18:10  ,  18 ապրիլի, 2024

Մերսոն․ Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքը թույլ չտվեց ակումբներին հաղթել Չեմպիոնների լիգայում

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող, անգլիացի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Փոլ Մերսոնը անգլիական թիմերի անհաջողությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պայմանավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի գերլարված չեմպիոնական մրցավազքով։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» չհաղթահարեց Մադրիդի «Ռեալի», «Արսենալը»՝ Մյունխենի «Բավարիայի» արգելքը։

«Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբների խնդիրը գերլարված պայքարն է Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու «Լիվերպուլն» այժմ մասնակցում են լիգայի պատմության մեջ լավագույն չեմպիոնական մրցավազքին։ Առաջատար եռյակի թիմերի տարբերությունը երկու միավոր է։ Դա ահռելի ֆիզիկական եւ հոգեկան էներգիա է խլում։ Շաբաթներ շարունակ նրանք միմյանց հասցնում են առավելագույնին։ Այդ ամենը նրանց թույլ չտվեց հաղթել Չեմպիոնների լիգայում։

Այլ լիգաներում չկա այդպիսի պայքար։ Մադրիդի «Աթլետիկոն» 17 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որն էլ 8 միավոր առաջ է «Բարսելոնայից»։ Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայում 5-րդն է եւ 7 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Բավարիայից», որն էլ 16 միավոր հետ է նորընծա չեմպիոն «Բայերից»։ ՊՍԺ-ն առաջնությունում 10 միավորի առավելություն ունի։ Անցած հանգստյան օրերին Իսպանիայի առաջնությունում հանդիպումներ չանցկացվեցին։

Անգլիայից բացի, մյուս լիգաների ակումբները կենտրոնացած են եվրագավաթների վրա, քանի որ ներքին պայքար չկա»,- Մերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի «Բավարիայի», ՊՍԺ-ն՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում