11:31 6 օգոստոսի, 20212018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) 13 տարվա ընդմիջումից հետո Հայաստանին օլիմպիական մեդալ պարգևեց բռնցքամարտում:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում գյումրեցի բռնցքամարտիկը մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5): Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած մարզիկներն ապահովում են առնվազն բրոնզե մեդալ:
Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
Դա 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի չորրորդ մեդալն էր Տոկիո-2020-ում: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: Այս պահին Հայաստանը 66-րդն է մեդալային հաշվարկում:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:
Ֆոտո՝ Reuters

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.