11:40  +04,  18 ապրիլի, 2019

Գվարդիոլա. Ես աջակցում եմ VAR-ի կիրառմանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին, որում կատալոնացի մասնագետի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով, սակայն լքեց պայքարը: Դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ լոնդոնյան ակումբը հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով:

«Դաժան էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է ընդունենք այս արդյունքը: Երկրորդ խաղակեսում ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր եւ խփեցինք մեզ անհրաժեշտ գոլերը: Ցավոք, հանդիպման վերջնական արդյունքը դրական չէր մեզ համար, այդ պատճառով շնորհավորում եմ «Տոտենհեմին» եւ հաջողություն մաղթում կիսաեզրափակիչում:

Ես աջակցում եմ VAR համակարգին, սակայն հնարավոր է, որ Լյորենտեի գոլի դրվագում կար ձեռքով խաղ: Իսկ Ստերլինգի գոլի դրվագում մրցավարները որոշեցին, որ կար խաղից դուրս վիճակ: Ես հպարտ եմ մեր խաղացողներով ու երկրպագուներով: Երբեք չէի տեսել այսպիսի աջակցություն, սակայն ֆուտբոլն անկանխատեսելի է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած  հանդիպման ավելացված ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը գրավել էր դարպասը, սակայն վայրկյաններ անց VAR համակարգն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ, իսկ Լոնդոնի «Տոտենհեմի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 1-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: