17:42  ,  18 մարտի, 2014

Համլետ Մխիթարյան. Հավաքականում ամենատպավորիչ ու լավ տարիները եղել են Յան Պորտերֆիլդի օրոք

Հավաքականում ամենատպավորիչ ու լավ տարիները եղել են Յան Պորտերֆիլդի օրոք։ Չեմ կարծում, որ մեր տարիների հավաքականը զիջում էր այսօրվա հավաքականին։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 40-ամյա Համլետ Մխիթարյանը, ով նախորդ տարի իրանական «Դամաշ Գիլանի» կազմում  ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Համլետ Մխիթարյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում 1994-2008 թվականներին:

Համլետ, նախորդ տարի ավարտեցիք ֆուտբոլիստի կարիերան: Պայմանագիրն ավարտվե՞ց, թե՞ տարիքի պատճառով:

«Դամաշ Գիլանում» հանդես էի գալիս արդեն չորս տարի: Թիմի ղեկավարությունը խնդրեց, որպեսզի եւս մեկ տարի մնամ այնտեղ եւ աշխատեմ որպես մարզիչ-ֆուտբոլիստ: Բայց   համատեղելը շատ դժվար աշխատանք է: Ես որոշեցի գալ Հայաստան եւ դիմել ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի մարզչական կարգի արտոնագիր ստանամ: Այժմ սպասում եմ։ Երբ սկսեն դասընթացները, կստանամ լիցենզիա եւ կմեկնեմ Իրան՝ իմ թիմ, որտեղ վերջին չորս տարիների խաղացել եմ: Ակումբը պատրաստ է ինձ ամեն ինչով օգնել:

Ձեր կարիերայի ընթացքում հանդես եք եկել տարբեր առաջնություններում: Որտե՞ղ եք Ձեզ ամենից լավ զգացել:

Ես հանդես եմ եկել տարբեր առաջնություններում, բայց ամենից լավն ինձ համար եղել է Բելառուսում անցկացրած տարիները (2004-2006թթ.): Այդ ժամանակ մենք նվաճեցինք երկրի գավաթը ու զբաղեցրինք երրորդ տեղը, իսկ ես ճանաչվեցի Բելառուսի լավագույն լեգիոներ:

2005-ին պետք է տեղափոխվեիք շոտլանդական «Հարթս», սակայն գործարքը չիրականացավ: Ի՞նչն էր պատճառը:

Ես չկարողացա աշխատանքային վիզա ստանալ: Ես պետք է վերջին երկու տարում  հավաքականի կազմում 75 տոկոս խաղերի մասնակցած լինեի: Ես դա ունեի: Եվ հավաքականը պետք է լիներ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 75 երկրների մեջ: Բայց, ցավոք, այդ ժամանակ մենք 121-րդ տեղում էինք: Եվ ես աշխատանքային վիզա չկարողացա ստանալ: Շոտլանդացիները պատրաստ էին ինձ Լիտվայի քաղաքացիություն էլ տալ, բայց չստացվեց: Երեք անգամ մեկնեցի նրանց մոտ: Եվ վերջում ստիպված եղա Բելառուս վերադառնալ:

90-ականներին «Արարատից» տեղափոխվեցիք «Փյունիկ», տարիներ անց կրկին վերադարձաք «Արարատ»: Այդ տարիներին թիմերի միջեւ ուժեղ մրցակցություն կար: Ի՞նչը ստիպեց դիմել այդ քայլին:

Երբ «Արարատից» տեղափոխվեցի «Փյունիկ», այնուհետեւ գնացի Իսրայելի «Մաքաբի»: Թիմի հետ  ֆինանսական խնդիրներ ունեցա: Երբ վերադարձա Հայաստան, «Փյունիկը» դեռ նոր էր կազմավորվում: «Արարատի» ղեկավարությունը դիմեց ինձ, եւ մենք համաձայնության եկանք, եւ ես եւս մեկ տարի մնացի այդտեղ:

Հայաստանի առաջնությունում անցկացրած ամենահիշարժան տարին ո՞րն էր:

Դա 1993-ին էր, երբ մենք դարձանք չեմպիոն եւ գավաթակիր: 1993-96թթ. Հայաստանի առաջնությունը շատ ուժեղ էր: Խորհրդային Միության փլուզումից հետո մեր տղաները դեռ չէին մեկնել այլ առաջնություններ: Բոլորը խաղում էին Հայաստանում: Ուժեղ մրցակցություն կար: Այդ տարիները շատ տպավորիչ էին: Եվ մարդիկ էլ էին հետաքրքրված ֆուտբոլով, գալիս էին մարզադաշտ:

Ի՞նչ կասեք Հայաստանի առաջնության մասին: Ի՞նչ մակարդակի վրա է

այն գտնվում:

Նոյեմբերին եմ վերադարձել Հայաստան: Մինչ այդ չէի հետեւում: Միայն ինտերնետով: Իսկ հիմա գնում եմ ստադիոն եւ դիտում: Այն արագությունը չկա, ինչ` Իրանում: Մեր ֆուտբոլիստները մի փոքր դանդաղ են մտածում:

Ձեր կարիերայի ընթացքում այնպիսի որոշումներ կա՞ն, որոնց համար զղջացել եք: Եթե այո, ապա՝ որո՞նք են:

Այո կան, բայց չեմ ցանկանա բարձրաձայնել:

Մանուկ հասակում ինչպիսի՞ ֆուտբոլային երազանքներ ունեիք: Արդյո՞ք դրանք իրականացան:

Փոքր տարիքում իմ երազանքը «Արարատում» խաղալն էր: Այն ժամանակ կային միայն Երեւանի «Արարատն» ու Աբովյանի «Կոտայքը»: Ես հասցրի խորհրդային ժամանակաշրջանում «Արարատի» կազմում չորս խաղ խաղալ: Այլ երազանքներ էլ եմ ունեցել: Կեսը ստացվել է, կեսը՝ ոչ:  Բայց չեմ զղջում: Հետադարձ հայացք գցելիս, երբեմն կարծում եմ, որ գուցե այլ կերպ կարող էր ամեն բան ստացվել: Բայց էլի եմ ասում՝ չեմ զղջում:

Հաշվի առնելով Ձեր տաղանդը, ինչին հասել եք, դա Ձեր գագաթնակե՞տն էր:

Չեմ գտնում, որ գագաթնակետն էր: Ավելի բարձր արդյունքներ կարող էի ունենալ, բայց կրկին ասեմ` չեմ զղջում:

14 տարի հանդես եք եկել Հայաստանի ազգային հավաքականում: Աշխատել եք տարբեր մարզիչների հետ: Ո՞ւմ հետ էր ամենից հեշտ եւ լավ աշխատելը:

Շատերի հետ եմ աշխատել: Ոչ ոքի հետ խնդիր չեմ ունեցել, բացի երկուսից, որոնց  անունները չեմ ուզենա ասել: Բայց ամենից տպավորիչն ու լավ տարիները եղել են Յան Պորտերֆիլդի օրոք:

Պորտերֆիլդը հայ ֆուտբոլասերների համար դարձավ եւ մնաց հերոս: Ի՞նչ հետաքրքիր բան կպատմեք նրա մասին, որ հանրությունը չգիտի:

Նա կարողանում էր ամեն ֆուտբոլիստի հետ իր լեզվով խոսել: Բոլորին կարողանում էր խաղին պատրաստել: Պորտուգալիայի դեմ խաղից առաջ ամեն մեկի հետ առանձնազրույց ունեցավ ու ասաց, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի դիրքում խաղացող պորտուգալացուց՝ Ռոնալդու, Դեկու, մենք թույլ չենք: Այդ խաղից առաջ ես վնասվածք ունեի եւ վստահ չէի, որ կարող եմ խաղալ: Նա առավոտյան ինձ հարցրեց՝ կարո՞ղ եմ խաղալ, թե՞ ոչ: Ես ասացի, որ  կարող եմ: Նա պատասխանեց, թե տեսնենք Հայաստանի Համլետ Մխիթարյա՞նն է ուժեղ, թե՞ Պորտուգալիայի` Դեկուն: Այդ ժամանակ ես մի ուրիշ բան զգացի իմ մեջ:  Հոգեբանորեն նա մեզ լավ էր պատրաստում: Գիտեր` ում որ դիրքում խաղացնի: Ես շատ մարզիչների հետ եմ աշխատել, բայց նրա պես մտածելակերպ ոչ ոք չուներ:

Ձեր լավագույն խաղը հավաքականի կազմում:

Պորտերֆիլդի օրոք բոլոր խաղերից շատ գոհ եմ՝ թե՛ թիմի, թե՛ իմ:

Շատ է խոսվում, որ այսօրվա հավաքականը շատ ավելի ուժեղ է Ձեր ժամանակվա հավաքականից: Դա ինչ-որ տեղ վիրավորակա՞ն չէ:

Ես չեմ կարող համեմատել: Ամեն մարդ յուրովի է մտածում: Ես չեմ գտնում, որ մենք զիջում էինք այսօրվա հավաքականին: Այսօր հանդես եկող տղաները ունեն այն, ինչ մենք չունեինք: Ֆեդերացիան հավաքականի համար ամեն բան անում է: Այսօր հավաքականը մարզաբազա ունի: Մենք դա չունեինք: Բացի այդ մեր ժամանակվա մարզիչները այդ կարգը չունեին:

Կցանկանայի՞ք այս ժամանակում ֆուտբոլ խաղալ:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարիերան ավարտելուց հետո ասում է, որ կուզեր տասը տարի ուշ սկսել խաղալը: Կուզեի, ինչու չէի ուզի:

Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականը մի քանի հիանալի հանդիպումներ անցկացրեց, բայց նաեւ ցավալի պարտություններ կրեց: Ինչի՞ հետ եք կապում թիմի ոչ այդքան կայուն խաղը:

Հայաստանի հավաքականը ուժեղ թիմերի հետ լավ է խաղում: Մենք թույլ թիմերի դեմ լավ ենք մոտիվացվում: Մալթային երեւի թերագնահատեցինք:

Համամի՞տ եք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանության գիծը զիջում է հարձակման գծին:

Մեր հարձակման ու կիսապաշտպանության գծերը շատ ուժեղ են: Չեմ գտնում, որ պաշտպանությունը շատ թույլ է: Այսօր հավաքականի նստարանը շատ կարճ է:  Մարզիչը վնասվածքների ու քարտերի պատճառով ստիպված է եղել փոփոխություններ կատարել եւ խաղը դժվարացել է:

Ինչպե՞ս եք գնահատում հավաքականի հնարավորությունները Եվրո-2016 ընտրական փուլում:

Ես լավատես եմ, հատկապես հավաքականի վերջին չորս-հինգ տարիների խաղի նկատմամբ: Վստահ եմ, որ վերջին տարիների աշխատանքի արդյունքները, պտուղները հավաքականը կքաղի առաջիկա Եվրոյի ընթացքում:

Ֆուտբոլ դիտել եք տարբեր տասնամյակներում: Ե՞րբ է այն ավելի ուշագրավ եղել:

Ֆուտբոլը գնալով ավելի է զարգանում: Կար ժամանակ, երբ շեշտը դրվում էր արագության վրա, մի ժամանակ` տեխնիկայի վրա: Այսօրվա ֆուտբոլում դրանք համատեղվում են: Ինձ համար ամենագեղեցիկը 1986թ. աշխարհի առաջնությունն էր: Այն ժամանակ բոլոր հավաքականներում աստղեր կային: Այս տարվա աշխարհի առաջնությունում նույնպես բոլոր հավաքականներում աստղեր կլինեն:

Ի՞նչ ֆուտբոլային երազանքներ ունեք:

Այն, ինչին չեմ հասել որպես ֆուտբոլիստ, հասնեմ որպես մարզիչ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով