17:20  ,  24 օգոստոսի, 2013

Միխայիլ Մելնիկով. Այնպիսի տպավորություն է, կարծես Մխիթարյանը մի քանի տարի խաղում է «Բորուսիայում»

«Մխիթարյանը հիանալի է հասկանում ակումբակիցներին: «Վերդերի» դեմ խաղում այնպիսի փոխհամաձայնություն կար նրա եւ թիմակիցների միջեւ, որ տպավորություն ստեղծվեց, թե Հենրիխը «Բորուսիայում» խաղում է ոչ թե երկու խաղ, այլ մի քանի տարի»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ Плюс» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Միխայիլ Մելնիկովը, ով մեկնաբանել է օգոստոսի 23-ին կայացած «Բորուսիա» - «Վերդեր» (1:0) Բունդեսլիգայի երրորդ տուրի խաղը:

Պարոն Մելնիկով, Դուք մեկնաբանեցիք «Բորուսիա» - «Վերդեր» խաղը: Ի՞նչ տպավորություն թողեց Հենրիխ Մխիթարյանի խաղը:

Տպավորությունը շատ լավն է: Լավ կլիներ, որ նա գոլ խփեր, բայց առանց դրա էլ ամեն ինչ նորմալ է: Նա խաղում է Գյոտցեի դիրքում: Նրանից պահանջվում է չդանդաղեցնել հարձակումը: Ի տարբերություն շատ այլ հայ ֆուտբոլիստների, Հենրիխը գնդակը երկար չի պահում իր մոտ: Ինչպես երեւում է, նրա ֆուտբոլային դաստիարակությունն այնքան էլ հայկական չէ: Մխիթարյանն ունի լավ արագություն, միշտ փորձում է խաղալ մեկ հպումով փոխանցումներով, երբ տեսնում է, որ խաղընկերները մոտ են: Եթե հաշվի առնենք, որ նա խաղում է վնասվածքից հետո, ապա նրա նորամուտը բավական հաջող էր: Մարզիչը դեռ նրան խնայում է եւ չի թողնում մասնակցի ամբողջ խաղին: Բայց արդեն հիմա Հենրիխը լիովին հարմարվել է թիմին եւ գնալով ավելի լավ կլինի:

Ինչո՞վ է Բունդեսլիգան տարբերվում այլ առաջնություններից: Որտե՞ղ պետք է ավելացնի Հենրիխը: Գուցե, պետք է շեշտը դնել ուժային գործողությունների վրա:

Բունդեսլիգան ուժային առաջնություն է, բայց ոչ այդքան: Օրինակ՝ երեկվա խաղում տուգանայիներն այնքան էլ շատ չէին: Հենրիխն ինքն էր ավելի շատ խախտում կանոնները: Նա չի վախենում պայքարից: Ես չգիտեմ, թե որքանով է նա պատրաստ այդ տեմպով խաղալ ամբողջ մրցաշրջանը. դա արդեն կորոշի մարզիչը: Բունդեսլիգան տարբերվում է ոչ թե իր ուժային կողմերով, այլ՝ արագությամբ, մտքի, փոխանցման, խաղի: Կարծում եմ՝ այդ հարցում Հենրիխը խնդիր չունի: Նա հիանալի հասկանում է իր թիմակիցներին: Երեկվա խաղում այնպիսի փոխհամաձայնություն կար նրա եւ թիմակիցների միջեւ, որ տպավորություն ստեղծվեց, թե Հենրիխը «Բորուսիայում» խաղում է ոչ թե երկու խաղ, այլ մի քանի տարի:

Վերջին տարիներին ամենաուժեղ առաջնություններն իսպանական Լա Լիգան եւ անգլիական Պրեմյեր լիգան են: Ի՞նչ եք կարծում, նախորդ տարվա տրիումֆից հետո Բունդեսլիգան կարո՞ղ է դառնալ ամենադիտարժանը:

Ես չեմ սիրում համեմատություններ անել: Ամեն մեկը սիրում է իր ֆուտբոլը: Ինձ դուր է գալիս գերմանականը: Այստեղ չեն լինում անհետաքրքիր խաղեր, ֆուտբոլիստներն ամբողջ ուժերը ներդնում են խաղադաշտում: Այդ պատճառով սա Հենրիխի հետագա զարգացման համար շատ լավ տարբերակ է:

Ամառային տրանսֆերներից հետո «Բորուսիայի» խաղը փոխվե՞լ է:

Ինձ թվում է, որ Յուրգեն Կլոպը հենց դա էլ ցանկանում է անել, որ թիմի խաղը չփոխվի: Թիմի վերջին ձեռքբերումները՝ Մխիթարյանն ու Օբամեյանգը, պետք է լրացնեն Գյոտցեի բացակայությունը: «Բորուսիան» նախկինում եւս կորցնում էր իր առաջատար ֆուտբոլիստներին: Ժամանակին գնաց Նուրի Շահինը, հետո՝ Կագավան, ով այդ պահին լավագույնն էր: Հիմա էլ հեռացավ Գյոտցեն: Ասել, որ դա կթուլացնի թիմի խաղը, սխալ է: Այլ հարց է, թե որքանով նոր խաղացողները կներգրավվեն թիմի խաղաոճին: Կարծում եմ՝ Մխիթարյանը հանգիստ կարող է խաղալ Գյոտցեի դիրքում:

Մյուս հայ ֆուտբոլիստների ելույթնեին հետեւո՞ւմ եք: Ռուսաստանի Պրեմյեր լիգայում շատ են հայ ֆուտբոլիստները:

Այստեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար անհատական է: Ռուսաստանում շատ ֆուտբոլիստների աճը կանգնում է փողի կամ ֆուտբոլի այլ մակարդակի պատճառով: Բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր աճում են եւ տեղափոխվում Անգլիա կամ Գերմանիա: Նույն Մովսիսյանը պետք է շարունակի աճել եւ չհամարի, որ սա իր կարիերայի գագաթնակետն է:

Դուք Թբիլիսիի «Դինամոյի» երկրպագու եք: Ունե՞ք հայկական ֆուտբոլի հետ կապված հիշողություններ: 70-ականներին «Արարատն» իր բարձրունքի վրա էր:

Իհարկե, «Դինամո» – «Արարատ» հանդիպումներն ամենակարեւորն էին հայ եւ վրացի երկրպագուների համար: Ես բազմիցս գնացել եմ՝ դիտելու այդ հանդիպումները: Շատ լավ ծանոթ եմ բազմաթիվ հայ ֆուտբոլիստների՝ նույն Խորեն Հովհաննիսյանի հետ: Դա իմ մանկությունն էր, սերը դեպի ֆուտբոլը, ինչի շնորհիվ էլ դարձա մարզական լրագրող: Իմ կողմից ջերմագույն բարեւներ «Արարատի» ֆուտբոլիստներին:

Հաճա՞խ եք լինում Հայաստանում: Եղե՞լ եք Լեռնային Ղարաբաղում: Միշտ գալիս եք հանգստանալու, թե աշխատելու նպատակով:

Ես այդտեղ ունեմ շատ ընկերներ: Իսկ Ղարաբաղում մի քանի տարի առաջ կազմակերպվել էր հաղթանակի տարեդարձին նվիրված ֆուտբոլային մրցաշար: «НТВ Плюс»-ի թիմը նույնպես հրավիրված էր: Սկսած նախագահից՝ մեզ այնտեղ շատ ջերմ ընդունեցին: Եթե չեմ սխալվում, գրավեցինք երկրորդ տեղը, իսկ առաջինը տանտերերն էին:

Ինչո՞ւ չունեք բլոգ, անգամ բջջային հեռախոսից չեք օգտվում:

Շատ հազվադեպ եմ օգտվում բջջայինից: Ես նախընտրում եմ անձամբ շփվել մարդկանց հետ: Չեմ ցանկանում շփվել միլիոնավոր մարդկանց հետ: Կարծիքս արտահայտում եմ ռեպորտաժներիս միջոցով:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով