17:47  ,  30 ապրիլի, 2019

Լեոն Հարթ․ Մենամարտիս օրը Արթուր Աբրահամը երկընտրանքի առաջ կկանգնի

IBO International գոտու համար պայքարելու եմ Արթուր Աբրահամի թիմակցի հետ: Մենամարտիս օրն Արթուր Աբրահամը երկընտրանքի առաջ կկանգնի, թե ում երկրպագել ռինգում՝ իր հայրենակցին, թե թիմակցին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց կիսածանր քաշային կարգում IBO Continental, WBC Asia չեմպիոնական գոտիների հաղթող, Գերմանիայում հանդես եկող, Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, որը մայիսի 4-ին Ֆրանկֆուրտում կանցկացնի 22-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում՝ պայքարելով IBF International չեմպիոնական գոտու համար:

«Կրկին չեմպիոնական գոտու համար եմ պայքարելու: Մրցակիցս Գերմանիայում մեծ ճանաչում ունեցող եւ շատ սիրված բռնցքամարտիկ է՝ Լեոն Բաննը: Գերմանացի է եւ ներկայացնում է «Sauerland» պրոմոութերական ընկերությունը: Ի դեպ՝ Արթուր Աբրահամի թիմակիցն է: Դեռեւս անպարտելի է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 13 մենամարտ եւ չունի ոչ մի պարտություն:  Այսպես ասած՝ այս քաշային կարգում Գերմանիայի միակ հույսն է: Լեոն Բաննը վատը չի, բայց հաղթելու իմ հնարավորություններն ավելի մեծ են: Պրոֆեսիոնալ ռինգում ես ավելի շատ փորձ ունեմ: Ավելի ուժեղների հետ եմ մենամարտել, ֆիզիկապես ավելի ուժեղ եմ, քան ինքը: Ես ինձ տեսնում եմ հաղթողի կարգավիճակում եւ դրանում շատ վստահ եմ: Մենամարտը կայանալու է Ֆրանկֆուրտի «Fraport» արենայում, իսկ Լեոն Բաննը հենց Ֆրանկֆուրտից է:

Սա իմ 3-րդ մենամարտն է նոր՝ կիսածանր քաշում: Ինձ շատ լավ եմ զգում: Ունեմ IBO Continental գոտի եւ հաջորդ մենամարտերիցս մեկը պետք է լիներ գոտու պաշտպանություն, քանի որ նպատակս IBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտի հայտ ներկայացնել էր: Բայց ինձ թույլ չտվեցին IBO-ի աշխարհի գոտու համար պայքարեմ, այդ պատճառով գոտու պաշտպանություն չանցկացրեցինք: Այժմ պայքարում եմ IBF վարկածով չեմպիոնական գոտու համար: Եթե այս մենամարտում հաղթեմ, գուցե հնարավորություն ստանամ  WBC գոտու համար մենամարտել: Նպատակս աշխարհի գոտի նվաճելն է եւ պատրաստ եմ մինչեւ վերջ պայքարել:

Արթուր Աբրահամը, կարծում եմ, ներկա կլինի մենամարտիս: Երկու շաբաթ առաջ հանդիպեցի Արթուրի հետ այստեղ, զրուցեցինք: Կարծում եմ՝ ներկա կգտնվի մենամարտին: Բայց վատ դրության մեջ է ընկնելու, քանի որ ռինգի մի անկյունում ես եմ՝ հայ, իսկ մյուս անկյունում իր թիմակիցը: Բայց ես վստահ եմ, որ հոգով-սրտով ինձ է երկրպագելու»,- ասաց Լեոն Հարթը:  

Հիշեցնենք, որ Գերմանիայում հանդես եկող Լեոն Հարթը նախորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2018թ․ դեկտեմբերի 15-ին եւ նվաճել WBC Asia չեմպիոնական գոտին կիսածանր քաշային կարգում: Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում կայացած մենամարտում 30-ամյա բռնցքամարտիկը հաղթել էր ռուսաստանցի Իբրահիմ Ցուրովին, որին պատկանում էր այդ գոտին:

Մայիսի 4-ին Լեոն Հարթը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր 22-րդ մենակարտը: Նախորդ 21 մենամարտերում տարել է 18 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով