10:47  ,  22 փետրվարի, 2024

Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյան․ Եվրոպայի առաջնությունում հաճելի էր երկու հայի մրցակցությունը

Հաճելի է, որ երկրորդ անգամ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն: Հաճելի էր նաեւ, որ երկու հայ ծանրորդ պատվո հարթակին էին: Ափսոսում եմ, որ օլիմպիական քաշային կարգում չեմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Փետրվարի 18-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը  (166+209):

«Հաճելի է, որ երկրորդ անգամ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն: Ափսոսում եմ, որ օլիմպիական քաշային կարգում չեմ: Բոլոր մարզիկների երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ հաճույքը զգալն է: Այս առումով ափսոսանքս շատ մեծ է, բայց ոչինչ չենք կարող անել, այսպես է դասավորվել:

Եվրոպայի առաջնությունում հաճելի էր երկու հայի մրցակցությունը: Հաճելի էր նաեւ, որ երկու հայ ծանրորդով կանգնել էինք  պատվո հարթակին:

Առաջիկա նպատակս աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերին: Քաշային կարգի փոփոխություն չեմ անի, քանի որ Օլիմպիական խաղերից հետո քաշերը նորից կփոփոխվեն, վստահաբար: Իմաստ չկա»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:

Սոֆիայում 96 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 374 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (169+205):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում