15:16  ,  23 հոկտեմբերի, 2013

Ալեքսանդր Բերեզովսկի. Հայաստանում հեծանվասպորտն ունի ֆինանսական մեծ խնդիրներ

Հեծանվասպորտի զարգացման նախադրյալներից են  հայ հեծանվորդներին ապահովել գույքով, մարզահագուստով, մեխանիզմներով, սակայն այդ ամենի համար մենք բավարար գումար չունենք:

Այդ մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:

«Չորս տարի է գլխավորում եմ Հայաստանի  հեծանվասպորտի ֆեդերացիան:

Նախագահելուս առաջին օրերից  փորձում էինք բարելավել կապերը միջազգային ֆեդերացիաների հետ: Հեծանվասպորտի զարգացման  նախադրյալներից են  հայ հեծանվորդներին գույքով, մարզահագուստով, մեխանիզմներով ապահովելը, սակայն այդ ամենի համար մենք բավարար գումար չունենք:

Այս տարիների ընթացքում նկատել եմ, որ հետաքրքրությունը հեծանվասպորտի նկատմամբ  գնալով մեծանում է:

Հատկապես նոր հեծանվահրապարակի կառուցումից, հետո, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին եւ շատ որակով է: Սակայն դրա հետ մեկտեղ, մենք, գործնականում, չենք կարողանում տեղավորվել մեր ֆեդերացիային հատկացված 10 միլիոն դրամ բյուջեի մեջ: Մի օրինակ բերեմ, երեւի ամեն ինչ պարզ կլինի: Հարեւան Վրաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի բյուջեն կազմում է 408 հազար եվրո, սակայն այդքանով  հանդերձ նրանք դիմել են կառավարություն, որպեսզի նրանց բյուջեն հասցնեն 1 միլիոն 200 հազար եվրոյի», -ասաց նա:

Հեծանվասպորտի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի եւ հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը խոսեց Հայաստանի հեծանվասպորտի եւ մասնագիտացված դպրոցների վերջին ձեռքբերումներից:

«Մեր մարզաձեւը գնալով զարգանում է: Հեծանիվով հետաքրքրվողների քանակը` նույնպես: Եթե դուրս գաք քաղաք, կտեսնեք` որքան են շատացել հեծանիվներով մարդկանց քանակը:

Նոր հեծանվահրապարակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

Առիթից օգտվելով` շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին, Երեւանի քաղաքապետին, նրանց աջակցության համար:

Նրանց ջանքերով հեծանվահրապարակի դիմաց կառուցեց  վերգետնյա անցում, որը խթանեց պատանիների` պարապմունքներին գալը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  60 հեծանիվ է նվիրել մարզադպրոցի սաներին եւ խոստացել, որ նման նվիրատվություն էլի կլինի: Սա իհարկե շատ ողջունելի է, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ գույքը շատ քիչ է», -ասաց նա:

Հայաստանի հեծանվային սպորտի ազգային տեխնիկական կենտրոնի եւ հեծանվային սպորտի մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը խոսեց հայ հեծանվորդների վերջին ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ արծարծեց Հայաստանի հեծանվասպորտի խնդիրները:

«Իրոք պահը հասունացել է, որ ուշադրություն դարձվի հեծանվասպորտին: Բնակչության մեծամասնությունը սկսել է հետաքրքրվել հեծանվասպորտով: Մեր ֆեդերացիան ունի երկու մարզադպրոց, որոնց վիճակը անբավարար է, գույքի ձեռքբերման հետ մեծ խնդիրներ կան:

Պետք չէ կենտրոնանալ միայն Երեւանի մարզադպրոցների վրա, քանի որ, եթե մենք խոսում ենք հեծանվասպորտի զարգացման մասին, ապա դա վերաբերում է երկրի ամբողջ տարածքին:

Մարզադպրոցներ ունենք Վանաձորում, Աբովյանում եւ Մասիսում: Մոտ օրերս կվերականգնենք Գյումրիի մասնաճյուղը:

Պահանջարկը մեծ է, սակայն հնարավորությնունները քիչ են: Մեր հրատապ խնդիրը մարզագույք ձեռք բերելն է: Այս չեղած պայմաններով, մեր հեծանվորդների ցուցադրած արդյունքները գոհացնում են;

Վերջին հինգ տարիներին միջազգային ասպարեզում  մեր մարզիկները ձեռք են բերել 47 մեդալ, որից 7 ոսկե:

Մեր ֆեդերացիայի բյուջեն այնքան քիչ է, որ մենք չենք կարողանում ամբողջ թիմով ներկայանալ որեւէ միջազգային մրցաշարի:

Նոյեմբերից  սկսվում են  օլիմպիական վարկանիշ  ձեռք բերելու  մրցաշրջանները:  Պետք է մասնակցել աշխարհի գավաթի խաղարկության չորս մրցաշարերի: Բայց մեր բյուջեն արդեն վերջացել է, մենք չենք կարող մասնակցել մրցումներին, ուստի օլիմպիական վարկանիշների մասին խոսելն անիմաստ է:

Դիմել ենք տարբեր ատյանների, տարբեր կազմակերպություններ, որոշ մարդիկ աջացել են, սակայն այս մարզաձեւը պետական աջակցության կարիք ունի»,- ասաց Սոլոյանը:

Հարցին, թե ինչ եղավ հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանի  հարցը, ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չէր տրամադրել վիզա եւ նա զրկվել էր աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց եւ մրցանակային տեղ զբաղեցնելու դեպքում ԲԿՄԱ-ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) ծառայելուց, Սոլոյանը պատասխանեց:

«Հովհաննես Հովհաննիսյանը դեռ երկու տարի ժամանակ ունի, քանի որ ուսանող է, զինծառայության մեկնելու ժամկետը հետաձգվել է երկու տարով: Այժմ նա մեծահասակների խմբում է, պետք է հնարավոր ամեն ինչ անի, որ կարողանա հասնել այդ արդյունքին:

Ես չեմ ցանկանում վիրավորել մյուս ֆեդերացիաներին, սակայն իմ կարծիքով սխալ է նման մոտեցումը բոլոր սպորտաձեւերին: Եթե մենամարտային ձեւում մարզիկի համար որոշ չափով հեշտ է մրցանակային տեղ զբաղեցնել` միջազգային մրցաշարերում, ապա մեր դեպքում, երբ մեկնարկի են դուրս գալիս միանգամից 207 մարզիկներ` 70 առաջատար երկրներից, գրեթե անհավանական է: Տեսնենք, թե Հովհաննեսը ինչ կկարողանա անել»:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում