21:22  ,  11 նոյեմբերի, 2023

Վահրամ Գրիգորյան․ Աշխարհին ցույց տվեցի, որ հայը պարտվող չի (տեսանյութ)

Ես 40 տարեկան եմ եւ տարիքս խանգարեց, որ չեմպիոնի կոչումը նվաճեմ: Ուրախ եմ, որ կարողացա արծաթե մեդալակիր դառնալ: Իմ ազգն ինձ ուժ տվեց եւ ես այս սպորտում եմ իմ ազգի համար: Աշխարհի առաջնության մրցագորգում աշխարհին ցույց տվեցի, որ հայը պարտվող չի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մարտական աշխարհի փոխչեմպիոն Վահրամ Գրիգորյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակիչում Վահրամ Գրիգորյանը 0:5 հաշվով զիջեց FIAS դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Շեյխմ Խաբիբուլաեւին:

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Վահրամ Գրիգորյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով:

«Տարիքս խանգարեց ոսկե մեդալ նվաճելու համար: 40 տարեկան եմ: Ժամանակս, դժվար կյանքս չհերիքեց, որ աշխարհի չեմպիոն դառնամ: Ինձ համար մեծ պատիվ է աշխարհի փոխչեմպիոն դառնալու համար: Ես սամբոյում եմ իմ ազգի համար, ինձ համար չէ: Փառք ու պատիվ մեր հերոս տղերքին, մեր հերոսածին մայրերին: Իմ ազգին մաղթում եմ կամք եւ ուժ, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ամենը: Աշխարհի առաջնության մրցագորգում ես բնավորություն ցույց տվեց, որ հայը պարտվող չի: Ինձ այսօր ուժ տվեց իմ ազգը եւ հողը, որ մասնակցեցի, ներկայացա, կարողացա մեդալ նվաճել»,- ասաց աշխարհի փոխչեմպիոնը:

Գրիգորյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր խորվաթ Մատեյ Մատոսեւիչին: Քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Սայֆելդին Ելգարվային: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել ղրղզ Սայակ Բարականովի նկատմամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում