18:30  ,  20 սեպտեմբերի, 2013

Կիրիլ Դեմենտեւ. Հենրիխ Մխիթարյանը շատ թույլ խաղաց, ես կողմնապահ չեմ եղել

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դանդաղ էր, տեխնիկական խոտանը շատ էր։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ плюс» hեռուստաընկերության մեկնաբան Կիրիլ Դեմենտեւը:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի՝ «Նապոլի» - «Բորուսիա» (2։1) խաղից հետո հայ ֆուտբոլասերների մեծ մասը դժգոհում էին Ձեր մեկնաբանությունից: Շատերի կարծիքով Դուք շատ էիք փնովում Հենրիխ Մխիթարյանին: Անգամ, երբ սխալվում էր Շահինը, Դուք նրան շփոթում էիք Մխիթարյանի հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ես հասկանում եմ հայ երկրպագուների արձագանքը, բայց Հենրիխ Մխիթարյանն իսկապես շատ թույլ խաղաց: Նա շատ դանդաղ էր խաղում, տեխնիկական անորակությունը շատ էր: Երկրորդ գոլը ծնվեց հենց նրա սխալից հետո, երբ «Նապոլին» տուգանային վաստակեց: Ոչ մի կողմնապահություն չկար իմ կողմից: Ես պարզապես մեկնաբանում էի այն, ինչ կատարվում էր խաղադաշտում:

Կհամեմատե՞ք Մխիթարյանի ելույթները Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում:

Նրա մոտ դեռ ոչ այնքան համաչափ խաղ է: Դա բնական է, քանի որ նոր թիմ է նրա համար եւ նոր առաջնություն: Վերջին երկու հանդիպումները Գերմանիայում նա անցկացրեց շատ վառ, բայց պետք է ասել, որ «Բորուսիայի» բախտը բերել է օրացույցի հետ: Նրանք դեռ «Նապոլիի» կարգի մրակից չէին ունեցել, դրա համար էլ տարբերությունն այդքան մեծ էր:

«Բորուսիան» պարտությունը սկսվեց Կլոպի, Վայդենֆելերի հեռացումից հետո՞, թե՞ հենց սկզբից թիմի խաղը չէր ստացվում:

Որոշիչ եղավ Հումելսի վնասվածքը: Դրա պատճառով ստիպված եղան վերադասավորել խաղը: Պահեստայինների նստարանին չկար կենտրոնական պաշտպան: Բենդերին բերեցին պաշտպանություն, Մխիթարյանին հետ բերեցին: Հենց այդ պահին «Նապոլին» անկացրեց իր գրոհը, որն ավարտվեց Վայդենֆելերի հեռացմամբ: Պարզ է, որ եթե այդ վնասվածքը չլիներ, այդ ամենը չէր լինի, քանի որ թիմը կպահեր իր մարտական ոգին: Այդ դեպքում երկրորդ խաղակեսն էլ այլ կերպ կարող էր ընթանալ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով