20:51  ,  10 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Կփորձեմ 30 գոլ խփել Հայաստանի հավաքականի կազմում

Կփորձեմ ոչ թե 20, այլ նույնիսկ 30 գոլ խփել Հայաստանի հավաքականի կազմում, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: 

Հենրիխ, բարի գալուստ: Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս ես սկսում արձակուրդդ: 

Լավ, շնորհակալություն: Ժամանակս հիմնականում անցկացնում եմ հարազատների եւ բարեկամների հետ, փորձում եմ ավելի շատ նրանց հետ լինել, որպեսզի կարողանամ կարոտս առնել:

Հենրիխ, այս տարի դու դարձար հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Ինչպիսի՞ զգացողություններ ունեցար այդ պահին:

Ճիշտն ասած՝ չէի մտածում այն մասին, որ պետք է առաջինը գոլ խփեմ Չեմպիոնների լիգայում, սակայն մյուս կողմից շատ հաճելի է լինել Չեմպիոնների լիգայում գոլ խփած հայաստանցի առաջին ֆուտբոլիստը: Հույս ունեմ, որ կկարողանամ էլի գոլեր խփել, որպեսզի կարողանամ բարձր պահել Հայաստանի պատիվը: 

«Շախտյորը» հաջողությամբ հաղթահարեց խմբային մրցաշարի արգելքը նաեւ քո խաղի շնորհիվ: Փլեյ-օֆֆ փուլում կա՞ն մրցակիցներ, որոնց դեմ կցանկանայիր կամ չէիր ցանկանա խաղալ: 

Չեմ կարող ասել, որ կան մրցակիցներ, ում հետ չէի ցանկանա հանդիպել: Դա վիճակախաղի պես բան է: Եթե վիճակահանությամբ մեզ բաժին հասնի «Բարսելոնան», կամ մեկ այլ թիմ, միեւնույն է, պետք է խաղանք նրանց դեմ, այսինքն ով էլ լինի մեր մրցակիցը, մենք պետք է դուրս գանք խաղադաշտ եւ ցույց տանք մեր հզորությունը: 

Ուկրաինայի առաջնությունում այս տարի արդեն դարձել ես 18 գոլի հեղինակ: Քեզ ընդամենը 5 գոլ է մնացել` Ուկրաինայի պատմության մեջ լավագույն ռմբարկուի ռեկորդը գերազանցելու համար: Թիմում հատուկ ուշադրություն դարձնո՞ւմ են այդ հանգամանքի վրա:

Ես աշխատում եմ չկենտրոնանալ այդ գոլերի վրա: Ավելի շատ փորձում եմ լավ խաղալ, թիմին օգուտ տալ եւ եթե կարողանամ օգտագործել իմ հնարավորությունները, կկարողանամ գերազանցել 22 գոլի սահմանը:

Անդրադառնանք Հայաստանի ազգային հավաքականին: Քո կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ ընտրական մրցաշարի առաջին 2 խաղերում մեր հավաքականը խաղային առումով այնքան էլ հաջող հանդես չեկավ եւ նման չէր Եվրո 2012-ի ընտրական փուլի մեր հավաքականին:

Առաջին խաղի ժամանակ ինչ-որ տեղ լարվածություն կար, քանի որ ընտրական փուլի առաջին հանդիպումն էր, եւ մենք ամեն կերպ փորձում էին հաղթել այդ խաղում, իսկ Բուլղարիայի հետ խաղում ամեն ինչ վատ դասավորվեց մեզ համար, քանի որ թե´ մենք տեղի տվեցինք բուլղարացիների սադրանքներին, թե´ մրցավարը մի քանի սխալ թույլ տվեց, եւ դա իր բացասական հետքը թողեց խաղի ելքի վրա:

Իտալիայի հավաքականին խփածդ գոլից հետո քո ուրախության թռիչքն արձանագրել են գրեթե բոլոր ֆոտո եւ հեռուստախցիկները: Ի՞նչ էիր զգում այդ պահին:

Շատ մեծ ուրախություն ապրեցի եւ ոչ թե նրա համար, որ հենց Իտալիային գոլ խփեցի, այլ նրա համար, որ կարողացանք 0։1 պարտվելիս գոլ խփել եւ մի ամբողջ ազգի ուրախացնել: Ճիշտ է՝ պարտվեցինք այդ խաղում, բայց կարծում եմ՝ արժանի դիմադրություն ցույց տվեցինք եւ կարող էին նաեւ հաղթել, եթե օգտագործեինք մեր գոլային պահերը, բայց ցավոք չստացվեց: Չնայած դրան՝ կարող եմ ասել, որ ամեն օր չես խաղում Իտալիայի հավաքականի դեմ եւ ամեն օր չես կարող գրավել Բուֆոնի պես դարպասապահի դարպասը:

Իտալիայի հավաքականի հետ խաղում ունեի՞նք հաղթելու հնարավորություններ, թե՞ մրցակցի բարձր կարգը, միեւնույն է, զգալ էր տալու: 

Առաջին խաղակեսում, հատկապես առաջին 10 րոպեներին կարող էինք 2-3 գոլ բաց թողնել, սակայն իր բարձրության վրա էր Բերեզովսկին: Երկրորդ խաղակեսի սկզբում ունեինք 2-3 գոլային հնարավորություն, որոնք, ցավոք չկարողացանք իրացնել: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, գործեց չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ:

Լիտվայի հավաքականի հետ մրցավեճում խփեցիր ազգային հավաքականի կազմում քո 10-րդ գոլը: Քեզ ընդամենը մեկ գոլ է մնացել հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին հասնելու համար: Երբ նոր էիր սկսում խաղալ հավաքականում, ենթադրո՞ւմ էիր, որ այսքան շուտ կկարողանաս հասնել այդ շեմին:

Իհարկե չէի կարող մտածել, որ կկարողանամ 10 գոլ խփել: Բայց հիմա, արդեն զգալով այդ գոլերի համը, կփորձեմ ոչ թե 20, այլ նույնիսկ 30 գոլ խփել Հայաստանի հավաքականի կազմում:

Քո կարծիքով ո՞րն էր 2012 թվականի ընթացքում քո ամենահաջող խաղը: 

Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն երկրպագուները, իսկ ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հետագա հանդիպումներում նույնպես հաջող հանդես գամ: Եթե ինչ-որ տեղ չստացվի, կշարունակեմ էլ ավելի շատ աշխատել, որպեսզի կարողանամ ուրախացնել մեր բազմահազար երկրպագուներին:

Իսկ կարո՞ղ ես նշել մինչեւ հիմա խփած գոլերիցդ ամենագեղեցիկը եւ ամենակարեւորը: 

Ընդհանրապես, եղել են շատ գոլեր՝ տարբեր համի, տեսակի կամ դժվարության, բայց ինձ համար մինչեւ հիմա ամենագեղեցիկը «Կրիվբասի» հետ գավաթային խաղում խփածս առաջին գնդակն է «Շախտյորի» կազմում: Ազգային հավաքականում ամենագեղեցիկը, հավանաբար, Մակեդոնիայի հավաքականի դարպասը խփած գնդակն էր: Իսկ ամենակարեւորը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում խփած գնդակն էր, երբ Երեւանում 2-1 հաշվով հաղթեցինք Թուրքիայի երիտասարդական հավաքականին: 

«Շախտյորում» եւ ազգային հավաքականում մարզիչների կողմից քեզ տրվող առաջադրանքները տարբերվո՞ւմ են, թե՞ հիմնականում կատարում ես նույն ֆունկցիաները:

Դա կախված է հանդիպման դժվարությունից եւ այն հանգամանքից, թե ում հետ եւ որտեղ ենք խաղում: Ե´վ Վարդան Մինասյանը, ե´ւ Միրչա Լուչեսկուն որոշակի խաղերի տալիս են առաջադրանք վնասազերծել մրցակցի խաղացողներին կամ փորձել հաղթել մրցակցին, իսկ ես իմ կողմից փորձում եմ ի կատար ածել նրանց հրահանգները:

Օրինակ՝ ազգային հավաքականում անկյունայինների ժամանակ հիմնականում լինում ես կամ հենց տուգանային հրապարակում, կամ մատույցներում, իսկ «Շախտյորի» կազմում շատ հաճախ հայտնվում ես վերջին պաշտպանի դիրքում: Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Միրչա Լուչեսկուն՝ քեզ այդպիսի առաջադրանք տալով:

Լուչեսկուն ինձ ետ է քաշում, որպեսզի ես խանգարեմ մրցակցին արագ հակագրոհներ կազմակերպել եւ խափանեմ նրա առաջխաղացումը:

Հենրիխ, ազգային հավաքականը տարին եզրափակում է ընդամենը 3 միավորով: Ինչպե՞ս ես գնահատում մեր հնարավորությունները 2013 թվականից առաջ:

Աշխատելու ենք չկենտրոնանալ միավորների վրա, այլ փորձելու ենք լավ խաղալ, իսկ այդ պարագայում միավորներն կգան: Ազգային հավաքականի բոլոր տղաներն էլ վստահ են իրենց ուժերին եւ ժամանում են հավաքական՝ համոզված լինելով, որ կարող են հաղթել ցանկացած մրցակցի: Կարծում եմ՝ 2013-ը ավելի հաջող տարի կլինի, քան 2012-ը:

Ըստ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ դու Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստն ես: Դու նաեւ մի քանի անգամ ճանաչվել ես «Շախտյորի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ եւ այլն: Այս ամենն ի՞նչ է փոխել Հենրիխ Մխիթարյանի մեջ:

Ոչինչ չի փոխվել, ուղղակի կարող եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, քանի որ հաճելի է ունենալ այդպիսի երկրպագուներ: Կարծում եմ, որ իմ մեջ ոչինչ էլ չի փոխվել, քանի որ դեռ շատ նպատակներ ունեմ եւ պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի մեր ազգն ավելի շատ ուրախանա ինձնով:

Ուկրաինայում դու հավանաբար ամենաճանաչված մարդկանցից մեկն ես: Վերջին շրջանում քո լուսանկարները հայտնվեցին դրամների վրա, որը նույնիսկ համարում են «Շախտյորի»՝ վերջին տարիների լավագույն մարքետինգային նախագծերից մեկը: Դու մասնակցում ես նաեւ գովազդային տարբեր ակցիաների: Ինչպե՞ս ես վերաբերվում այդպիսի երեւույթներին:

Որքանով որ տեղյակ եմ՝ լուսանկարները հայտնվել են ոչ թե դրամների, այլ կտրոնների վրա, իսկ մարկեթինգին վերաբերվում եմ նորմալ, քանի որ դա իմիջային հարց է: Եթե ֆուտբոլիստի կարիքը կա, նա պետք է մասնակցի մարկետինգային ակցիաներին, նկարահանվի ինչպես տեսահոլովակներում, այնպես էլ ամսագրերում՝ փորձելով պահպանել հետաքրքրությունը:

Ինչպես ե՞ս պատրաստվում անցկացնել արձակուրդդ:

Առայժմ կլինեմ Երեւանում, իսկ մոտ օրերս, հնարավոր է, մեկնեմ ինչ-որ տեղ հանգստանալու:

Ի՞նչ սպասելիքներ ունես 2013 թվականից եւ ի՞նչ կմաղթես ֆուտբոլասերներին: 

Կմաղթեմ նրանց առողջություն, համբերություն եւ հավատ մեր ուժերի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է սպասելիքներին, հույս ունեմ, որ 2013-ը կլինի ավելի հաջողակ ոչ թե 2012-ից, այլ 2010-ից եւ 2011-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում