20:52  ,  1 մայիսի, 2012

Հովհաննես Թահմազյան. 25 տարի ֆուտբոլ եմ խաղացել, եւ սա իմ գլխավոր ձեռքբերումներից է

Ֆուտբոլում առանձնահատուկ  գնահատականի են արժանանում ֆուտբոլային երկարակեցություն ունեցող խաղացողները: Անկախ Հայաստանի պատմության մեջ երկարակյաց ֆուտբոլիստները շատ չեն, բայց կան: Այդ շարքին առաջնահերթ պետք է դասել գյումրեցի ֆուտբոլիստ Հովհաննես Թահմազյանին, ով, սկսելով իր ելույթները «Շիրակի» կազմում Հայաստանի անդրանիկ առաջնությունից` 1992 թվականին, իր ելույթները ավարտեց նախորդ առաջնության վերջանամասում` 41 տարեկանում: Ընդհանուր առմամբ, Հովհաննես Թահմազյանը «Շիրակի» եւ «Միկայի» կազմում անցկացրել է 460 հանդիպում, եւ այս ռեկորդը կրկնելը շատ դժվար է:

Մայիսի 1-ին Գյումրիի վերակառուցված ստադիոնում ի պատիվ Հովհաննես Թահմազյանի անցկացվեց ընկերական հանդիպում, որին մասնակցեցին 90-ականների «Շիրակի» եւ Գյումրիի ներկայիս թիմի ֆուտբոլիստները: Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ 

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հովհաննես Թահմազյանի հետ:

Հովհաննես, շնորհավորում եմ քեզ, քանի որ քո պատվին է անցկացվում նման հանդիպում:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հիշում ու գնահատում են ինձ: «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի նախաձեռնությունն էր, ու ես կրկնակի ուրախ եմ, որ առիթ ստեղծվեց հանդիպել իմ ընկերներին, որոնց կյանքը տարբեր տեղեր է ուղարկել: Արթուր Պետրոսյանը ժամանել էր Շվեյցարիայից, Կոլյա Եփրանոսյանը Սանկտ Պետերբուրգից, Արտակ Ադամյանը Ֆրանսիայից, մյուսներն էլ իրենց աշխատանքը թողել եկել էին խաղին մասնակցելու համար: Սա է իմ անցած ճանապարհի գնահատականը: Ես ուրախ եմ, որ ինձ հիշում են եւ շնորհակալ եմ դրա համար:

Իսկ ի՞նչ է եղել քեզ համար ֆուտբոլը եւ ի՞նչ է այն հիմա:

Դժվար է պատասխանելը: Կարող եմ ասել մեկ բան, ես ինձ, ինչ հիշում եմ՝ ֆուտբոլի հետ եմ կապված: Ֆուտբոլը փաստորեն իմ կյանքն է եղել եւ այդպես էլ շարունակվում է, քանի որ հիմա էլ աշխատում եմ իմ հարազատ «Շիրակում»: Ես 25 տարի ֆուտբոլ եմ խաղացել, եւ սա իմ գլխավոր ձեռքբերումներից մեկն է:

Կա՞ մի հանդիպում քո մարզական կարիերայում, որը կցանկանայիր առանձնացնել:

Այդպիսի խաղեր շատ են եղել: Եղել են հաղթական հանդիպումներ, որոնցից հետո պարզապես ամբողջ թիմով ու քաղաքով ցնծացել ենք, եղել են նաեւ դառը պարտություններ: Առանձնացնել դժվարանում եմ: Ես բոլոր հանդիպումներում էլ խաղադաշտ եմ դուրս եկել իմ թիմին օգտակար լինելու նպատակով ու ընդ որում, նույն մոտեցմամբ հանդես եմ եկել թե «Շիրակի», եւ թե «Միկայի» կազմում:

Ապրիլի 29-ին «Շիրակը» նվաճեց Հայաստանի գավաթը։ Ի՞նչ տպավորություներ ունես։ Ի՞նչ էիր զգում։

Ասեմ, որ շատ դժվար է փոխարինողների նստարանից հետեւել խաղին: Բայց անսահման ուրախություն էր ինձ համար, երբ մրցավարի եզրափակիչ սուլիչը արձանագրեց «Շիրակի» հաղթանակը: Այս թիմի կազմում ես բազմաթիվ մրցանակներ եմ նվաճել, երեք անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն: Գավաթն էլ երկու անգամ բարձրացրել եմ` հանդես գալով «Միկայի» կազմում: «Շիրակի» կազմում չորս անգամ խաղացել եմ եզրափակիչներում, սակայն հաղթանակը եկավ հիմա: Սա իմ մարզչական առաջին պարգեւն է, որը նույնպես պակաս թանկարժեք չէ ինձ համար: Ուրախ եմ մեր ֆուտբոլիստների համար, մեր քաղաքի ժողովրդի համար: Եզրափակիչի ժամանակ ես մտովի հիշեցի 90-ականների «Շիրակը», որի հանդիպումները նույնպես անցնում էին լեփ-լեցուն տրիբունաների պայմաններում: Ստադիոնը հիմա հիանալի վիճակում է, թիմը հաղթեց գավաթի խաղարկությունում,ժողովուրդն էլ կարոտ էր նման հաղթանակների: Սա նոր խթան է Շիրակի մարզում ու, մասնավորապես, Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարում՝ «Շիրակ», 1999թ.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով