Մարմնամարզությունը բոլոր մարզաձեւերի այբուբենն է: Փոքր տարիքից մարմնամարզությամբ զբաղվող երեխան հաջողություններ կունենա նաեւ այլ մարզաձեւում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մարզիչ Արտակ Այդինյանը:
Պարոն Այդինյան, որքա՞ն ժամանակ եք գլխավորում պատանեկան հավաքականը: Ի՞նչ հեռանկարներ ունեն պատանի մարմնամարզիկները Հայաստանում:
Արդեն շուրջ 6 ամիս գլխավորում եմ պատանեկան հավաքականը: Հրաշալի սերունդ ունենք: Որպես մարզիչ, վստահ կարող եմ ասել, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն արժանի հետնորդներ ունի: Մեր չեմպիոններին փոխարինող լավ երեխաներ ունենք, որոնք հետագայում բարձր կպահեն Հայաստանի անունը տարբեր խոշոր մրցաշարերում այնպես, ինչպես Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն, Արթուր Ավետիսյանը: Արդեն աչքի ընկնող տղաներ կան, որոնց հետ կապված մեծ ծրագրեր ունենք հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ:
Սպորտային մարմնամարզությունում պատանեկան տարիքից երեխաներն արդեն հնարավորություն ունեն դրսեւորել իրենց տարբեր մրցաշարերում եւ հետագայում լուրջ հաջողությունների ձեռնոց նետել մեծ սպորտում: Դրան նպաստում են նաեւ մեր չեմպիոնները, որոնք հաճախ մասնակցում են մեր ընդհանուր մարզումներին, իրենք են աշխատում երեխաների հետ, նաեւ իրենց հաղթանակներ են պատանիներին մոտիվացնում:
Նշեցի, որ արդեն ունենք աչքի ընկնող պատանիներ, որոնց հետ ես եւ մարզիչ Հայկ Նազարյանն աշխատում ենք բազմամարտի վրա: Զարգացնում ենք նաեւ անհատական գործիքները, որոնց լավ տիրապետում են: Համլետ Մանուևլյանը, Մամիկոն Խաչատրյանը մեծ հեռանկարներ ունեն: 13-14 տարեկան են, բայց արդեն ընդգծված մարմնամարզիկներ են: Նրանց հետ նաեւ աշխատում է Հակոբ Սերոբյանը: Նրանց հետ կապված նպատակներ ունենք. տեսնենք՝ ինչպես կդասավորվի:
Դուք մարզադպրոցում նաեւ որպես մարզիչ եք աշխատում սիրողական խմբերի հետ: Ինչպե՞ս եք հասկանում, որ մարմնամարզության հաճախող երեխան տաղանդ ունի եւ կարող է ապագա չեմպիոն դառնալ:
Նախ ուզում եմ նշել, որ վաղ տարիքից մարմնամարզության հաճախելը օգտակար է երեխաների կառուցվածքի եւ ընդհանուր մկանային համակարգի զարգացման համար: Երեխաներին ընդունելիս առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կառուցվածքին: Այնպես չի, որ ըստ կառուցվածքի չենք ընդունում: Բոլորն էլ ստանում են հնարավորություն հաճախելու եւ զբաղվելու մարզաձեւով: Որպեսզի հասկանանք՝ որքան շարունակական եւ հեռանկարային կարող է լինել երեխան, ուշադրություն ենք դարձնում կառուցվածքին եւ ճկունությանը: Կան որոշակի նորմատիվներ, որոնք եւս կարող են որոշակի բազային ինֆորմացիա տալ երեխայի հնարավորությունների մասին՝ ձգումները հատակին, թեքումները, շպագատը: Գիմնաստիկայի համար առաջնահերթը ճկունությունն է: Դրա հետ միասին նաեւ եթե ուժեղ լինի, ուրմեն պատրաստի կադր է, նրա հետ պետք է միայն աշխատել: Թե ինչ տաղանդ ունի երեխան, դա արդեն բացահայտվում է հաճախումների ընթացքում:
Ինչպե՞ս եք գնահատում մարզաձեւի մասսայականությունը:
Մարմնամարզությունն իսկապես շատ սիրված է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների շրջանում: Ոչ միայն Երեւանում, նաեւ մարզերում է մեծ մասսայականություն վայելում: Շատ հաճախ սիրողական խմբերում աշխատում ենք ոչ թե ապագա մարմնամարզիկներ աճեցնելու ուղղությամբ, այլ զուտ առողջության ամրապնդման: Հայ ծնողների մեծ մասն արդեն հասկանում է, որ մարմնամարզությունը շատ օգտակար է եւ պետք է երեխայի ընդհանուր ֆիզիկական զարգացվածության համար: Շատերը զուտ մարզվում են: Երկու-երեք տարի մարզելուց հետո, եթե հասկանում ենք տվյալները թույլ են տալիս, պատրաստում ենք նախապատրաստական առաջին խմբի մրցումներին: Հետո նախապատրաստական երկրորդ խումբ ու այդպես մինչեւ Հայաստանի առաջնություններ, սպորտի վարպետ:
Նշեցիք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն արժանի հետնորդներ ունի...
Իսկապես լուրջ տղաներ ունենք, որոնք դեռ կասեն իրենց խոսքը մեծ սպորտում: Նշեցի՝ Համլետ Մանուկյանին, Մամիկոն Խաչատրյանին, որոնք ներկայացնում են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը: Լավ տղաներ ունենք Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցից. կառանձնացնեմ Էրիկ Բաղդասարյանին, Ռոբերտ Գյուլյումյանին: Շատ լավ երեխաներ ունենք նաեւ մարզերում:
Վերջերս Գյումրիում անցկացվեց պատանիների Հայաստանի առաջնությունը: Մասնակցությունն ու արդյունքները գոհացնո՞ղ էին:
Հայաստանի առաջնությանն ունեինք շուրջ 75 մասնակից՝ 24 աղջիկ, շուրջ 60 տղա Երեւանի երկու մարզադպրոցներից, Գյումրիից, Էջմիածնից եւ Վանաձորից: Արդյունքները գոհացնող էին: Իհարկե, հասկանալի պատճառներով, Երեւանի մարզադպրոցների երեխաները անհամեմատ բարձր արդյունքներ գրանցեցին, չեմպիոններ դարձան: Օրինակ՝ Ալբերզ Ազարյանի մարզադպրոցի երեխաները երրորդ եւ երկրորդ մեծահասակներ կարգում բազմամարտում գրավեցին առաջին տեղը: Առանձին գործիքներում էլ չեմպիոնները մայրաքաղաքի մարզադպրոցներից էին: Արդեն հասկանալի է, թե որտեղ է մարզաձեւը ավելի զարգացած:
Հայաստանի առաջնությունն ամեն տարի արել ենք Վանաձորում, բայց այս տարի որոշեցինք տեղափոխել Գյումրի, քանի որ դահլիճային պայմաններն ու գործիքները քիչ թե շատ ավելի լավ վիճակում են: Վանաձորում, օրինակ, զուգափայտերի մրցման ժամանակ 3-4 մարզիչով կանգնում էինք գործիքի տակ, որ հանկարծ երեխան չընկնի: Նաեւ պահեստային օղակներ ունեինք Ազարյանի դպրոցում, նվիրեցինք Գյումրիին, որպեսզի երեխաները մի քիչ լավ օղակների վրա մարզվեն:
Հայ մարմնամարզիկները համաշխարհային սպորտում այսօր լուրջ մրցակիցներ են: Պատահական չէ, որ Տոկիո-2020-ում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալի ռեալ հավակնորդների մեկն էլ Արթուր Դավթյանն է: Պատասխանատու չէ՞ մեծ հաջողություններ գրանցող մարզաձեւի հիմք հանդիսացող պատենական հավաքականի ավագ մարզիչ լինելը:
Շատ պատասխանատու է, իսկապես: Արդեն շուրջ 6 ամիս է գլխավորում եմ պատանիների թիմը, ինքս եղել եմ նախկին մարզիկ, նաեւ երկար տարիներ մարզիչ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին շնորհակալ եմ այս վստահության համար: Հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեզի մեր ուժեղ հավաքականին արժանի հետնորդներ ունենանք: Ինձ իր փորձով, գիտելիքներով շատ է օգնում պարոն Սերոբյանը եւ հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը: Միասին աճեցնում ենք ապագա չեմպիոններ:
Չեմ վախենա ասել՝ մարմնամարզությունը բոլոր մարզաձեւերի այբուբենն է: Եթե նույնիսկ երեխան մի քանի տարի մարզվելուց հետո հեռանկարներ չունենա մարմնամարզությունում եւ դուրս գա, վստահ որեւէ այլ մարզաձեւում նա հաջողություն կգրանցի, կլինի սպորտում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում