12:07  ,  9 մայիսի, 2024

Անչելոտի․ Խոսելուն ամբողջովին արտացոլում է «Ռեալի» մտածելակերպը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովել է Խոսելուին։ Իսպանացի հարձակվողի դուբլի շնորհիվ «Ռեալը» հասավ կամային հաղթանակի։

34-ամյա խաղացողը փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին եւ աչքի ընկել 88-րդ եւ ավելացված առաջին րոպեին։

«Խոսելուն ամբողջովին արտացոլում է այն, ինչ իրենից ներկայացնում է այս թիմը, այս թիմի մտածելակերպը։ Այս մրցաշրջանում նա շատ չի խաղացել, բայց միշտ շատ օգտակար է եղել անհրաժեշտ պահին։ Նա երբեք չի կորցնում վստահությունը եւ միշտ մտածում է թիմի մասին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Խոսելուն անցած ամռանն է «Էսպանյոլից» տեղափոխվել «Ռեալ»։ Նրա վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Խոսելուն «Ռեալի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով