19:10  ,  7 նոյեմբերի, 2013

Էնրիկո Ֆաբրո. Իմ ներկայացուցիչը բանակցում է ՀՖՖ-ի հետ

Կցանկանայի Հայաստանի հավաքականը մարզել Եվրո-2016-ի ընտրական փուլում, ինչպես նաեւ աշխարհի 2018թ. առաջնությունում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց իտալացի մասնագետ Էնրիկո Ֆաբրոն, ով դարձել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկը: Օրերս իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ 54-ամյա Ֆաբրոն կարող է փոխարինել Վարդան Մինասյանին:

«Իմ շահերը ներկայացնող գործակալության ներկայացուցիչն այս պահին բանակցում է հայկական կողմի հետ: Բայց պաշտոնական ոչինչ դեռ չկա: Բանակցություններն ընթանում են իմ գործակալի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ, իսկ ես չեմ միջամտում: Կցանկանայի Հայաստանի հավաքականը մարզել Եվրո-2016-ի ընտրական փուլում, ինչպես նաեւ աշխարհի 2018թ. առաջնությունում:

Իտալիա - Հայաստան խաղում տեսա մի քանի շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստների, հատկապես՝ Հենրիխ Մխիթարյանին, ում հետ կարելի է աշխատել: Դա կլինի լավ սկիզբ»,- զրույցում ասաց Էնրիկո Ֆաբրոն:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ Էնրիկո Ֆաբրոյի շահերը ներկայացնող Յանի Դիմիտրովի հետ:

«Այս պահին մենք բանակցում ենք հայկական կողմի հետ: Բանակցությունները լավ են ընթանում, բայց ամեն բան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձեռքում է: Հավաքականի մարզիչի մյուս հավակնորդների մասին ոչինչ չգիտեմ: Գիտեմ այնքան, որքան կարող եմ կարդալ ինտերնետում: Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- նշեց Դիմիտրովը:

Մարչական կարիերայի ընթացքում Էնրիկո Ֆաբրոն աշխատել է Հռոմի «Լացիոյի» համակարգում, գլխավորել է իտալական «Ասկոլին», ալժիրյան «Մուլուդիյան» ու «Կաբիլիյան»: «Մուլուդիյայի» հետ իտալացի մասնագետը դարձել է Ալժիրի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: Նա ունի ՈւԵՖԱ-ի Pro կարգի արտոնագիր:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի հավակնորդների թվում է նաեւ ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգե Հաջին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում