09:30  ,  18 հոկտեմբերի, 2012

Արարատ Առաքելյան. Ես մեծ սիրով կմիանամ ազգային հավաքականին

«Ես շատ եմ ցանկանում կրկին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Եթե մարզիչը գտնի, որ հավաքականում իսկապես պաշտպանի կարիք կա՝ ես մեծ սիրով կմիանամ»։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բանացի» ավագ Արարատ Առաքելյանը։

Արարատ, Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումից հետո շատ է խոսվում պաշտպանության գծի ուժեղացման մասին։ Շատերի կարծիքով, դու լավագույն տարեբերակն ես հավաքականի պաշտպանությունում խաղալու համար։

Ես անում եմ ամեն բան։ Խաղից խաղ փորձում եմ ավելացնել։ Ես ինքս շատ եմ ցանկանում կրկին խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, որտեղ արդեն 33 հանիպում եմ անցկացրել։ Եթե մարզիչը գտնի, որ հավաքականում իսկապես պաշտպանի կարիք կա, ես մեծ սիրով կմիանամ։ Իմ ցանկությունը իսկապես մեծ է։

Իսկ հավաքական վերադառնալու առաջարկներ կամ այդ մասին խոսակցություններ եղե՞լ են։

Ես այս պահին անում եմ ամեն բան, որ նրանք տեսնեն իմ խաղը եւ գնահատեն։ Չնայած նրանք գիտեն իմ խաղաոճը։ Կարծում եմ, եթե լավ մարզավիճակում լինեմ, ինձ հնարավորություն կտրվի։

Ի՞նչ կասես մարզավիճակիդ մասին։

Կարծում եմ նորմալ մարզավիճակում եմ։ Խաղից խաղ ավելացնում եմ։ Մեր թիմի իրավիճակն այդքան էլ լավ չէ այժմ՝ նախավերջին տեղում ենք գտնվում, բայց «Բանանցը» լավ թիմ է։ Վատ չենք խաղում, պարզապես խաղի վերջավորությունը չենք կարողանում կառուցել։ Չեմ կարող ասել, որ 100 տոկոս արդյունք եմ ցույց տալիս, բայց ես իմ մարզավիճակից գոհ եմ։

Ինչո՞ւ որոշեցիր վերադառնալ Հայաստան։

Ես այլեւս չէի ցանկանում խաղալ Իրանում։ Ես ցանկանում եմ խաղալ Ռուսաստանի կամ Ուկրաինայի առաջնություններում։ Իրանում ֆուտբոլի մակարդակը բարձր է, բայց ես չկարողացա հարմարվել այնտեղ։ Շատերն ասում են, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց առաջ կմեկնեն Իրան մի քանի տարի խաղալու համար, սակայն ասեմ, որ դա ադքան էլ հեշտ չէ։ Ես չհարմարվեցի։ Հուսամ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվեմ այլ առաջնություն։

Երկու տարի է անցել հավաքականում քո վերջին ելույթից հետո։ Ի՞նչն է պատճառը, որ չես հրավիրվում հավաքական։ Մակեդոնիայի խաղում տեղի ունեցած անախորժ դրվա՞գն էր, թե՞ մարզավիճակդ այն չէր։

Մակեդոնիայի հետ խաղից հետո ես հրավիրվեցի Վրաստանի հետ ընկերական խաղին։ Նաեւ հրավիրվել էի Հայաստան - Ռուսաստան խաղին, բայց ես վնասել էի աքիլեսյան ջիլս։ Վարդան Մինասյանն ասաց, որ պետք չէ ռիսկի գնալ եւ ինձ համար հավաքականի դռները միշտ բաց են։

Ֆեդերացիայի նախագահն ասել էր, որ Իրանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականում անելիք չունեն։

Ես չեմ կարող ասել ոչինիչ։ Իրենք են որոշում, ում հրավիրեն, ում՝ ոչ։ Կարող է լինել ֆուտբոլիստը խաղա հավաքականում,  ինչ-որ ժամանակ հրավեր չստանա, այնուհետեւ կրկին հրավիրեն, եթե լավ մարզավիճակում գտնվի եւ իր թիմին կարողանա օգնել։

Ի՞նչ կասես հավաքականի պաշտպանության մասին Իտալիայի հետ խաղում։

Քանի որ ես ինքս պաշտպան եմ, չեմ կարող փնովել։ Հավաքականի միջին ու հարձակման գծերը շատ լավ էին խաղում։ Մինչեւ երկրորդ գոլը բաց թողնելը մենք իսկապես շատ լավ խաղ էինք ցուցադրում։ Մենք անգամ կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ։ Լավ հնարավորություններ ունեցան Մովսիսյանն ու Մանոյանը։ Այդ խաղում պաշտպանության գծում եղան թերություններ, անուշադրություն, բայց միեւնույն է, մենք լավ խաղացինք եւ պահպանում ենք խմբից դուրս գալու հնարավորություններ։

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով