09:38  ,  20 փետրվարի, 2024

Արման Անդրեասյան. Ուրախ եմ, որ ինչքան աշխատեցի, այդքան ստացա՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Ուրախ եմ, որ ինչքան աշխատեցի, այդքան ստացա՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը:

Նախորդ գիշերը Հայաստանի թիմը Բուխարեստից վերադարձավ հայրենիք։ Ռումինիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Արման Անդրեասյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց 70 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին:

«Ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թերություններ շատ էի ունենում, այդ պատճառով մինչ այս չէր ստացվում: Շատ մեծ աշխատանք էինք տարել մարզիչների հետ: Ուրախ եմ նաեւ նրա համար, որ ինչքան աշխատեցի, այդքան ստացա: Կշարունակեմ նույն ոգով, որպեսզի շտկեմ թերություններս, գնամ չեմպիոնական տիտղոսների հետեւից:

Իմ գոտեմարտերում լարվածություն ունեցել եմ Մուսուկաեւի հետ կիսաեզրափակիչում: Նա 65 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնն էր եւ ուժեղ մրցակից, բայց լարվածությունն ինձ չխանգարեց, որ հաղթեմ:

Եզրափակիչի վերջնամասում լարված ստացվեց, երբ վերջում պարտվում էի 3:3 հաշվով, բայց կար վստահություն, որ այսպես, թե այնպես միավոր անելու եմ: Արեցի 4 միավորանոց հնարք ու հաղթեցի»,- ասաց Արման Անդրեասյանը:

Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից նշել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պահպանում են մեր սահմանները: 

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում