08:48  ,  24 ապրիլի, 2012

Անկանխատեսելի առաջնության անկանխատեսելի մեկնարկը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում դեռեւս անցել է հինգ տուր, եւ կայացել են չորս տուրերի հանդիպումները (առաջին տուրը հետաձգվել է ամբողջությամբ), բայց արդեն կան անակնկալներ, որոնք, մեղմ ասած, անսպասելի են: Առաջնության մեկնարկից առաջ պարզ էր, որ ամենափորձառու ֆուտբոլիստներով կազմ ունի գործող չեմպիոն «Ուլիսը»: Հետեւաբար սպասելի էր, որ թիմն իր տիտղոսը պահպանելու վատ հնարավորություններ չունի: Բայց «Ուլիսի» արդյունքները մեկնարկում իրոք անսպասելի էին: Թիմը չորս խաղերում վաստակել է ընդամենը մեկ միավոր: Խաղային  ճգնաժամ առաջնության մեկնարկո՞ւմ: Միգուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ ուլիսցիների համար հոգեբանական խնդիրն է առկա, ու թիմը, անհաջողության մատնվելուց հետո, չի կարողանում վստահություն ձեռք բերել: Մեկ բան համենայնդեպս տեսանելի է թիմի խաղերում: «Ուլիսը» բազմաթիվ սխալներ է թույլ տալիս, մասնավորապես, պաշտպանությունում, եւ դրա մասին են վկայում թիմի դարպասին նշանակված 11 մետրանոց չորս հարվածները, ընդ որում` պարտված բոլոր խաղերում մրցակցի հենց 11 մետրանոց նշակետից կատարված հարվածներն են վճռել խաղի ելքը: Իհարկե, սա առաջնության մեկնարկն է, եւ դեռ վաղ է «Ուլիսին» չեմպիոնական մրցավազքից դուրս թողնել, եւ թիմը, ամենայն հավանականությամբ, կվերլուծի իր պարտությունների իրական պատճառները: Ժամանակը ցույց կտա:

Նույնը պետք է ասել նաեւ «Միկայի» մասին: Թիմը աղյուսակում զբաղեցնում է ուղիղ հակադարձ դիրքը` «Ուլիսի» համեմատ ցույց տալով ռեկորդային արդյունք իր պատմության ընթացքում: Չորս հաղթանակ, չորս հանդիպումներում այն բանից հետո, երբ «Միկան» առաջնության մեկնարկից առաջ մի ամբողջ կազմ կորցրեց: Բայց փաստը մնում է փաստ: Ժոլտ Հոռնյակի երիտասարդացված թիմը հաղթանակներ է տանում մեկը մյուսի հետեւից: Բայց կկարողանա՞ «Միկան» պահպանել նույն տեմպը: Նման դեպքերում փորձը շատ կարեւոր դեր է կատարում, իսկ թիմի հիմնական կորիզը կազմում են երիտասարդները: Հիմա շատ մեծ դերակատարում կարող են ունենալ թիմի առաջատարները:

Առաջնության այս հատվածը հաջող են անցկացնում «Իմպուլսն» ու «Գանձասարը»: Դիլիջանի թիմը մեկնարկում ցավալի պարտությունից հետո երեք անընդմեջ հաղթանակ է տարել: Հարկ է նշել, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը գործով է ապացուցում իր վարպետությունը: Խաղացողների համագործակցությունն ու մարզչի ձեռագիրն արդեն երեւում են «Իմպուլսի» գործողություններում, եւ այս առաջնությունում թիմը ունակ է հասնել նոր հաջողությունների: Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա մարզիչ Աբրահամ Խաշմանյանը առաջնության մեկնարկից առաջ նշեց, որ այժմ «Գանձասարն» ավելի ուժեղ թիմ է, քան անցյալ տարի: Չհամաձայնելու փոխարեն  փաստենք արդյունքը: Թիմը առաջատարների շարքում է ու աչքի է ընկնում ամուր պաշտպանությամբ` չորս խաղերում բաց թողնելով  ընդամենը մեկ գնդակ: Ճիշտ է, միաժամանակ «Գանձասարը» չի փայլում առջեւի գծում` խփելով չորս գնդակ:

«Շիրակը» մեկնարկային երկու հաղթանակներից հետո ծանրագույն հանդիպում անցկացրեց գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատախան խաղում, որում գյումրեցիները էմոցիոնալ սթրես տարան մինչեւ հնչեց եզրափակիչ սուլիչը, որը ազդարարեց «Շիրակի» հաղթանակը: Պարզ է, որ եզրափակիչում հաղթանակը «Շիրակին» հնարավորություն կտա Եվրոպայի լիգայում հանդես գալ եւ հիմա ամենայն հավանականությամբ գյումրեցիների ուշքն ու միտքը եզրափակիչն է, որը կայանալու է Գյումրիում: Բայց Վարդան Բիչախչյանի թիմը չպետք է մոռանա անցյալ տարվա պատմությունը, երբ եզրափակիչում պարտվելուց հետո «Շիրակը» երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել խաղային ու հոգեբանական ճգնաժամը:

Աղյուսակում հավասար արդյունքով հարեւանությամբ ընթանում են «Բանանցն» ու «Փյունիկը»: Ռաֆայել Նազարյանի թիմն առայժմ կայուն խաղ չի կարողանում ցուցադրել ու այդ պատճառով միավորներ է կորցնում, «Փյունիկն» էլ, հանդիպումների ընթացքում ստեղծելով գոլային պահեր, չի կարողանում օգտագործել դրանք: Բայց մեկ բան պարզ է, որ այս երկու թիմերն էլ իրենց խոսքը դեռ ասելու են առաջնությունում, քանի որ արդեն նրանց մասնակցությամբ խաղերի ընթացքում նկատելի են եղել տակտիկական մտահաղացումները, արագ ֆուտբոլը եւ խաղի միտքը:

«Արարատը» առայժմ առաջնության «անհայտությունն» է: Պարզ է, որ թիմը երիտասարդներով է համալրված,  մյուս թիմերի համեմատ նախապատրաստական լավ շրջան չի անցել, բայց հաղթանակը «Ուլիսի» նկատմամբ նշանակում է, որ «Արարատի» հետ խաղերում մրցակցի թերագնահատումը թանկ կարող է արժենալ:

Ստացվում է, որ առաջնությունը նոր է մեկնարկել, բայց անկախատեսելի հանդիպումները արդեն շատ են: Մրցաշրջանի մեկնարկը մեզ հետագայում նոր ինտրիգներ է խոստանում: Մրցակցությունը ակնհայտ է, դրա համար էլ առաջնությունը էլ ավելի հետաքրքիր է դառնում:

Խաչիկ Չախոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով