Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը տեղի կունենան մեծահասակների եւ երիտասարդների եզրափակիչները:
Մեծահասակների առաջնությունում մրցահարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը, երիտասարդներում մեդալների համար կպայքարեն Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:
Առաջինը պայքարի մեջ կմտնեն երիտասարդները: Երեւանի ժամանակով 12:00-ին կմեկնարկի նժույգ թափեր վարժության եզրափակիչը: Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլից հետո ամենաբարձր միավորներով դուրս էին եկել եզրափակիչ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյան որակավորման փուլը հաղթահարել է 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավորով: Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանն թիմային մրցաշարում մասնացեց միայն նժույգ թափեր վարժության պայքարին:
Երեկոյան մրցահերթում հենացատկի եզրափակիչում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հայաստանի թիմի առաջատարը որակավորման փուլում վաստակել էր 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Հայաստանի թիմից պայքարի մեջ մնացին երիտասարդների բազմամարտի եզրափակիչի երկու մասնակից՝ Մամիկոն Խաչատրյանը եւ Ռոբերտ Գյուլումյանը:
Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ տեղից, Ռոբերտ Գյուլումյանը պահեստայինում է եւ մասնակցության իրավունք կունենա եթե 25 մասնակիցներից որեւէ մեկը հրաժարվի պայքարից: Երիտասարդների բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին:
Լուսինե Շահբազյան
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում