22:39  ,  4 մայիսի, 2012

Հայաստանի հավաքականը չի հասցրել վերականգնվել մինչեւ թուրքերի հետ հանդիպումը. հարցազրույց

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը, Ղազախստանում մասնակցելով  միջազգային մրցաշարի (Ղազախստանի գավաթի խաղարկություն), զբաղեցրեց վեցերորդ տեղը: Ենթախմբում Հայաստանի թիմը մեկ հաղթանակ տարավ եւ կրեց երկու պարտություն, իսկ 5-6-րդ տեղերի համար խաղում, հետխաղյա 11 մետրանոց հարվածներով պարտվեց Թուրքիայի հավաքականին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում հավաքականի ելույթները թե արդյունքի առումով, եւ թե ցույց տված խաղի տեսանկյունից:

Բնականաբար, մենք ավելին էինք սպասում մեր ֆուտբոլիստներից: Մինչեւ Ղազախստան մեկնելը NEWS.am Sport-ի հետ զրույցում ես նշեցի, որ սա մեր թիմի համար առաջին միջազգային մրցաշար է, եւ այդ պատճառով լարվածություն մեր ֆուտբոլիստների մոտ կար: Առաջին խաղում մեր մրցակիցը Հունգարիայի ուժեղ հավաքականն էր, ու մերոնք պարզապես չկարողացան խաղալ այն խաղը, որին ունակ էին: Երկրորդ մրցավեճում, չնայած տարիքին, տղաները աչքի ընկան կամային հատկանիշներով, ու 0:2 պարտվելիս ի վերջո հաղթանակ տարանք 4:2 հաշվով: Ղազախստանի թիմի հետ հանդիպումը, ճիշտն ասած, քննարկման առարկա չէ: Մրցավարն իր գործը կատարեց: Ընդ որում, ղազախների մասնակցությամբ բոլոր խաղերում, անկախ մրցակցից, մրցավարները ակնհայտ կողմնակալություն էին դրսեւորում:

Իսկ Թուրքիայի հավաքականի հետ խաղում առանձնահատուկ լարվածություն կա՞ր:

Ոչ: Մեզ համար սովորական խաղ էր, բայց ինչ ուզում ես ասա` նման երկրի թիմի հետ խաղալիս հաղթելու ցանկությունը էլ ավելի է մեծանում: Պարզապես մենք խաղացողների վերականգնման հետ կապված խնդիրներ ունեցանք: Երեկոյան ժամը 7-ին խաղացինք ղազախների հետ, իսկ հաջորդ օրը առավոտյան` արդեն թուրքերի հետ: Չնայած այս խաղում կարող էինք եւ հաղթել, բայց 1:1 հաշվի ժամանակ, խաղի վերջնամասում չիրացրինք 11 մետրանոց հարվածը: Բոլոր դեպքերում, մեր թիմի համար փորձ ձեռք բերելու առումով շատ կարեւոր մրցաշար էր, եւ, իհարկե, մենք արդեն հնարավորություն ունենք հետեւեւթյուններ անելու, որպեսզի խուսափենք վրիպումներից, որոնք եղան այս մրցումների ընթացքում:

Թիմում եղա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր չարդարացրին ձեր սպասելիքները:

Ցավոք, այո: Մի քանի խաղացողներ պարզապես շատ վատ խաղացին, բայց եղան նաեւ ֆուտբոլիստներ, ովքեր ուրախացրին, ու առաջինը կնշեի Արամ Սարգսյանի անունը: Շատ կարեւոր էր դարպասապահի գործոնը, ու Անատոլի Այվազովը ապացուցեց, որ իր տարիքում շատ լավ է հանդես գալիս։ Վատ հանդես չեկան Վահան Ադլոյանը, Նարեկ Ասլանյանը: Պարզ է մեկ բան, որ մենք պետք է շարունակենք սելեկցիոն աշխատանքը՝ հավաքականը նոր խաղացողներով համալրելու համար: Սեպտեմբերին Սերբիայում մեր մրցակիցները` Սերբիան, Բելառուսը, Մոլդովան թույլ թիմեր չեն լինելու, եւ մենք անկախ դրանից պետք է ձգտենք ենթախմբից դուրս գալ հաջորդ փուլ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով