21:45  ,  8 ապրիլի, 2013

Դմիտրի Սելյուկ. Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը ճնշում է գործադրել Մխիթարյանի եւ Օզբիլիզի վրա

«Ես ունեմ իրական առաջարկներ Անգլիայից Հենրիխ Մխիթարյանի եւ Արաս Օզբիլիսի համար: Բայց նրանց չեն թողնում տեղափոխվել ոչ թե ակումբները, այլ՝ հենց Հայաստանից»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը:

«Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը ճնշում է գործադրել Հենրիխ Մխիթարյանի վրա, ինչպես նաեւ Արաս Օզբիլիզի վրա, որպեսզի նրանք չհամագործակցեն իմ հետ: Ես ունեմ իրական առաջարկներ Անգլիայից այս երկու ֆուտբոլիստների համար: Բայց նրանց չեն թողնում ոչ թե ակումբները, այլ՝ հենց Հայաստանից: Արդյո՞ք սա խթանում է հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Ես նրանց ասել եմ պայմանագրի գումարի մասին, որի հիման վրա նրանք կարող են սկսել բանակցությունները: Այս պահին թայմ-աութ է: Կա մի անգլիական աումբ, որի մասին Հենրիխը նույնպես գիտի: Որպեսզի Ռուբեն Հայրապետյանը հանգիստ լինի, կասեմ, որ ես անձամբ շփվում եմ ակումբների ղեկավարության  հետ, այլ՝ ոչ թե ֆուտբոլսիտների, քանի որ նրանց շատ են ճնշում եւ չեն թողնում ինձ հետ շփվել: Ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ ամեն բան նորմալ է: Ես գործը ավարտին կհասցնեմ: Այդ ակումբները եւ Ռինատ Ախմետովը շատ լավ են ինձ ճանաչում: Այդ պատճառով տվյալ պարագայում բանակցությունները ակումբների հետ են: Եթե լավ առաջարկ լինի, դա կլինի ձեռնտու Հենրիխին: Կա իրական առաջարկ եւ այդ թիմը ցանկանում է նրան ձեռք բերել: Ամեն բան կախված է «Շախտյորից»: Ես չեմ ասում չէ՞, որ Հենրիխով հետաքրքրվում է «Բարսելոնան» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: Չնայած ես այդ թիմերի հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ: Անգամ եթե ցանկանային, ես Հենրիխին խորհուրդ չէի տա գնալ այնտեղ: «Բարսելոնայում», այդ գոտում խաղացող մի քանի ֆուտբոլիստ նստած է պահեստայինների նստարանին: Ես գիտեմ, որ Հենրիխը երազում է տեղափոխվել Անգլիա: Նա կխաղա այնտեղ: Եթե ոչ հիմա, ապա մի օր հաստատ կխաղա:

Հայ ֆուտբոլիստներին ստիպում են աշխատել հայ գործակալ Վալերայի հետ: Բաց ես չգիտեմ, թե ուր նա կարող է նրանց տեղավորել: Պարզապես նա կարող է հանդես գալ հայկական կողմից: Հենրիխի հարցում ամեն բան կարելի է լուծել ակումբի միջոցով, իսկ Արասի դեպքում՝ ես ունեմ բոլոր փաստաթղթերը:

Հենրիխի համար պետք է ոչ միայն պարզապես թիմ գտնել, այլ՝ հարմար թիմ գտնել: Օրինակ՝ Մովսիսյանի դեպքը, երբ նա տեղափոխվեց «Սպարտակ»: Նա արդեն պահեստայինների նստարանին է: Վերջին երեք խաղում Յուրայի վարկանիշն ընկնում է: Նրան ավելի կսազեր խաղալ մի թիմում, որը խաղում է հակագրոհների վրա: Յուրային ազատ տարածություն է պետք: Իսկ «Սպարտակը» լրիվ այլ ակումբ է: Բայց ինչպես երեւում է այնտեղ ավելի շատ մտածում էին գումարների մասին, քան ֆուտբոլի:

Վերջին օրերին ինձ շատ մարդ է զանգում, ներկայանում որպես հայ ֆուտբոլիստների գործակալ: Անգամ ինչ-որ իռլանդացի գործակալ էր զանգել, առաջարկներ էր անում:  Իրականում, այդ մարդիկ ոչ մի ռեալ բան չեն կարող անել այդ ֆուտբոլիստների համար: Հայկական ֆուտբոլի խնդիրներից մեկն այն է, որ ամեն ֆուտբոլիստի ներկայացնում է հարյուր գործակալ: Բայց այդպես գործեր չեն անում:

«Կուբանի» մարզիչը «Սպարտակի» հետ խաղում խաղադաշտ դուրս հանեց Պոպովին, ով փոխարինվելուց հետո մեղմ ասած ոչ այդքան գեղեցիկ պահեց իրեն մարզչի հետ: Հիմնականում այդպիսի պահվածքից հետո ֆուտբոլիստներին այլեւս խաղադաշտ չեն մտցնում, բայց այս վերջին խաղում եղավ հակառակը, որովհետեւ Պոպովը «Կուբանի» մարզական տնօրեն Դորոնչենկոյի ֆուտբոլիստն է: Իսկ Պիզելին, ով խաղում է այդ դիրքում նստած է պահեստայինների նստարանին: «Կուբանում» խաղում են Կաբորեն, Կուլիկը, Պոպովը: Նրանք բոլորը հենակետայիններ են: Հարձակման գծում միայն Օզբիլիսն է վազում: Այդ երեքի փոխարեն Պիզելին կարող էր խաղար եւ օգներ Արասին: Բայց ոչ, նա պինդ նստած է պահեստայինների նստարանին: Իսկ երբ ցանկանում է հեռանալ թիմից, նրան ասում են «ոչ»: Մարկոսը 29 տարեկան է: Այսպես չի խաղա, իսկ մեկ տարի հետո ֆուտբոլային առումով նրան «կջնջեն»: Ինձ հետ նրան չեն թողնում շփվել: Իսկ ո՞ւր է «հայ Վալերան»: Թող ինչ-որ բան մտածի:

Ցանկանում եմ բերել «Բարսելոնայի» օրինակը: Էրիկ Աբիդալը հիվանդացավ քաղցկեղով: Ինչպե՜ս թիմը նրան աջակցեց, ինչպե՜ս հետ ընդունեց: Ամբողջ մարզադաշտը ոտքի կանգնեց: Դա խոսում է թիմի հեղինակության մասին, որտեղ բոլորը ձգտում են հայտնվել: Այլ ոչ թե ֆուտբոլիստը խաղում է, նրան օգտագործում են եւ վերջում մի կողմ նետում: Եթե Հենրիխն այս մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբ չտեղափոխվի, մեղավոր կլինեն այն մարդիկ, ովքեր պայքարում են հայկական ֆուտբոլի ծաղկման համար, բայց խոչընդոտում են դրան»,- ասաց Դմիտրի Սելյուկը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով