09:30  ,  23 սեպտեմբերի, 2013

Կոնստանտին Գենիչը՝ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղի մասին

Արաս Օզբիլիսը խփեց շատ կարեւոր գնդակ, որը «Սպարտակին» օգնեց խաղալ ավելի համարձակ եւ վստահ: Յուրա Մովսիսյանը նույնպես կատարեց մեծ ծավալի աշխատանք՝ պայքարելով բավական շատ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը, ով մեկնաբանում էր «Սպարտակ» – ԲԿՄԱ (3:0) ռուսական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումը:

Մոսկովյան դերբիում «Սպարտակը» տարավ շատ կարեւոր եւ սկզբունքային հաղթանակ: Ինչպե՞ս կգնահատեք Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղը:

Չէի ցանկանա առանձնացնել ոչ ոքի: «Սպարտակը» շատ լավ խաղաց: Արասը խփեց շատ կարեւոր գնդակ, որն օգնեց թիմին խաղալ ավելի համարձակ եւ վստահ: Մովսիսյանը նույնպես կատարեց մեծ ծավալի աշխատանք՝ պայքարելով բավական շատ: Յուրան գոլի հեղինակ չդարձավ, բայց անընդհատ լարվածության մեջ էր պահում ԲԿՄԱ-ի պաշտպանությունը. դա էլ պետք է անի բարձրակարգ հարձակվողը:

Ձեր գործընկերներից մեկը մի քանի անգամ ուղիղ եթերում թերահավատորեն է արտահայտվել Օզբիլիսի՝ «Սպարտակ» տեղափոխության վերաբերյալ: Նրա կարծիքով՝ Արասը չի հասնում «Սպարտակի» մակարդակին: Ի՞նչ եք կարծում, Օզբիլիսն արդեն հարմարվե՞լ է թիմին:

Բնականաբար, երբ ֆուտբոլիստը փոխում է թիմը, հատկապես, եթե շրջանների ակումբից տեղափոխվում են «Սպարտակ», երկար ժամանակ է անհրաժեշտ թիմին, ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ ճնշմանը հարմարվելու համար: «Սպարտակում» հանդես գալը մեծ պատիվ եւ կարգ է, այդ պատճառով Օզբիլիսի համար սկզբում գուցե այնքան էլ հեշտ չլինի: «Կուբանում» Արասը թիմի առաջատարներից էր, իսկ «Սպարտակում» նա շատ բան պետք է ապացուցի՝ սկսելով զրոյից: Ես հիմա էլ չէի շտապի եզրակացություններ անել եւ գնահատակններ տալ: Այժմ նա որոշ դրվագներում կարողանում է ցուցադրել այն խաղը, որը խաղում էր «Կուբանում»: Բայց վաղ է ասել, թե «Սպարտակը» նրա համար լիովին դարձել է հարազատ թիմ:

Կարելի՞ է ասել, որ այս հաղթանակը չեմպիոնական հավակնության լուրջ հայտ էր:

Չեմ կարծում, որ 9-րդ տուրից հետո արժե խոսել չեմպիոնության հավակնությունների մասին: «Սպարտակը» միավորներով հավասարվեց  առաջատար ԲԿՄԱ-ին: «Սպարտակի» համար ավելի հեշտ կլինի, քանի որ թիմը չի մասնկացում եվրագավաթներին: Եթե դա տեղի ունենար 23-24-րդ տուրերում, ապա կարելի կլիներ լրջորեն խոսել այս թեմայով, իսկ այժմ ճանապարհի մեծ մասը դեռ առջեւում է: Դրա համար էլ կանխատեսումներ անելն անիմաստ է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով