00:26  ,  23 ապրիլի, 2013

Փոխե՞լ, թե՞ չփոխել Հայաստանի սպորտի նախարարին

Հայաստանը կառավարության նոր կազմի ձեւավորման փուլում է: Այժմ սպորտի նախարարի պաշտոնակատարը Հրաչյա Ռոստոմյանն է: Նա պաշտոնավարում է  2012 թվականի հուլիսի 16-ից:  

Որքանո՞վ են գոհ երիտասարդ նախարարի աշխատանքից, կցանկանայի՞ն կրկին նրան տեսնել այդ պաշտոնում, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակիցը հարցրել է ոլորտի ներկայացուցիչներին:

NEWS.am Sport-ին տված հարցազրույցում Հրաչյա Ռոստոմյանը, պատասխանելով թղթակցի հարցին, թե իրենից բացի, ում է տեսնում նախարարի պաշտոնում, ասել էր.

«Կան մի քանի երիտասարդներ, որոնց ես տեսնում եմ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում: Նրանք սպորտին, իրենց աշխատանքին շատ նվիրված են, ունեն մեծ կազմակերպչական ջիղ, միայն փորձն է պակասում»:

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյան:

Դժվար է ասել` ում եմ տեսնում նախարարի դերում: Դժվար է ասել, թե ով կարող է ղեկավարել սպորտի ոլորոտը բոլորից ավելի լավ: Շատ մարդու կտեսնեի, բայց այդ որոշելիքը ոչ իմն է, ոչ ձերը: Ինչքանով ճիշտ կլինի այժմ անուն նշել, թե ով ավելի լավ կղեկավարեր սպորտի նախարարի պաշտոնում: Օրինակ՝ ես տեսնում եմ Սիմոնյան Պողոսին. դա ոչինչ չի ասի եւ չի փոխի կառավարության որոշմումը: Միայն կարող եմ ասել, որ եւ ես, եւ սպորտային հասարակությունը կուզենան տեսնել մի մարդու, ով այդ ոլորտին ծանոթ կլինի, որպես անձ ընդունելի կլինի ժողովրդի կողմից եւ այդ գործը, առաջնահերթ, կկարողանա նորմալ անել: Այդպիսի մարդ եմ ցանկանում տեսնել նախարարի պաշտոնում: Թեկուզ թող երիտասարդ լինի, բայց պատշաճ լինի այդ պաշտոնին, կարողանա խնդիրներին լուծում տալ:

Երիտասարդ նախարարի աշխատանքից գոհ եմ, թե ոչ՝ չեմ ցանկանում պատասխանել, քանի որ սա հզոր հարց է: Գնահատականները պետք է տանք ըստ արդյունքների: Եթե արդյունքները մարդկանց գոհացնում է, ուրեմն իրենից չտեսնված նախարար չկա:

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյան

Թե ով պետք է լինի նախարարի պաշտոնում, իմ որոշելիքը չէ: Հրաչյա Ռոստոմյանը նոր նախարար է, նա դեռ շատ քիչ է պաշտոնավարել: Իմ կարծիքով, նախարարին հաճախակի փոխելը որեւէ լավ բանի չի հանգեցնի: Իսկ եթե փոխեն եւ նա չնշանակվի, չեմ կարող անուն ասել, թե ով կարող է լինել: Որեւէ մեկի անունը ոչ ուզում եմ տալ, ոչ էլ ինձ հետաքրքրում է` ով կլինի: Պետք է մի մարդ լինի, ով սպորտը առաջ կտանի պարոն Ծառուկյանի հետ: Նա պետք է կարողանա ճիշտ համագործակցել պարոն Ծառուկյանի հետ, որ նրա արած աշխատանքը ջուրը չընկնի: Բացի այդ, այնպիսի մարդ պետք է լինի, որ Գագիկ Ծառուկյանի համակրանքը վայելի, իսկ եթե չվայելի, աշխատանքը առաջ չի գնա:

Գործող նախարարի աշխատանքին գնահատական չեմ կարող տալ, քանի որ նա դեռեւս այդքան երկար չի աշխատել եւ հատուկ խնդիրներ չի լուծել, շենքեր չի կառուցել, ստադիոն, վազքի հրապարականեր չի կառուցել, որ ասեմ` լավ է աշխատել: Միայն կասեմ, որ նա, լինելով մարզիկ, այսքան ժամանակ հետեւողական է եղել, հասկանում է մարզիկի կյանքը, ցանկությունները: Կարծում եմ` նա էլ է ուզում ավելի լավ լինի, կամ եղածը պահպանի, որ դեպի վատը չգնա:

Ես կցանկանայի լինել նախարար, ինչու չէ… Ո՞ր մի զինվորը չի ցանկանում գեներալ դառնալ: Եթե ես լինեի սպորտի նախարար, ամեն ինչ կանեի, որ ավելի լավ լիներ: Կարծում եմ՝ կարող էի պաշտոնավարել, բայց այդ մասին չեմ մտածում եւ երբեք իմ` օլիմպիական չեմպիոնիս մասին հիշեցնել չեմ տա, որ ես կամ: Իմացողը գիտի: Որոշողը ես չեմ: Այժմ ինձ համար տանը հանգիստ նստած եմ եւ նման որոշումներում չեմ խառնվում: Եթե ես շատ ուզենայի սպորտի նախարար լինել, արդեն վաղուց եղել էի: Արդեն 35 տարի սպորտում եմ: Որեւէ մեկի դուռը չեմ ընկնի, որ ինձ այդ պաշտոնում նշանակի: Այսօր ինչ-որ կա, դրանից գոհ եմ:

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյան

Նախարարին նշանակում է կառավարությունը, մենք ինչ էլ ասենք, ում էլ գովերգենք կամ փնովենք, միեւնույն է, մեր կարծիքը կառավարության որոշման վրա ոչնչով չի ազդի: Մեր նախարարը մինչ օրս շատ լավ աշխատել է: Թե ինչպես կգնահատի նրա աշխատանքը կառավարությունը, դրա մասին ոչ ոքս չենք կարող ասել: Իմ գնահատականը Հրաչյա Ռոստոմյանի աշխատանքին մինչ օրս նորմալ է: Նա որքան աշխատել է որպես նախարար, նորմալ աշխատել է: Որեւէ բացթողում նրա աշխատանքում չեմ կարող նշել: Միայն կցանկանամ, որ վերանշանակվելու դեպքում ամեն ինչ լավ լինի: Եթե նույնիսկ մեկ ուրիշը նշանակվի, կուզեմ, որ ոլորտում բարեփոխումներ, բարելավումներ  լինեն: Մեր նախարարը մինչ օրս աշխատանքի ճիշտ ուղի էր ընտրել: Եթե վերանշանակվելու դեպքում շարունակի նույն աշխատելաոճով, ապա ամեն ինչ լավ կլինի սպորտում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյան

Ինձ համար բացարձակ մեկ է, թե ով կնշանակվի սպորտի նախարարի պաշտոնում: Բայց հոգուս խորքում ցանկություն ունեմ, որ ով էլ լինի սպորտի նախարար, մի քիչ թրծված մարդ լինի` արդեն տեսած, արած, փորձառու: Պատահական մարդ չղեկավարի մեր ոլորտը: Նոր նախարար է լինելու, թե հին նախարարն է մնալու՝ ղեկավար պաշտոնում աշխատած լինի:  Իսկ մնացածն ինձ համար միեւնույն է: Չլինի մի բիզնեսմեն, կամ  դերասան, կամ` կրթության եւ գիտության նախարարության աշխատող, կամ էլ չգիտեմ ինչ մանկավարժ՝ մենք էլ ընկնենք նրա ձեռքը կրակը: Այդպես եղավ Հրաչյա Ռոստոմյանից առաջ պաշտոնավարած նախարարի հետ: Նա այնքան էր ինձանից նեղացել, որ երեխայի նման չէր բարեւում ինձ: Նորմալ մարդ թող նշանակվի այդ պաշտոնում:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյան

Հրաչյա Ռոստոմյանի հետ համագործակցությունից մենք` մեր ֆեդերացիան եւ մարզիկները գոհ ենք: Չեմ կարող ասել, թե նա, լինելով ոլորտի ղեկավար, անտարբերության է մատնել մեր մարզաձեւը: Թե նրա փոխարեն ով կարող էր ավելի լավ ղեկավարել այս պաշտոնը՝ միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ երբեք չեմ մտածել` ով կարող էր լինել ավելի լավ նախարար:

Նախարարի պաշտոնի տարիքը եւ անձը ոչինչ չի որոշում: Կարեւորը կառավարության մոտեցումն է սպորտի ոլորտին: Ով էլ լինի նախարարի պաշտոնում, նրանով չի պայմանավորվելու ոլորտի առաջխաղացումը: Եթե կառավարության մոտեցումը եղավ բարեփոխումներով, համահունչ այսօրվա պահանջներին, ով էլ լինի այդ պաշտոնում, կկարողանա այդ ծրագրերը իրականացնել: Նախարար, ում էլ ուզում են նշանակեն, եթե կառավարությունը այսօր չունի հնարավորություն ծրագրեր իրականացնելու, այդ մարդը իր պաշտոնն օգտագործելով ոչ մի բան էլ չի կարող անել: Ես այս ոլորտի առաջխաղացումը եւ սպորտի զարգացումը միայն տեսնում եմ համակարգային փոփոխությամբ, նախարարը ինքն իրենով ոչինչ չի կարող անել: Իսկ համակարգային փոփոխությունը չի կարող կախված լինել անձից: Դա կառավարության որոշումն է, ինչպես եւ նախարարի նշանակումը:

Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյան

Գործող նախարարից ես որպես ֆեդերացիայի նախագահ եւ այս մարզաձեւի ներկայացուցիչ շատ գոհ եմ, քանի որ Հրաչյա Ռոստոմյանի օրոք մեր գումարն ավելացվեց: Ես նրա աշխատանքը կգնահատեմ բավարար: Այս նախարարը մեծ ուշադրություն է դարձնում մեր նման մարզաձեւերին, որոնք ոչ հենակետային են: Այսինքն` չի կենտրոնանում միայն հենակետային մարզաձեւերի վրա: Մեր մարզաձեւի մասին կասեմ, որ անցյալ տարի մեզ շատ աջակցեց նույն Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպվեցին սեմինարներ, մրցաշարերին  մասնակցելու հնարավորություն ունեցանք, որը տալիս էր անձամբ Հրաչյա Ռոստոմյանը:

Չեմ կարող ասել, մեկ ուրիշ ով կարող է լինել նախարարի պաշտոնում: Եթե ինձանից կարծիք հարցնեն, ես կնշեմ պարոն Ռոստոմյանին: Եթե համեմատեմ նախկին նախարարների հետ, ոչինչ չի արվել կոնկրետ մեր մարզաձեւում: Իսկ Հրաչյա Ռոստոմյանը հնարավորինս արեց:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյան

Ես որպես սպորտի նախարար միանշանակ տեսնում եմ Հրաչյա Ռոստոմյանին: Նրա աշխատանքը նախարարի պաշտոնում կգնահատեմ պրոֆեսիոնալ: Ճիշտ է, դժվար է այսօր որեւէ մեկին պրոֆեսիոնալ համարել, բայց շատ հարցերում նա պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում: Նա սպորտին նվիրված մարդ է: Եթե առաջիկա հինգ տարում սպորտը նա գլխավորի, վստահ եմ, որ մեծ առաջընթաց կունենանք, առավել եւս, որ պատրաստվում ենք 2016թ. Օլիմպիական խաղերին: Նրա պրոֆեսիոնալիզմը պետք է որ լավ առաջընթաց ապահովի թե ընդհանուր սպորտում, թե մեր մարզաձեւում:

Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյան

Այս նախարարից գոհ ենք մենք, քանի որ ինչ հարցով դիմել ենք, մեզ ընդառաջել է: Սպորտի նախարարը պետք է լինի սպորտի մարդ: Եթե եղավ սպորտի մարդ, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Ով էլ լինի, նրա հետ էլ կաշխատենք: Ուղղակի պարոն Ռոստոմյանի հետ հեշտ է աշխատելը: Նախկին նախարարների հետ համեմատելով, նա անհամեմատ ավելի լավ է ղեկավարում այդ նախարարությունը եւ ոլորտը: Ամեն դեպքում, սպորտում զարգացումներ նկատվում են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով