10:10  ,  11 մարտի, 2023

Վիգեն Խաչատրյան․ Հաճելի է մեր հզոր աղջիկների հետ աշխատելը, մեդալային ակնկալիքներ ունենք (ֆոտո)

Տղամարդկանց հավաքականի հետ այլեւս չեմ աշխատում: Եվրոպայի առաջնությունից առաջ կանանց թիմի նախապատրաստական փուլի, կազմի ընտրության պատասխանատուն եմ: Շատ հաճելի է մեր հզոր աղջիկների հետ աշխատելը, մեդալային ակնկալիքներ ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հաաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, որի գլխավորությամբ հավաքականը պատրաստվում է Երեւանում ապրիլին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Վիգեն Խաչատրյանը նախկինում աշխատում էր տղամարդկանց հավաքականի հետ: Այժմ մարզիչը կանանց հավաքականում է եւ պատասխանատու է Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի, հավաքների եւ կազմի ընտրության համար:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին տղամարդկանց հավաքականի հետ հիմնականոււմ աշխատում էր հենց Վիգեն Խաչատրյանը, ուներ սաներ, նաեւ թիմի հետ էր աշխատում մրցավայրերում, քանի որ Փաշիկ Ալավերդյանը լինում էր մրցավարական  հանձնաժողովում: Այժմ Փաշիկ Ալավերդյանը հավաքականի հետ միայնակ է աշխատում եւ պատրաստվում Եվրոպայի առաջնությանը:

Կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է Աբովյանի մարզաբազայում: Աղջիկների հետ աշխատում են նաեւ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, երիտասարդների եւ պատանիների ավագ մարզիչ Տարոն Թովմասյանը: Մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները միասին են մարզվում: NEWS.am Sport-ը հետեւել է մարզումային օրերից մեկին:

Մարզումներն անցնում են բարձր տրամադրությամբ, մարզուհիների եւ մարզիչների հումորով, զրույցներով, միմյանց ոգեւորելով:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային միավորներ է տալու Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Պարոն Խաչատրայն, զարմանալի է Ձեզ տեսնել կանանց հավաքին: Սպասվում էր, որ այժմ տղամարդկանց հավաքականի հետ հավաքի կլինեք: Ինչպե՞ս ստացվեց այս կարեւոր փուլում, երբ Եվրոպայի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել, թողնել տղամարդկանց թիմը եւ աշխատել կանանց հետ:

Հունվարից կանանց հետ եմ աշխատում: Արդեն երրորդ հավաքն ենք անցնում: Տղաների հավաքականի հետ այլեւս չեմ աշխատում: Նրանց հետ աշխատում է Փաշիկ Ալավերդյանը: Ես պատասխանատում եմ կանանց՝ Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի, մարզումների, մարզավիճակի եւ կազմի համար: 

Ո՞ր փուլում եք այժմ, ի՞նչ մարզավիճակում են աղջիկները:

Մենք մեր առջեւ մեծ նպատակներ ենք դրել: Բոլորն էլ մեդալային հավակնություններ ունեն: Ես միշտ ձգտում եմ մեծ հավակնություններով մասնակցել մրցաշարերի: Այս աղջիկները բոլորն էլ հզոր են: Հիմնականում պատանիներ, երիտասարդներ են եւ նրանց ներուժը շատ մեծ է: Այս պահին ինչ ունենք, պետք է դրանով գոհանանք եւ աշխատենք դրա վրա: Հավաքների մեկնարկում շատ վնասվածքներ ունեինք, գրեթե բոլորի մոտ խդիրներ կային: Այնպես չէ, թե այժմ լիարժեք ապաքինվել են, բայց այնպես ենք աղջիկներին սովորեցրել, որ կարելի է մարզվել եւ բուժվել: Ստացվում է: Այժմ վնասվածքների 80 տոկոսն անցել է:

Չի լինում դեպք, որ  ասենք այս մարզիկը վնասվածք ունի, թող չմարզվի: Վնասվածքները միշտ կան մեծ սպորտում: Եթե վնասվածքներ չլիեին, բոլորն աշխարհի չեմպիոններ կդառնային: Դա էլ է հերոսություն՝ վնասվածք ունենալ, բուժել եւ զուգահեռ մարզվել: Սպորտային կամքի ուժ է:

Արդեն որոշվա՞ծ է, թե որ քաշային կարգերում ներկայացուցիչներ կունենանք Եվրոպայի առաջնությունում:

4-րդ հավաքի վերջում կորոշեմ, թե ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հիմնական պատկերն արդեն ունեմ: Մեկ-երկու քաշում կասկածներ ունեմ, բայց մինչեւ հավաքների ավարտը պարզ կլինի: Փոփոխություններ պետք է անենք 87 կգ քաշային կարգում, 81 կգ-ում, 76 կգ-ում: Գրեթե բոլորին հայտավորել եմ Եվրոպայի առաջնության համար, փոփոխությունները կորոշենք վերջին հավաքին:

Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր եւ հավաքականի առջեւ:

Այս Եվրոպայի առաջնությունը նախեւառաջ պետք է անհատական անցնենք: Վերջին տարիներին կամ ընդհանրապես մեդալ չի եղել, կամ եղել է միայն մեկ մեդալ: Պետք է կոտրենք այս սառույցը, յուրաքանչյուրն անհատական պայքար պետք է տանի, որպեսզի անցնենք առաջ: Տղաների մոտ համեմատաբար ավելի լավ է, այս խնդիրը չունենք: Միայն Հայաստանի առաջնության մասնակիցների թիվն ամեն ինչ ասում է: Կանանց մոտ անհամեմատ մասնակցության ցածր թիվ է: Բացի այդ, տղաների թիմն արդեն ձեւավորված է:

Այսօր ունենք լավ աղջիկներ, պետք է աշխատենք մեր ունեցածի վրա եւ ապացուցենք բոլորին, որ Հայաստանն իսկապես գերտերություն է ծանրամարտում ոչ միայն տղամարդկանց պայքարում: Եթե Եվրոպայի առաջնությանը ներկայացնում ենք կանանց թիմ, ուրեմն պետք է պատվով հանդես գանք:

Մեդալների ակնկալիքներն ինչպիսի՞ն են:

Մեդալային հավակնություններ ունենք: Մեկ-երկու քաշային կարգից մեդալային հույսեր կան: Տեսնենք, թե մրցումներն ինչպես կընթանա, աղջիկներն իրենց ինչպես կզգան մրցահարթակում, վստահ եմ, որ «տան» պատերն էլ կօգնեն, ամբողջ Հայաստանն է գալու, հետեւելու, գոտեպնդելու: Վստահ եմ, որ այս աղջիկները մեր սպասելիքներից էլ ավելին են անելու: Մենք հանդիսատեսով ամողջ Եվրոպային զարմացնելու ենք, ուրախացնենք: Մենք միշտ ենք կանանց ծանրամարտով հպարտացել: Այս անգամ էլ է այդպես լինելու: Ամեն ինչ կանենք, որ մեր ազգին ուրախացնենք: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով