Բուդապեշտ-2018. Մեդալային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, Հայաստանը 26-րդն է

10:40   29 հոկտեմբերի, 2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 21-28-ն անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության թիմային պայքարում հաղթել է Ռուսաստանը:

Ռուսաստանցի ըմբիշները ազատ ոճի ու հունահռոմեական ոճի մրցաշարերում նվաճել են 10 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Մեդալային հաշվարկում երկրորդ տեղը 5 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալով գրավել է Ճապոնիան, իսկ լավագույն եռյակը եզրափակել են ամերիկացիները՝ 12 մեդալ (4 ոսկե, 3 արծաթե, 5 բրոնզե):

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալով 26-րդ տեղն է բաժանել Հարավային Կորեայի թիմի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի մրցաշարում, որում երրորդ տեղն էին գրավել Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։