝ մայիսի 3-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին, սպորտի նախարարը նշեց.

«Բարձրագույն եւ մանկապատանեկան սպորտի ոլորտում պետական աջակցության ծրագրում ընդգրկված 30 մարզական ազգային ֆեդերացիաների հետ հստակեցվել են եւ իրականացվել են քննարկումներ՝ նրանց 2015 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանների, նախահաշիվների ու դրանց եռամսյակային համամասնությունների վերաբերյալ:  Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ուսումնական պլանի համաձայն իրականացվել են 2014 թվականի վերապատրաստման 3-րդ ցիկլի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել՝ պետական նպատակային ծրագրի շրջանակներում 2 բժիշկ-մասնագետի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջնորդությամբ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի օրդինատուրայում սովորելու համար: Բացի այդ, սպորտային բժշկության խնդիրները լավագույնս իրականացնելու համար մեր աջակցությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ ստեղծելու սպորտային բժիշկների ասոցիացիա, որի նպատակն է համախմբել սպորտային բժիշկներին՝ բուժական ստանդարտներ մշակելու, արտերկրյա վերապատրատումներին մասնակցելու եւ մեր մարզիկների առողջության պահպանումն ապահովելու համար:

Մշակվել եւ ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները եւ այլ մարզական հասարակական կազմակեպությունները գույքով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման ծրագիր:

Կան մի քանի կարեւոր նախագծեր, որոնք պատրաստվում ենք իրականացնել:

Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը մասսայականացման խնդիր ունի: Այս հարցը մեզ բոլորիս է հուզում: Մենք ունենք համապատասխան նախագիծ ծրագիր, որը կարող եմ անվանել նաեւ քարոզչություն: Համատեղ մեր քաղաքապետարանի հետ շաբաթը երկու անգամ ամեն ամիս ներկայացնելու ենք որեւէ մեկ մարզաձեւ Օպերայի հրապարակում: Սա ծավալուն աշխատանք է:

Մեզ հուզող հարցերից է նաեւ հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերի ոչ լուրջ մոտեցումը: Թիրախային կետերից է: Դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների հետ համատեղ պետք է աշխատենք, որպեսզի լրջանա: Իմ կարծիքով չկա լրջություն ֆիզկուլտուրա առարկայի հանդեպ: Այս ծրագիրը կիրականցնենք ԿԳՆ-ի հետ համատեղ, կքննարկենք եւ ամուր հիմքերի վրա կդնենք դպրոցներում ֆիզկուլտուրայի դասընթացները:

Ունենք համաձայնություն Կրթության եւ գիտության նախարարության հետ, որ ստեղծենք մի հանձնախումբ, որը կզբաղվի այդ պրոբլեմով: Դա նաեւ վերաբերում է նախադպրոցական հիմնարկներին, որտեղ պետք է եւս ներառել ֆիզիկական կուլտուրայի դասաժամեր: Այսօր երեխաների մեջ պետք է ներառել այն միտքը, որ ֆիզկուլտուրան պարտադիր է: Սա էլ է մի ծրագիր, գուցե շատերի համար վերացական թվա այս հարցը, բայց սա բոլորիս է վերաբերում:

Խորհրդային Միության ժամանակ կար ՊԱՊ համալիր նորմերի ծրագիր: Մենք ստեղծել ենք հանձնախումբ եւ այդ նորմերը հանձնելու սովորությունը կվերականգնվի: Ռուսաստանի սպորտի նախարարության հետ ունենք համագործակցություն եւ կիրականացնենք այդ նորմերի ծրագիրը»:

ՀՀ Սպորտի նախարարը ուշադրությունը սեւեռեց նաեւ  հայկական մոռացված մարզաձեւերի վրա:

«Մենք բաց ենք թողել մեկ մարզաձեւ մեր հայկական կոխ ըմբշամարտը: Պետք է վերականգնենք մեր ազգային մարզաձեւը: Մարզադպրոցներում կներմուծենք կոխ ըմբշամարտը: Կոխի ֆեդերացիա կան, գրանցված է պետական ռեգիստրում, բայց աշխատանքներ չի տարվում: Ֆինանսավորում կլինի դեռեւս ոչ պետական միջոցներով: Դա կլինի որպես պիլոտային ծրագիր մարզադպրոցներում:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրվող մարզական ֆեդերացիաների բյուջեների ավելացմանը, այդ ուղղությամբ նախարարությունը քայլեր է ձեռնարկում: Մեկ նոր ծրագիր կներկայացնենք կառավարարություն օլիմպիական չեմպիոններին ցմահ կրթաթոշակ տրամադրելու կապակցությամբ: Դա կհանդիսանա խթան երիտասարդ սերնդի մարզիկների համար, որ ձգտեն դեպի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելուն:

Կան շատ այլ ծրագրեր, որոնք նախարարությունն այս կարճ ժամանակահատվածում իրականացրել է եւ դեռ իրականացնելու է: Մեզ մոտ նախագծերը եւ ծրագրերը ոչ թե մնում են թղթի վրա, այլ կոլեգիալ որոշումների արդյունքում գտնելու են իրենց լուծումները»,- ասաց ՀՀ սպորտի նախարարը

Անդրադառնալով ՀՀ սպորտի նախորդ նախարար Յուրի Վարդանյանին եւ նրա կողմից իրականացված աշխատանքներին, նկատեց.

«Յուրի Վարդանյանը լեգենդ է, մեր հայ ազգի մարզիկն է, օլիմպիական չեմպիոն, հարգանքի արժանի մարդ: Նրա հետ չեմ աշխատել: Չեմ կարող գնահատական տալ նրա աշխատանքին նախարար եղած ժամանակ: Նա ինձ համար լեգենդար մարզիկ է»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով