21:07  ,  11 նոյեմբերի, 2023

Արամ Աղաջանյան․ Աշխարհի փոխչեմպիոնի մեդալս նվիրում եմ հայ ազգին եւ սահմանին կանգնած զինվորներին (տեսանյութ)

Աշխարհի փոխչեմպիոնի մեդալս նվիրում եմ հայ ազգին եւ սահմանին կանգնած զինվորներին: Ուրախ եմ, որ Հայաստանում հայ երկրպագուների ջերմ աջակցությամբ կարողացա նվաճել աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Հաջորդը կլինի ոսկե մեդալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սամբոյի աշխարհի փոխչեմպիոն Արամ Աղաջանյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության եզրափակիչում 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը 0:3 հաշվով պարտվեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Գուկեւ Ռամեդի հետ եւ արժանացավ արծաթե մեդալի:

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 71 կգ քաշային կարգի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Արամ Աղաջանյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով:

«Ճիշտն ասած այդքան էլ գոհ չեմ արդյունքիցս: Վնասվածքներս մի փոքր խանգարեցին: Աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք էի ստացել: Ինձ թվում է, եթե վնասվածքներս չխանգարեին, ես կարող էի դառնալ աշխարհի չեմպիոն: Այս անգամ բավարարվեցինք արծաթե մեդալով, հաջորդ անգամ կպայքարենք ոսկե մեդալի համար: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ մարզիչներին եւ հավաքականի մարզիչներին՝ Հովիկ Խոջոյանին, Հայկ Ավետիսյանին եւ Էռնեստ Միրզոյանին, որովհետեւ նրանց աշխատանքը շատ կարեւոր է եւ մեծ այս հաղթանակում: Շնորհակալ եմ նաեւ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանից այսպիսի բարձրակարգ մրցաշար կազմակերպելու համար:

Մեդալս նվիրում եմ հայ ազգին եւ սահմանին կանգնած զինվորներին: Թող միշտ ամուր պահեն մեր սահմանները, որ մենք էլ կարողանանք հաղթանակներ պարգեւել մեր ազգին:

Մեծ աջակցություն կար տրիբունաներից: Պատասխանատու էր, որ գոտեմարտում էինք մեր երկրպագուների աջակցությամբ, նաեւ օգնում էր: Զգացողությունները մեծ են: Ուրախ եմ, որ կարողացա մեր երկրպագուների աջակցությամբ դառնալ աշխարհի փոխչեմպիոն»,- ասաց Արամ Աղաջանյանը:

Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել ճապոնացի Կանտա Ամակադայի նկատմամբ:  1/8 եզրափակիչում 11:0 հաշվով պարտության էր մատնել բելգիացի Ժորա Շչիլդերմանսին: Քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 2:1 հաշվով առավելության էր հասել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ուլադժիլով Սայապինի նկատմամբ: Կիսաեզրափակիչում էլ 1:0 հաշվով հաղթել էր ուզբեկ Սարբոն Էրնազարովին:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում