10:14  ,  4 հուլիսի, 2023

Կարեն Աղամալյան․ Վստահ եմ՝ առնվազն 3 օլիմպիական ուղեգիր կունենանք

Ի սկզբանե մտավախություն ունեի, որ աշխարհի առաջնությունից հետո բռնցքամարտիկները  չեն վերականգնվի: Եվրոպական խաղերում պարտություններից հետո բոլորիս տրամադրությունն ընկած է, բայց ես վստահ եմ, որ առնվազն 3 օլիմպիական ուղեգիր մենք կունենանք: Ես թիմին հասկացել եմ, իրենք էլ ինձ են հասկացել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հայաստանի ներկայացուցիչները ձախողվեցին Եվրոպական երրորդ խաղերում, որն օլիմպիական վարկանիշային էր բռնցքամարտիկների համար: Հայաստանի բռնցքամարտիկները պարտվեցին քառորդ եզրափակիչներում ՝ չնվաճելով նաեւ օլիմպիական ուղեգրեր:

Պարոն Աղամալյան, ո՞րն էր ձախողման պատճառը Եվրոպական խաղերում:

Ես ի սկզբանե մտավախություն ունեի, որ աշխարհի առաջնությունից հետո մեր տղաները չեն վերականգնվի: Աշխարհի առաջնությունում ունեցանք շատ մենամարտեր, որոնցից հետո որքան կարողացանք վերականգնեցինք, պահեցինք տղաներին, ծանրաբեռնվածություն  տվեցինք: Տեսեք՝ չորս բռնցքամարտիկ երկու մենամարտ արեց, վերջին քայլին ինչ-որ բան նրանց պակասեց: Նշեմ նաեւ, երկու հոգու դեպքում չենք պարտվել: Մեր տղաները չեն տարվել, բայց նաեւ չեմ ասի, որ մեր ձեռքից տարել են հաղթանակները: Այդպես ստացվեց: Ցավալի պարտություն էր Նարեկ Մանասյանինը: Նա էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու այդպես ստացվեց, արդյունքում պարտվել է: Դավիթ Չալոյանից ավելի շատ էին սպասումներս:

Քառորդ եզրափակիչում պարտությունները հոգնածությամբ էին պայմանավորվա՞ծ:

Ոչ թե հոգնած էին, այլ մի քանիսն ավելի շատ «վառված» էին, շատ էին ուզում ուղեգիր նվաճել, ինչը նրանց խանգարեց: Ես գտնում եմ, որ պարտությունների պատճառը տղաների չվերականգնվելու մեջ էր: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 բռնցքամարտիկները, մասնավորապես, չէին հասցրել վերականգնվել: Այստեղ մենամարտերն իրար հաջորդում էին ամեն օր: Տղաները իրար հետեւից երկու օր լարված մենամարտեր ունեցան եւ հաղթանակներ տարան: Բոլորն էլ պայքարել են մինչեւ վերջ:

Դուք նաեւ կանանց հավաքականի պատասխանատուն էիք Եվրոպական խաղերում: Ի՞նչ կասեք աղջիկների մասին:

Աղջիկների մասին ի՞նչ կարող եմ ասել... Ճիշտ կլինի, որ նրանց մարզիչն ասի: Իմ կարծիքով, նրանք պարտվեցին այսօրվա դրությամբ իրենցից երկու անգամ ուժեղ մրցակիցներին: Բոլորը պարտվեցին մեկնարկային մենամարտերում: Ես ոչ թե կանանց թիմի պատասխանատուն էի, այլ նրանք մարզվել են մեզ հետ, տղաների հավաքականի հետ:

Պարտությունները սովորաբար վերագրում են մարզիչին: Դուք ինչպե՞ս եք տանում այս ձախողումը:

Լավ չեմ տանում, միանշանակ: Ես գիտեմ՝ ինչն էր սխալ, գիտեմ բոլոր պատճառները՝ ինչ է, ինչպես է, մեկնաբանել եմ, տեսել եմ: Նաեւ տեսել եմ, թե աշխարհի առաջնությունից հետո որ երկրների ներկայացուցիչներն այստեղ լավ մենամարտեր անցկացրին: Եվրոպական խաղերում հիմնականում լավ մենամարտեր անցկացրին այն բռնցքամարտիկները, որոնք աշխարհի առաջնությունում շուտ էին պարտվել եւ լքել պայքարը, բացի երկու ֆրանսիացիներից: Այստեղ այդքան աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դուրս մնացին պայքարից հենց առաջին օրվանից:

Ովքեր ասում են՝ մարզիչն է մեղավոր, իրենց գործն է: Մարդ կա, բռնցքամարտից ընդհանրապես ոչինչ չի հասկանում, գաղափար չունի եւ ասում է այդ բանը: Ուշադրություն չեմ դարձնում: Ես մեկնաբանում եմ իմ աշխատանքը, վերլուծում եմ՝ որն է սխալ, որը՝ ճիշտ, որպեսզի ունենանք օլիմպիականներ:

Այդ առումով բռնցքամարտիկների վրա ճնշում կա՞ր, որ Խաղերը օլիմպիական վարկանիշային էին:

Կար մեծ պատասխանատվություն, քանի որ սա մեր առաջին վարկանիշային մրցաշարն էր Փարիզ-2024-ի համար: Ճնշում կար, ներքին ճնշում էր, եւ տղաներն անպայման ուզում էին նվաճել ուղեգիր: Պարզ է, որ որքան շուտ ուղեգիր նվաճես, այնքան ազատ եւ հանգիստ կպատրաստվես Օլիմպիական խաղերին: Այսքանով ճնշումը մեծ էր:

Քառորդ եզրափակիչներում պարտություններից հետո ի՞նչ ասացիք բռնցքամարտիկներին հանդերձարանում:

Բոլորի հետ խոսել եմ, հարցրել եմ՝ ո՞րն էր պատճառը, լավ պատրա՞ստ չէիք, բոլորն ասացին՝ լավ պատրաստ էինք: Ես նրանց հասկացել եմ, իրենք էլ ինձ են հասկացել: Զգացի՝ մի քանիսը «վառվել» էին շատ մեծ ցանկությունից:

Այսպես մեկնաբանեմ. աշխարհի առաջնությունը Եվրոպական խաղերից կրկնակի ուժեղ մրցաշար էր, եւ մենք այնտեղ երկու մեդալ նվաճեցինք: Այնտեղ 11 մենամարտ ենք հաղթել, այստեղ՝ 9:

Բոլորիս տրամադրությունն ընկած է, այդպես կվերադառնանք Հայաստան: Սա սպորտ է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Ես վստահ եմ, որ առնվազն երեք օլիմպիական ուղեգիր կունենանք: Դա կլինի հաջորդ տարի: Դեռ երկու վարկանիշային մրցաշար ունենք: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով