23:35  ,  26 մարտի, 2012

Լոս Անջելեսում ձեւավորվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանում բասկետբոլով մարզվող պատանիները քիչ են, բայց մարզաձեւը սիրողները` շատ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի հետ:

«Հայաստանում բասկետբոլով մարզվող պատանիները քիչ են, բայց մարզաձեւը սիրողները` շատ: Մեզ մոտ դժվար է… Շատ քիչ են երեխաները: Օրինակ` Իրանում մինչեւ 16 տարեկան տարիքային խմբի 2500 մարզիկ կա, իսկ մենք ընդամենը 100-ն ունենք: Սա է պատճառը նաեւ, որ կենտրոնացնում ենք սփյուռքի պատանի մարզիկներին: Նույն քաղաքականությամբ վերջերս Լոս Անջելոսում կայացավ բասկետբոլի արդեն ազգային հավաքականի ձեւավորումը: Հայաստանի ազգային ֆեդերացիան շեշտը դրել է պատանիների հավաքականի վրա, որպեսզի հետագայում հայաստանաբնակ բասկետբոլիսներով համալրվի Հայաստանի ազգային հավաքականը:

Այժմ մեծահասակների մակարդակը բավական թույլ է, որովհետեւ տարիներ շարունակ մեր բասկետբոլիսները դուրս չեն գնացել եւ չեն մասնակցել միջազգային մրցաշարերի: Ֆեդերացիան այդ ուղղությամբ տանում է մեծ աշխատանք, որպեսզի լրացվի այդ բացը: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց արդեն վստահ կարող ենք ասել, որ ունենք բասկետբոլի ուժեղ թիմ, ուժեղ հավաքական: Իսկ Ամերիկայում բավական լուրջ խաղացողներ ունենք, որոնց նկատել ենք Համահայկական խաղերի ժամանակ: Նրանցից էլ կազմավորվեց Հայաստանի ազգային հավաքականը: Նրանք լուրջ մրցակից կարող են լինել մյուս երկրների համար: Այս դեպքում էլ շեշտը դրվել է ամերիկյան դպրոցից դուրս եկած հայ բասկետբոլիսների վրա, քանի որ կարծում եմ բոլորն էլ գիտեն` ինչ դպրոց ունի Ամերիկան եւ ինչ մարզիկներ է տալիս ամերիկյան բասկետբոլը»,- ասաց Արեգ Վաթյանը:

Բասկետբոլի նկատմամբ պետության ուշադրությունը մեծ է, բայց 18 միլիոն դրամը թիմային մարզաձեւի համար չնչին գումար է:

«Ուշադրությունը մեծ է: Այսինքն` ամեն հնարավոր բան արվում է` այս մարզաձեւը զարգացնելու համար, որպեսզի նույն Ձեր նշած դրսից մարզիկներ չհրավիրվեն: Պետական աջակցությունը 18 միլիոն դրամ է, ինչը պարզ է, չի կարող լիարժեք բավականացնել: Սա խաղային մարզաձեւ է, ինչը նշանակում է, որ այդ գումարով լուրջ բան անել ուղղակի հնարավոր չէ: Սպասում ենք մասնավոր անձանց միջամտությանը, քանի որ հասկանալի է, որ այս մարզաձեւը զարգացնելու համար բավականին մեծ գումարներ կպահանջվի, ինչը մեր նման նոր զարգացող պետության համար բարդ է»,- նշեց Արեգ Վաթյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով