00:40  ,  19 սեպտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց Նեապոլում

Դորտմունդի «Բորուսիան» անհաջող մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2013/2014 մրցաշարում: Խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի փոխչեմպիոնն արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց իտալական «Նապոլիին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն այնքան էլ հաջող խաղ չանցկացրեց: Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ում խփած գոլից հետո մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց նաեւ Դորտմունդի թիմի դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերը, ով ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակից դուրս: Ընդմիջմանը «Բորուսիայի» կազմում կատարվեցին տակտիկական փոփոխություններ, որոնց արդյունքում Մխիթարյանը ենթահարձակվողի դիրքից տեղափոխվեց հենակետային կիսապաշտպանի գոտի:

10 հոգով մնացած «Բորուսիան» երկրորդ խաղակեսում փորձում էր փրկել լարված պայքարում անցած խաղը, սակայն հանդիպման երկրորդ գնդակը նույնպես հայտնվեց հյուրերի դարպասում: 67-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն կրկնապատկեց «Նապոլիի» առավելությունը, իսկ 76-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց: Ավելացված ժամանակում «Նապոլիի» կոլումբացի պաշտպան Խուան Սունիգան դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն այդ գոլը ոչնչով չօգնեց «Բորուսիային»:

F խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» Ֆրանսիայում 2:1 հաշվով հաղթեց «Մարսելին»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) – «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 2:1

Գոնսալո Իգուաին, 29, Լորենցո Ինսինյե, 67 – Խուան Սունիգա, 90 (ինքնագոլ)

Հեռացում՝ Ռոման Վայդենֆեյլեր, 45+1 («Բորուսիա»)

«Մարսել» (Ֆրանսիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2

Ջորդան Այու, 90 (11մ.) – Թեո Ուոլքոտ, 65, Աարոն Ռեմզի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում