00:14  ,  15 մարտի, 2014

Ալեքսանդր Մոտիլյով. Ամենահամարձակ երազումս նման բան չէի կարող պատկերացնել

Խաղում էի այնպես, ինչպես կարողանում էի: Փորձում էի ցուցադրել բոլոր կարողություններս: Չեմ պատկերացնում՝ ինչպես ստացվեց: Սա իսկական հրաշք է:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի Եվրոպայի 15-րդ առաջնության չեմպիոն, ռուս Ալեքսանդր Մոտիլյովը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ո՛չ ես, ո՛չ ամենավառ երկրպագուներիցս մեկն անգամ նման բան չէր պատկերացնի: Ամենահամարձակ երազումս նման բան պատկերացնել չէի կարող: Սկզբում ես չէի հավատում, որ կկարողանամ հաղթել, սակայն, երբ պարտիա պարտիայի հետեւից խաղում ես, այլեւս չես մտածում այդ ուղղությամբ: Խաղում էի այնպես, ինչպես կարողանում էի: Փորձում էի ցուցադրել բոլոր կարողություններս: Չեմ պատկերացնում՝ ինչպես ստացվեց: Սա իսկական հրաշք է:

Ուրախությունս կիսելու եմ առաջին հերթին ընտանիքիս հետ: Որդիս միշտ հարցնում է, թե ինչու եմ վատ խաղում: Այժմ ես ցույց կտամ նրան իմ մեդալը, եւ նա կհասկանա, որ նրա հայրը այդքան էլ վատ չի խաղում:

Ինչ վերաբերում է մրցաշարին՝ այն շատ լավ էր կազմակերպված: Ամեն ինչ հրաշալի էր: Ես հինգերորդ անգամ եմ  Հայաստանում: Միշտ հաճույքով եմ գալիս: Այստեղ ջերմ վերաբերմունք է շախմատի եւ շախմատիստների նկատմամբ: Այժմ այդ  դրական զգացողություններին միանում է նաեւ հաղթանակս: Միշտ լավ հարաբերությունների մեջ եմ եղել հայերի, հայ շախմատիստների հետ»,- ասաց Մոտիլյովը:

Երեւանում ավարտված Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի տիտղոսը Մոտիլյովը նվաճել է՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Փոխչեմպիոն է դարձել իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոն (8 միավոր), երրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը (8):

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հրանտ Մելքումյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ գրավել է 10-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը եւս վաստակել է 7.5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշով զբաղեցրել է 15-րդ տեղը: Նույնքան միավոր ունի նաեւ Սամվել Տեր-Սահակյանը: Նա 21-րդն է: Նրանք նվաճել են Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով