11:11  ,  12 օգոստոսի, 2023

Հակոբ Սերոբյան․ Հայկական սպորտային մարմնամարզության ապագան շատ լավն է լինելու

Փոքրերը ուժեղ են: Եթե այսպես շարունակեն, առաջ չընկնելով՝ ասեմ, որ հայկական սպորտային մարմնամարզության ապագան շատ լավն է լինելու: Ինչ վերաբերում է  Համաշխարհային ուսանողական խաղերին, արդյունքներից այդքան էլ գոհ չեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախօրեին է վերադարձել Չինաստանի Չենդու քաղաքից, որտեղ որպես մրցավար սպասարկում էր Համաշխարհային ուսանողական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարը: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Ունիվերսիադա 2023-ին մասնակցում էր երկու մարմնամարզիկով, սակայն պայքարն ավարտել է առանց մեդալի: Նույն օրերին Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվում էր Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը: Մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 մասնակցով նվաճել է 6 մեդալ:

Պարոն Սերոբյան, Համաշխարհային ուսանողական խաղերից վերադարձաք առանց մեդալի: Ամփոփեք Արթուր Ավետիսյանի եւ Գագիկ Խաչիկյանի մասնակցությունը:

Համաշխարհային ուսանողական խաղերում մեր տղաները լավ արդյունքներով դուրս եկան եզրափակիչ, բայց մրցակցությունն իսկապես շատ մեծ էր եւ մեդալ չկարողացանք նվաճել: Արթուր Ավետիսյանը գրավեց 4-րդ տեղը օղակների վարժությունում: Եզրափակիչում նա վաստակեց 14, 833 միավոր: Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերում վաստակեց 13,866 միավոր եւ պայքարն ավարտեց 5-րդ տեղով:

Ի՞նչը չբավականացրեց մեդալ նվաճելու համար:

Արթուր Ավետիսյանն արեց իմ ամենալավ կատարումը: Նա վաստակեց շատ բարձր միավոր: Քանի որ Չինաստանում էր անցնում, առաջին-երկրորդ տեղերում չինացիներն էին: Երրորդ տեղը գրավեց աշխարհի գործող չեմպիոնը: Ավետիսյանը նրան զիջեց  բարդությունով, 1-տասնորդական:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչիկյանին, իր հնարավորություններից ցածր մասնակցեց: Գագիկի վարժությունը շատ ուժեղ էր: Որակավորման փուլում ընկավ նժույգից, բայց բարձրացավ եւ լավ կատարումով ավարտեց: Այդպես եզրափակիչ մտավ, ինչը չլսված բան էր: 80 մասնակից կար նժույգ թափերի վրա, Գագիկ Խաչիկյանը 8-րդ տեղով մտավ եզրափակիչ: Եթե լավ կատարեր վարժությունը, միանշանակ կհավակներ մեդալի: Գագիկի վարժության բարդությունը բարձր էր: Եզրափակիչում չհասկացա՝ նրա հետ ինչ կատարվեց, ուղղակի մասնակցեց: Շատ լավ մարզավիճակում էր, շատ լավ էր պատրաստվել: Գագիկ Խաչիկյանն ինչ-որ հոգեբանական խնդիր ունի: Լարվածությունը երեւի շատ էր: Վրաստանում հավաքի ժամանակ ամեն օր երեք անգամ անում էր իր վարժությունը: Թե ինչն է նրա մոտ խնդիրը մրցահարթակում, ինձ համար հանելուկ է:

Արթուր Ավետիսյանից շատ գոհ եմ: Վերջին 4-5 տարում նա իր ամենալավ կատարումն է արել: Իր մրցակիցներին զիջում է միայն բարդությամբ: Նա չէր կարող ավելին անել: Արել է հրաշալի ու կարեւոր չի, թե որերրորդ տեղն է գրավել:

Ունիվերսիադայի օրերին զուգահեռ անցկացվում էր Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը, որտեղից Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձավ 2 ոսկե, 4 բրոնզե մեդալներով: Ի՞նչ կասեք երիտասարդների մասին:

Փառատոնի պատմության մեջ մեդալների այսպիսի քանակ չէր եղել: Իմ տեղեկություններով Եվրոպական օլիմպիական փառատոնում նախորդ անգամ ոսկե մեդալ ունեցել էինք տասը եւ ավել տարի առաջ, հստակ չգիտեմ, թենիսից: Ունեցել ենք 2-րդ, 3-րդ տեղեր, բայց այսպիսի արդյունքներ չէինք ունեցել:

Երեք մասնակից ունեինք, երեքն էլ մեդալներով են վերադարձել, թիմային երրորդ տեղ ենք զբաղեցրել: Թիմային բրոնզե մեդալակիր դառնալը շատ մեծ հաջողություն էր: Սա բոլորը պետք է հասկանան: Թիմային երրորդ տեղը, այսինքն երեքն էլ բրոնզե մեդալակիր, հավելյալ առանձին գործիքներում երեքն էլ մեդալակիր: Երկու չեմպիոն ունենալ նույնպես շատ մեծ հաջողություն է:

Թիմային պայքարը շատ բարդ էր: Երեք մասնակցից լավագույն երկուսի արդյունքն էր գնում հաշվարկ:  Մեր թիմից Ռոբերտ Գյուլումյանը մասնակցում էր միայն երկու գործիքի վրա՝ ազատ վարժություն եւ հենացատկ: Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 4 գործիք էին անում: Համլետը զուգափայտի վրա միամիտ 1 բալանոց վրիպում թույլ տվեց: Եթե Գյուլումյանն էլ մասնակցեր զուգափայտի վրա, Համլետի ձախողումը հաշվարկի մեջ չէր մտնի: Համլետի մոտ նժույգ թափերը լավ չստացվեցին, էլի մեկի միավոր կորցրինք: Իմ հաշվարկներով, մեր թիմը առաջին տեղի համար պայքարելու հնարավորություն ուներ, եթե այս երկու վրիպումները չունենայինք: Մեր ուժերը մեզ թույլ էին տալիս:

Համլետ Մանուկյանի մասնակցությունից դժգոհ եմ: Այո, նա դարձավ օղակների վարժության հաղթող, բայց իր հնարավորություններից քիչ մասնակցեց: Նժույգ թափերում եզրափակիչում ընկավ գործիքի վրայից եւ գրավեց 4-րդ տեղը: Ընդհանուր գոհ եմ, փոքրերը ուժեղ են: Եթե այսպես շարունակեն, առաջ չընկնելով ասեմ, որ շատ լավն է լինելու հայկական սպորտային մարմնամարզության ապագան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով