Հաճելի է, որ երկրորդ անգամ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն: Հաճելի էր նաեւ, որ երկու հայ ծանրորդ պատվո հարթակին էին: Ափսոսում եմ, որ օլիմպիական քաշային կարգում չեմ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:
Փետրվարի 18-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (166+209):
«Հաճելի է, որ երկրորդ անգամ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն: Ափսոսում եմ, որ օլիմպիական քաշային կարգում չեմ: Բոլոր մարզիկների երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ հաճույքը զգալն է: Այս առումով ափսոսանքս շատ մեծ է, բայց ոչինչ չենք կարող անել, այսպես է դասավորվել:
Եվրոպայի առաջնությունում հաճելի էր երկու հայի մրցակցությունը: Հաճելի էր նաեւ, որ երկու հայ ծանրորդով կանգնել էինք պատվո հարթակին:
Առաջիկա նպատակս աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերին: Քաշային կարգի փոփոխություն չեմ անի, քանի որ Օլիմպիական խաղերից հետո քաշերը նորից կփոփոխվեն, վստահաբար: Իմաստ չկա»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:
Սոֆիայում 96 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 374 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (169+205):
Լուսինե Շահբազյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։