19:20  ,  4 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Արթուր Մանուկյանը, Կառլեն Մահինյանն ու Դավիթ Հովսեփյանը՝ արծաթե մեդալակիրներ (ֆոտո)

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչները եւ արցախցի Դավիթ Հովսեփյանը պարտվեցին:

Ապրիլի 4-ից Երեւանի «Գազպրոմ Արմենիայի» մարզադահլիճում մեկնարկած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը տեղի ունեցավ տղամարդկանց 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը:

Հայաստանի հավաքականից եզրափակիչ դուրս եկան 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը եւ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը:

Եզրափակիչում էր նաեւ Փախստանականների թիմի դրոշի ներքո հանդես եկող արցախցի Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

64 կգ քաշային Արթուր Մանուկյանը եզրափակիչում մրցեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Վլադիմիր Մնացակյանի հետ եւ պարտվեց 0:9 հաշվով:

71 կգ քաշային Կառլեն Մահինյանը եզրափակիչում զիջեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Իվան Ագաֆոնովին: Արցախցի Դավիթ Հովսեփյանը 58 կգ քաշայինների եզրափակիչում պարտվեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի, աշխարհի գավաթակիր Խարուն Տլիշեւին:

Ապրիլի 5-ին երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց մարտական սամբոյի 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները եւ կանանց սամբոյի 50 կգ, 54 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Աշխարհի գավաթը կավարտվի ապրիլի 5-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում