21:35  ,  1 մայիսի, 2012

Արուր Պետրոսյան. Աշխարհի առաջնության ընտրական փուլում բոլոր թիմերն էլ հաշվի են նստելու Հայաստանի հավաքականի հետ

Ապրիլի  29-ին  Գյումրիում մեծ շուքով վերաբացվեց «Քաղաքային» ստադիոնը, եւ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Գյումրիի «Շիրակը», 1:0 հաշվով հաղթելով Դիլիջանի «Իմպուլսին», առաջին անգամ նվաճեց գավաթը: Հանդիպմանը հետեւելու համար Գյումրի էին ժամանել շատ ճանաչված մարդիկ, հայտնի ֆուտբոլիստներ եւ մասնագետներ: Տրիբունայից խաղին հետեւում էր նաեւ «Շիրակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը, ով 69 անգամ ներկայացրել է ազգային հավաքականը եւ այս պահին էլ հանդիսանում է առաջին թիմի լավագույն ռմբարկուն խփած 11 գնդակներով: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արթուր Պետրոսյանի  հետ:

Արթուր, դու երեք անգամ (1992, 1994, 1999) հանդես ես եկել գավաթի խաղարկության եզրափակիչներում։ Ի՞նչ տարբերություն կար այս անգամ:

Նախ՝ տարբերությունը այն էր, որ եզրափակիչը Գյումրիում էր (ծիծաղում է), բացի այդ էլ «Շիրակը» հաղթեց, ինչը շատ ուրախալի է:

Դու արդեն երկար ժամանակ է աշխատում ես Շվեյցարիայում: Հայրենիք այցիդ նպատակը գավաթի եզրափակի՞չն էր:

Եվ եզրափակիչը, եւ Հովհաննես Թահմազյանի հրաժեշտի խաղը:

Ի՞նչ տպավորություն ստացար եզրափակիչից:

«Շիրակի» հաղթանակը մեծ ուրախություն էր ոչ միայն ինձ համար: Գյումրիում մեծ ոգեւորություն էր տիրում, մարզադաշտի բացումն էր, լեփ-լեցուն տրիբունաներ: Ընդ որում, շատ մարդիկ էլ չկարողացան հետեւել խաղին տրիբունաներից: Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Գյումրիում ֆուտբոլ սիրում են, եւ «Շիրակի» հրաշալի խաղով եզրափակիչում Գյումրին ուրախացավ ի սրտե ու լիարժեք: Քսան տարի Գյումրին սպասել էր այս մրցանակին եւ այս ոգեւորությանն ու ուրախությանը գյումրեցիները արժանի էին: Նորից մեծ ցանկություններով ու ուրախությամբ կլցվի ստադիոնը «Շիրակի» հաջորդ խաղերում, իսկ ի՞նչ կա դրանից առավել կարեւոր ֆուտբոլում: Ֆուտբոլը պետք է ընթանա լեփ-լեցուն տրիբունաների պայմաններում եւ դա յուրահատուկ գեղեցկություն կհաղորդի յուրաքանչյուր խաղին: Ես շատ ուրախ եմ թիմի տղաների համար, կարծես ես էլ էի խաղադաշտում ու մասնակիցը այս շատ կարեւոր հաղթանակի:


Արթուր, Շվեյցարիայում ու, մասնավորապես, «Ցյուրիխ» ակումբում, որտեղ աշխատում ես դու, մարզվում է որդիդ` Կարենը: Մենք ե՞րբ կտեսնենք Կարեն Պետրոսյանի խաղը:

Տա Աստված` շուտով: Կարենը մարզվում է մինչեւ 14 տարեկան ֆուտբոլիստների թիմում, կիսապաշտպան է, երբեմն հանդես է գալիս պաշտպանությունում: Չեմ ուզում առաջ գնալ: Ժամանակ է հարկավոր խաղային որակները զարգացնելու ու բարելավելու համար: Տեսնենք, թե ինչ կստացվի: Համենայնդեպս, սիրում ու զբաղվում է ֆուտբոլով: Նշեմ, որ ֆուտբոլով զբաղվում է նաեւ կրտսեր որդիս, բացի այդ Ֆրանսիայում` Թուլոնում, մարզվում են կրտսեր եղբորս` Համլետ Պետրոսյանի երկու որդիները:

Իսկ քո գործերը «Ցյուրիխում» ինչպե՞ս են:

Ամեն ինչ նորմալ է: Շարունակում եմ մարզել մինչեւ 18 տարեկան ֆուտբոլիստների թիմը, առանձին մարզում եմ նաեւ 16-21 տարեկան հարձակվողներին: Ունեմ մարզչական A որակավորում:

Հայաստան գալու ու թիմ մարզելու մասին մտածո՞ւմ ես:

Ժամանակի հարց է: Չեմ բացառում նաեւ այդ տարբերակը: Ամեն ինչ էլ հնարավոր է: Հետեւում եմ Հայաստանի ազգային հավաքականի խաղերին ու շատ ուրախ եմ, որ ունենք նման հավաքական, որը դավանում է գեղեցիկ կոմբինացիոն ու հարձակողական ոճը: Հավատացած եմ, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում բոլոր թիմերն էլ հաշվի են նստելու Հայաստանի հավաքականի հետ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով