ԱԱ-2018. Գործող օլիմպիական չեմպիոնների եզրափակիչ գոտեմարտը տեւել է 1 րոպե 10 վայրկյան

09:40   24 հոկտեմբերի, 2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդիպել են Ռիո-2016 օլիմպիական չեմպիոններ, ռուսաստանցի Աբդուլրաշիդ Սադուլաեւը եւ ամերիկացի Կայլ Սնայդերը: Գոտեմարտը տեւել է ընդամենը 1 րոպե 10 վայրկյան: 2:0 հաշվի ժամանակ ռուսաստանցի ըմբիշը հաղթել է տուշեով:

Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Աբդուլրաշիդ Սադուլաեւը չեմպիոն էր հռչակվել 86 կգ քաշային կարգում, իսկ Կայլ Սնայդերը ոսկե մեդալ էր նվաճել 97 կգ քաշային կարգում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Հունահռոմեականների թիմն արդեն մեկնել է մրցավայր:

Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։