11:48  ,  22 մայիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյան. Լավ տրամադրությամբ կմիանամ Հայաստանի հավաքականին

Կաշխատեմ ինչով կարող եմ օգնել Հայաստանի ազգային հավաքականին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականից հրավեր ստացած Մաուրո Գեւգեոզյանը, ում խփած գոլն ու հաղթական հետխաղյա 11 մետրանոցը մայիսի 21-ին պերուական «Ալյանսային» օգնել էին դառնալ Copa Inca մրցաշարի հաղթող:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են Հայաստանի հավաքական: Կաշխատեմ ինչով կարող եմ օգնել թիմին: Հայաստան չժամանեցի, քանի որ մայիսի 21-ին Copa Inca-ի եզրափակիչ հանդիպում պետք է անցկացնեինք: Այժմ լավ տրամադրությամբ կմիանամ Հայաստանի հավաքականին: Ես հավաքականին կսպասեմ Ժնեւում»,- զրույցում հայտնեց Մաուրո Գեւգեոզյանը:

Հիշեցնենք, որ Copa Inca-ի եզրափակիչի մինչեւ վերջին րոպեն «Ալյանսան» պարտվում էր «Սան Մարտինին», սակայն Մաուրո Գեւգեոզյանը 93-րդ րոպեին Լիմայի թիմին փրկեց պարտությունից: 28-ամյա հարձակվողը նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոցը՝ մրցաշարն ավարտելով 8 գոլով:

Հայաստանի հավաքականը մայիսի 21-ից Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսել է երեւանյան հավաքը: Մայիսի 27-ին Հայաստանի թիմը Ժնեւում ընկերական խաղ կանցկացնի ԱՄԷ-ի հետ, 4 օր անց Սյոնում կմրցի Ալժիրի հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում ուժերը կչափի գերամանացիների դեմ:

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով