14:31  ,  18 մարտի, 2012

Շումախերի հրաշալի մեկնարկն ու ձախողումը

Աշխարհի նախկին չեմպիոն, «Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Ջենսոն Բատոնը 2012-ի Ֆորմուլա 1-ի առաջին Գրան Պրիի հաղթողն է: Բատոնը Գրան Պրիների հաղթող է դառնում 13-րդ անգամ: Որակավորման երեկվա մրցումների երրորդ փուլում նա եզրագիծը հատեց երկրորդը՝ իր թիմակից, բրիտանացի աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն Լյուիս Հեմիլթոնից հետո:

Ավստրալական մրցուղին՝ «Ալբերտ Պարկն» ատամներ հաշվող մրցուղի չէ, այստեղ բոլիդները միշտ չէ, որ ցուցաբերում են իրենց լավագույն որակները: Թեպետ, ըստ վիճակագրության, Ավստրալիայի Գրան Պրիի հաղթողն ավանդաբար դառնում է աշխարհի չեմպիոն:

«Ալբերտ Պարկի» առաջին հաղթողը եղել է բրիտանացի Դեյմոն Հիլը: Նա այստեղ հաղթեց այս մրցուղու առաջին Գրան Պրին 1996-ին եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Անցյալ տարի այստեղ «Ռեդ Բուլլի» ղեկին հաղթեց գերմանացի Սեբաստյան Ֆետտելը եւ տարվա կտրվածքով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ ուժեղագույնը 24 մրցարշավորդների պայքարում:

«Ալբերտ Պարկը» բոլիդների աէրոդինամիկայի հանդեպ պահանջկոտ մրցուղի չէ, այն զգուշավորություն է պահանջում, ասֆալտը լավագույններից չէ, որակավորման ժամանակ 20-րդ տեղը գրաված արդյունքը՝ 1.29.018 (Վիտալի Պետրով՝ «Քաթերհեմ»), Գրան Պրիի հիմնական մրցման ժամանակ 58 շրջանի ընթացքում, որը պետք է հաղթահարեն մրցարշավորդները, կարող է դառնալ լավագույն արդյունք՝ 1.29.187 (Ջենսոն Բատոն՝ «Մաքլարեն», 56-րդ շրջան): Միխայիլ Շումախերն այսօր 12-րդ շրջագծում պայքարը դադարեցնելուց հետո հայտարարել է, որ «Ալբերտ Պարկի» պայքարը սովորաբար ցույց չի տալիս իրերի իրական վիճակը: Ինքը «Մերսեդեսի»  ղեկին նստելուց ի վեր առաջին անգամ կարող էր իրական պայքարի մեջ մտնել առաջատարների հետ: Պայքարից դուրս մնալուց առաջ Շումախերն ընթանում էր երրորդ տեղում, թեպետ արագությամբ զիջում էր 4-րդ տեղում ընթացող աշխարհի կրկնակի չեմպիոն, հայրենակից Սեբաստիան Ֆետտելին:

«Ալբերտ Պարկում» վազանցելն առանձնապես անհնար չէ հատկապես DRS-ների (հետնամասային հակաթեւքերի (антикрыло)) միացման շնորհիվ: Ըստ Ֆորմուլա 1-ի կանոնակարգի, մրցարշավորդը DRS-ը կարող է միացնել միայն այն ժամանակ, երբ իր առջեւից ընթացող բոլիդից իրեն բաժանում է մեկ վայրկյան: 1,01 վայրկյան տարածության դեմքում DRS միացնելն արգելվում է: DRS-ը միացնել թույլատրվում է մրցուղու FIA-ի կողմից հատուկ սահմանված հատվածներում («Ալբերտ Պարկում» դրանք երկուսն էին), եւ երբ մրցման սկզբից մրցարշավորդները հաղթահարել են մրցուղու առաջին երկու շրջանը: «Ալբերտ Պարկի» հիմնական խնդիրը համեմատաբար նեղ մրցուղին է: Վազանցելիս բոլիդները սովորաբան բախվում են: Այսօր միայն առաջին շրջանի առաջին շրջադարձում բախվեց եւ «խաղից դուրս մնաց» 4 բոլիդ: Մարզիկի վարպետությունը սովորաբար դրսեւորվում է հենց այսպիսի շրջադարձերում: Մեկնարկային միջին դիրք զբաղեցնող մարզիկից ավելի մեծ վարպետություն է պահանջվում առաջին շրջանի առաջին շրջադարձն անցնելու համար, քան մեկնարկային առաջին երկու տեղերն զբաղեցնող մարզիկներից, որոնք, ի դեպ,  սովորաբար աշխարհի չեմպիոններ են լինում:

Ավստրալիայի Գրան Պրիի մեկնարկային առաջին շարքն ամբողջությամբ զբաղեցրել էր «Մաքլարենը», սակայն մեկնարկի հենց սկզբից Ջենսոն Բատոնը ստվերեց Լյուիս Հեմիլթոնին, թեպետ նա մրցուղու կեղտոտ հատվածում էր: Դա այն հատվածն է, որտեղից մեկնարկողը սովորաբար տանուլ է տալիս իր նախնական դիրքը, եթե ճիշտ չի կողմնորոշվում: Այսօր չկողմնորոշվողը մրցուղու մաքուր դիրքում գտնվող Լյուիս Հեմիլթոնն էր, որն էլ հենց սկզբից զիջեց դիրքերը եւ արդյունքում բավարարվեց երրորդ տեղով: Երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլլի» մրցարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը, որը մրցահարթակ բարձրանալուց հետո հայտարարեց, որ երկրորդ տեղն առավելագույնն էր, որին կարող էր հավակնել նախորդ օրվա որակավորման մրցումներում զբաղեցրած 6-րդ տեղից մեկնարկելուց հետո:

Ավստրալիայի Գրան Պրին հաղթող ունենալուց բացի ունեցավ հերոսներ: Դրանք 22-րդ տեղից մեկնարկած «Զաուբերի» մրցարշավորդ, մեքսիկացի Սերխիո Պերեսը եւ աշխարհի 2007-ի չեմպիոն, «Լոտուսի» մրցարշավորդ Կիմի Ռայկոնենը (Ֆինլանդիա), որը մեկնարկել էր 18-րդ տեղում: Պերեսը միայն մեկ անգամ պիտ-կանգառ մտնելու շնորհիվ եզրագիծը հատեց 8-րդը, այսինքն 14 տեղով բարելավեց իր արդյունքը, իսկ Ռայկոնենը եզրագիծը հատեց 7-րդ տեղում:

Սպասելիքներն, ի դեպ, ի սկզբանե մեծ չէին «Ֆերրարիից»: Այս բոլիդի մրցարշավորդներից մեկը՝ բրազիլացի Ֆիլիպպե Մասսան, ընդհանրապես դուրս մնաց պայքարից՝ 48-րդ շրջանում բախվելով հայրենակցի՝ «Վիլյամսի» մրցարշավորդ Բրունո Սեննայի մեքենային: Վերջինիս բոլիդը նույնպես եզրագիծ չհասավ: Ֆերնանդո Ալոնսոն գրավեց 5-րդ տեղը. կարելի է ասել՝ ի հեճուկս բոլիդի, որն առանձնապես մրցունակ չէր: Մարզիկն ինքն էլ հաճախ կռիվ է տալիս իր բոլիդի հետ: Ավելի հաճախ նա պետք է հաղթի իր մեքենային, ինչն ի դեպ, առայժմ չի հաջողվում Միխայել Շումախերին:

Ուղիղ մեկ շաբաթից մեկնարկում է Մալայզիայի Գրան Պրին՝ Սեպանգում: Սեպանգի մրցուղին արագության մրցուղի է, այստեղ վազանցների լայն տարածություն կա ի տարբերություն «Ալբերտ Պարկի», ասֆալտն ավելի «մշակված» է այն իմաստով, որ շատ հարթ է: Անիվները, կրկին ի տարբերություն «Ալբերտ Պարկի», մեծ ծանրաբեռնվածություն չեն պահանջում, այստեղ տարածության մեծ մասը՝ 72 տոկոսը, կարելի է անցնել ոտքը «գազից» չկտրելով: Այսինքն, այստեղ վճռորոշ դեր ունի բոլիդի շարժիչը՝ ո՞ւմն է ավելի դիմացկուն, քանի որ շարժիչը հանգստանալու ժամանակ չունի: Սեպանգում արդեն կերեւա, թե որ բոլիդներն են առավել պատրաստ ամբողջ մրցաշարին:

Ավստրալիայի Գրան Պրի

1. Ջենսոն Բատոն (Մաքլարեն) - 58 շրջան

2. Սեբաստյան Ֆետտել (Ռեդ Բուլլ) +2,1

3. Լյուիս Հեմիլթոն (Մաքլարեն) +4,0

4. Մարկ Վեբեր (Ռեդ Բուլլ) +4,5

5. Ֆերնանդո Ալոնսո (Ֆերրարի) +21,5

6. Կամուի Կոբայասի (Զաուբեր) +36,7

7. Կիմի Ռայկոնեն (Լոտուս) +38,0

8. Սերխիո Պերես (Զաուբեր) +39,4

9. Դանիել Ռիկյարդո (Տորո Ռոսսո) +39,5

10. Պոլ դի Ռեստա (Ֆորս Ինդիա) +39,7

11. Ժան Էրիկ Վերն (Տորո Ռոսսո) +39,8

12. Նիկո Ռոսբերգ (Մերսեդես) +57,6

13. Պաստոր Մալդոնադո (Վիլյամս) +1 շրջան

14. Տիմո Գլոկ (Մարուսյա) +1 շրջան

15. Շառլ Պիկ (Մարուսյա) +5 շրջան

16. Բրունո Սեննա (Վիլյամս) +6 շրջան

Դուրս մնացին պայքարից

Ֆելիպե Մասա (Ֆերրարի)

Հեյկի Կովալայնեն (Կատերհեմ)

Վիտալի Պետրով (Կատերհեմ)

Միխայել Շումախեր (Մերսեդես)

Ռոմեն Գրոժան (Լոտուս)

Նիկո Հյուլկենբերգ (Ֆորս Ինդիա)

 

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում