Աշխարհի նախկին չեմպիոն, «Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Ջենսոն Բատոնը 2012-ի Ֆորմուլա 1-ի առաջին Գրան Պրիի հաղթողն է: Բատոնը Գրան Պրիների հաղթող է դառնում 13-րդ անգամ: Որակավորման երեկվա մրցումների երրորդ փուլում նա եզրագիծը հատեց երկրորդը՝ իր թիմակից, բրիտանացի աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն Լյուիս Հեմիլթոնից հետո:
Ավստրալական մրցուղին՝ «Ալբերտ Պարկն» ատամներ հաշվող մրցուղի չէ, այստեղ բոլիդները միշտ չէ, որ ցուցաբերում են իրենց լավագույն որակները: Թեպետ, ըստ վիճակագրության, Ավստրալիայի Գրան Պրիի հաղթողն ավանդաբար դառնում է աշխարհի չեմպիոն:
«Ալբերտ Պարկի» առաջին հաղթողը եղել է բրիտանացի Դեյմոն Հիլը: Նա այստեղ հաղթեց այս մրցուղու առաջին Գրան Պրին 1996-ին եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Անցյալ տարի այստեղ «Ռեդ Բուլլի» ղեկին հաղթեց գերմանացի Սեբաստյան Ֆետտելը եւ տարվա կտրվածքով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ ուժեղագույնը 24 մրցարշավորդների պայքարում:
«Ալբերտ Պարկը» բոլիդների աէրոդինամիկայի հանդեպ պահանջկոտ մրցուղի չէ, այն զգուշավորություն է պահանջում, ասֆալտը լավագույններից չէ, որակավորման ժամանակ 20-րդ տեղը գրաված արդյունքը՝ 1.29.018 (Վիտալի Պետրով՝ «Քաթերհեմ»), Գրան Պրիի հիմնական մրցման ժամանակ 58 շրջանի ընթացքում, որը պետք է հաղթահարեն մրցարշավորդները, կարող է դառնալ լավագույն արդյունք՝ 1.29.187 (Ջենսոն Բատոն՝ «Մաքլարեն», 56-րդ շրջան): Միխայիլ Շումախերն այսօր 12-րդ շրջագծում պայքարը դադարեցնելուց հետո հայտարարել է, որ «Ալբերտ Պարկի» պայքարը սովորաբար ցույց չի տալիս իրերի իրական վիճակը: Ինքը «Մերսեդեսի» ղեկին նստելուց ի վեր առաջին անգամ կարող էր իրական պայքարի մեջ մտնել առաջատարների հետ: Պայքարից դուրս մնալուց առաջ Շումախերն ընթանում էր երրորդ տեղում, թեպետ արագությամբ զիջում էր 4-րդ տեղում ընթացող աշխարհի կրկնակի չեմպիոն, հայրենակից Սեբաստիան Ֆետտելին:
«Ալբերտ Պարկում» վազանցելն առանձնապես անհնար չէ հատկապես DRS-ների (հետնամասային հակաթեւքերի (антикрыло)) միացման շնորհիվ: Ըստ Ֆորմուլա 1-ի կանոնակարգի, մրցարշավորդը DRS-ը կարող է միացնել միայն այն ժամանակ, երբ իր առջեւից ընթացող բոլիդից իրեն բաժանում է մեկ վայրկյան: 1,01 վայրկյան տարածության դեմքում DRS միացնելն արգելվում է: DRS-ը միացնել թույլատրվում է մրցուղու FIA-ի կողմից հատուկ սահմանված հատվածներում («Ալբերտ Պարկում» դրանք երկուսն էին), եւ երբ մրցման սկզբից մրցարշավորդները հաղթահարել են մրցուղու առաջին երկու շրջանը: «Ալբերտ Պարկի» հիմնական խնդիրը համեմատաբար նեղ մրցուղին է: Վազանցելիս բոլիդները սովորաբան բախվում են: Այսօր միայն առաջին շրջանի առաջին շրջադարձում բախվեց եւ «խաղից դուրս մնաց» 4 բոլիդ: Մարզիկի վարպետությունը սովորաբար դրսեւորվում է հենց այսպիսի շրջադարձերում: Մեկնարկային միջին դիրք զբաղեցնող մարզիկից ավելի մեծ վարպետություն է պահանջվում առաջին շրջանի առաջին շրջադարձն անցնելու համար, քան մեկնարկային առաջին երկու տեղերն զբաղեցնող մարզիկներից, որոնք, ի դեպ, սովորաբար աշխարհի չեմպիոններ են լինում:
Ավստրալիայի Գրան Պրիի մեկնարկային առաջին շարքն ամբողջությամբ զբաղեցրել էր «Մաքլարենը», սակայն մեկնարկի հենց սկզբից Ջենսոն Բատոնը ստվերեց Լյուիս Հեմիլթոնին, թեպետ նա մրցուղու կեղտոտ հատվածում էր: Դա այն հատվածն է, որտեղից մեկնարկողը սովորաբար տանուլ է տալիս իր նախնական դիրքը, եթե ճիշտ չի կողմնորոշվում: Այսօր չկողմնորոշվողը մրցուղու մաքուր դիրքում գտնվող Լյուիս Հեմիլթոնն էր, որն էլ հենց սկզբից զիջեց դիրքերը եւ արդյունքում բավարարվեց երրորդ տեղով: Երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլլի» մրցարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը, որը մրցահարթակ բարձրանալուց հետո հայտարարեց, որ երկրորդ տեղն առավելագույնն էր, որին կարող էր հավակնել նախորդ օրվա որակավորման մրցումներում զբաղեցրած 6-րդ տեղից մեկնարկելուց հետո:
Ավստրալիայի Գրան Պրին հաղթող ունենալուց բացի ունեցավ հերոսներ: Դրանք 22-րդ տեղից մեկնարկած «Զաուբերի» մրցարշավորդ, մեքսիկացի Սերխիո Պերեսը եւ աշխարհի 2007-ի չեմպիոն, «Լոտուսի» մրցարշավորդ Կիմի Ռայկոնենը (Ֆինլանդիա), որը մեկնարկել էր 18-րդ տեղում: Պերեսը միայն մեկ անգամ պիտ-կանգառ մտնելու շնորհիվ եզրագիծը հատեց 8-րդը, այսինքն 14 տեղով բարելավեց իր արդյունքը, իսկ Ռայկոնենը եզրագիծը հատեց 7-րդ տեղում:
Սպասելիքներն, ի դեպ, ի սկզբանե մեծ չէին «Ֆերրարիից»: Այս բոլիդի մրցարշավորդներից մեկը՝ բրազիլացի Ֆիլիպպե Մասսան, ընդհանրապես դուրս մնաց պայքարից՝ 48-րդ շրջանում բախվելով հայրենակցի՝ «Վիլյամսի» մրցարշավորդ Բրունո Սեննայի մեքենային: Վերջինիս բոլիդը նույնպես եզրագիծ չհասավ: Ֆերնանդո Ալոնսոն գրավեց 5-րդ տեղը. կարելի է ասել՝ ի հեճուկս բոլիդի, որն առանձնապես մրցունակ չէր: Մարզիկն ինքն էլ հաճախ կռիվ է տալիս իր բոլիդի հետ: Ավելի հաճախ նա պետք է հաղթի իր մեքենային, ինչն ի դեպ, առայժմ չի հաջողվում Միխայել Շումախերին:
Ուղիղ մեկ շաբաթից մեկնարկում է Մալայզիայի Գրան Պրին՝ Սեպանգում: Սեպանգի մրցուղին արագության մրցուղի է, այստեղ վազանցների լայն տարածություն կա ի տարբերություն «Ալբերտ Պարկի», ասֆալտն ավելի «մշակված» է այն իմաստով, որ շատ հարթ է: Անիվները, կրկին ի տարբերություն «Ալբերտ Պարկի», մեծ ծանրաբեռնվածություն չեն պահանջում, այստեղ տարածության մեծ մասը՝ 72 տոկոսը, կարելի է անցնել ոտքը «գազից» չկտրելով: Այսինքն, այստեղ վճռորոշ դեր ունի բոլիդի շարժիչը՝ ո՞ւմն է ավելի դիմացկուն, քանի որ շարժիչը հանգստանալու ժամանակ չունի: Սեպանգում արդեն կերեւա, թե որ բոլիդներն են առավել պատրաստ ամբողջ մրցաշարին:
Ավստրալիայի Գրան Պրի
1. Ջենսոն Բատոն (Մաքլարեն) - 58 շրջան
2. Սեբաստյան Ֆետտել (Ռեդ Բուլլ) +2,1
3. Լյուիս Հեմիլթոն (Մաքլարեն) +4,0
4. Մարկ Վեբեր (Ռեդ Բուլլ) +4,5
5. Ֆերնանդո Ալոնսո (Ֆերրարի) +21,5
6. Կամուի Կոբայասի (Զաուբեր) +36,7
7. Կիմի Ռայկոնեն (Լոտուս) +38,0
8. Սերխիո Պերես (Զաուբեր) +39,4
9. Դանիել Ռիկյարդո (Տորո Ռոսսո) +39,5
10. Պոլ դի Ռեստա (Ֆորս Ինդիա) +39,7
11. Ժան Էրիկ Վերն (Տորո Ռոսսո) +39,8
12. Նիկո Ռոսբերգ (Մերսեդես) +57,6
13. Պաստոր Մալդոնադո (Վիլյամս) +1 շրջան
14. Տիմո Գլոկ (Մարուսյա) +1 շրջան
15. Շառլ Պիկ (Մարուսյա) +5 շրջան
16. Բրունո Սեննա (Վիլյամս) +6 շրջան
Դուրս մնացին պայքարից
Ֆելիպե Մասա (Ֆերրարի)
Հեյկի Կովալայնեն (Կատերհեմ)
Վիտալի Պետրով (Կատերհեմ)
Միխայել Շումախեր (Մերսեդես)
Ռոմեն Գրոժան (Լոտուս)
Նիկո Հյուլկենբերգ (Ֆորս Ինդիա)
Մհեր Արշակյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։