09:11 12 ապրիլի, 2021Սիմոն Մարտիրոսյանը մասնակցել է Քարվաճառի խաչքարերի տարհանման աշխատանքներին, բայց դա որեւէ կապ չունի Եվրոպայի առաջնությունում նրա ձախողման հետ: Վնասվածք ուներ, բուժել էինք դեռ մեկ ամիս առաջ: Չհասկացա՝ ինչ նրա հետ կատարվեց: Նրա զրոն հրումում չի ազդում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա, բայց իմ կողմից կարող է ազդել: Իսկ ամբողջ թիմը շատ լավ վիճակում էր եւ ունեցանք լավ արդյունքներ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում երրորդն է։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալները: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով:
Պարոն Ալավերդյան, Ձեր գլխավորած թիմը երկու ոսկի, երկու արծաթե, չորս բրոնզե մեդալ նվաճեց Մոսկվայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ: Ամփոփեք Եվրոպայի առաջնությունը:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց ես չեմ կարող գնահատել իմ աշխատանքը: Չեմ ասի՝ լավ էր, կամ վատ: Իմ աշխատանքը պետք է գնահատի ժողովուրդը:
Մասնակիցներից որեւէ մեկից գոհ չեմ, ոչ էլ դժգոհ եմ: Բոլորն էլ իրենց հնարավորությունների չափով մասնակցեցին, լավ արդյունքներ ունեցան, իրենց կիլոգրամները բարձրացրեցին, մի քանիսն էլ ոչինչ չարեցին, նստեցին հանգստացան:
Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությունները սպասվա՞ծ էին Ձեր համար:
Սամվել Գասպարյանն ու Կարեն Ավագյանը լավ արդյունքներ գրանցեցին, շատ լավ մասնակցեցին: Սամվել Գասպարյանը Բաթումի փոխչեմպիոն էր, այս տարի նրա չեմպիոնությունը տրամաբանական էր: Նա շատ լավ աշխատեց, այդ պատճառով էլ չեմպիոն դարձավ այս տարի: Նույնն էլ Կարեն Ավագյանի մասին կարող եմ ասել: Կարեն Ավագյանը պատահական ծանրորդ չէր, նա պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնն էր, երիտասարդների աշխարհի մեդալակիր: Այժմ ժամանակն էր, որ մեծահասակներում իր խոսքն ասեր: Հասունացել է եւ արդեն պետք է ուժերը փորձեր մեծերում: Սա նրա առաջին փորձն էր մեծահասակներում, լավ մասնակցեց ու հաղթեց: Որեւէ լարվածություն չուներ, վստահ էր դուրս գալիս մրցահարթակ:
Վարազդատ Լալայանի մասին ի՞նչ կասեք. նա նույնպես իր առաջին մեդալը նվաճեծ մեծահասակների մակարդակում:
Վարազդատ Լալայանը տաղանդավոր տղա է: Նա դեռ կաճի եւ կավելացնի իր կիլոգրամները: Նրա գագաթնակետն այսօր այսքանն էր: Դրանից ավել չէր կարող բարձրացնել, որովհետեւ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մտնել մեծահասակների պայքարի մեջ, ու իր տեղը գտավ գերծանր քաշային կարգում:
Լալայանի առաջընթացին շատ մեծ ընթացք է տալիս Գոռ Մինասյանը. օգնում է նրան որպես ավագ ընկեր եւ իր հետ բարձրացնում վերեւ, ինչի համար ես Գոռից շնորհակալ եմ:
Անդրանիկ Կարապետյանի բրոնզե մեդաը նրա գագաթնակե՞տն էր:
Ոչ, նա կարող է ավելին: Մոսկվայի մրցահարթակում իր նախկին քաշերն էլ չարեց: Անդրանիկը բարձր կամային որակներ ունի եւ ինձ դուր է գալիս, որ այդքան ձախողումից հետո նա նորից պայքարի մեջ է: Հոգեբանական առումով, կարծես, արդեն հանձնված է, բայց ես թույլ չեմ տալիս: Ասել եմ՝ ինչ ուզում ես արա, ես քեզանից դեռ պետք է մեդալներ տեսնեմ:
Սիմոն Մարտիրոսյանի հետ ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայի մրցահարթում:
Այս հարցն իրեն ուղղեք: Ճիշտ է, Սիմոն Մարտիրոսյանը մասնակցել է Քարվաճառի խաչքարերի տարհանման աշխատանքներին, բայց դա ոչինչ չի նշանակում եւ ոչնչով չէր կարող ազդել նրա վատ մասնակցության վրա: Ոչ մի վնասվածք չի ունեցել եւ ոչ էլ խաչքարերը տարհանելիս վնասվածք է ստացել: Դրանից հետո եկել է մարզվել է, հավաքներին է մասնակցել: Այդ իրադարձությունները ոչ մի կապ չունեն Սիմոնի ձախողման հետ:
Մեկ ամիս առաջ ասաց՝ ոտքս ցավում է: Ներարկումներ արեցինք, բուժեցինք: Չէր կարողանում մարզվել, չէր մարզվում: Չեմ հասկանում՝ ինչ է նրա հետ կատարվում... Չմասնակցելու իրավունք չուներ: Պետք է լրացներ 6-րդ օլիմպիական վարկանիշային մրցաշարը եւ անալիզներ հանձներ:
Ամբողջ թիմը շատ լավ վիճակում էր, կարծում եմ՝ բոլորն էլ դա տեսան ու հասկացան: Նույնիսկ Սիմոնի ձախողումից հետո թիմի ոգին չընկավ ու էլի իմ թիմը գրավեց երրորդ տեղ երկամարտի ընդհանուր հաշվարկում՝ հաղթելով թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին, ռուսներին: Եթե ձախողում չունենայինք, կգերազանցեինք առաջին տեղին: Սիմոնի ձախողումից շատ վրդովված եմ: Կուզեմ, որ նա պատասխանի այդ հարցին, թե ի՞նչ էր իր հետ կատարվում, ինչո՞ւ չարեց այն, ինչ կարող էր:
Հրում վարժության զրոն ազդո՞ւմ է Սիմոն Մարտիրոսյանի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքի վրա:
Իմ կողմից կարող է ազդել... Կարող է եւ ես նրան չընտրեմ, մտածում եմ արդեն: Ավելի լավ էր՝ գար ճշգրիտ երկրորդ տեղ, քան փորձնական, պատահական առաջին տեղ: Օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնելու համար նա դեռ շատ աշխատանք ունի անելու, իսկ ժամանակը քիչ է: Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար նա գիտե՞ք ինչքան պետք է բարձրացնի՝ 200 կգ պոկում, 240 կգ՝ հրում:
Մեր ազգը շատ աշխատասեր է, ուղղակի պետք է նվիրվել ու առաջ տանել այդ աշխատասիրությունը: Ցանկացած բնագավառում մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Ցանկացած մարզաձեւում էլ հաջողություններ կունենանք, ուղղակի պետք է նվիրվել այդ գործին: Եթե մի ազգից ծնվում են այնպիսի տղաներ, որոնք 250-260 կգ-ոց ծանրաձող են բարձրացնում, ուրեմն այդ նույն ազգից կծնվի նաեւ այնպիսի մեկը, որը բասկետբոլի գնդակը 10 անգամ կգցի զամբյուղը կամ վոլեյբոլիստ, որը մինչեւ գոտկատեղը կցատկի ու վերեւից կհարվածի: Սրտացավ մարդ է պետք: Կյանքում չեմ սիրել միջակություն: Իմ թիմում պետք է լինեն ամենալավը, կամ չլինեն: Իմիջիայլոց չպետք է լինի ոչ մի բան: Եթե մի գործ անել, ուրեմն ամենալավը:
Լուսինե Շահբազյան
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109) դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.