16:49  ,  19 փետրվարի, 2019

Հարի Քեյնը սպասվածից 2 շաբաթ շուտ է վերսկսել մարզումները

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը սպասվածից երկու շաբաթ շուտ է վերսկսել մարզումները ոտնաթաթի վնասվածքից հետո: 25-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ մասնակցել է մարզման, հաղորդում է Goal.com-ը: Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է մարտի 5-ին, Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Տոտենհեմը» գերմանական թիմին հաղթել էր 3:0 հաշվով:

Հարի Քեյնը վնասվածքը ստացել էր հունվարի 13-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում: «Տոտենհեմը» 0:1 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 20 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա լոնդոնյան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 20 գոլ է խփում 5 մրցաշրջաններում անընդմեջ: Անգլիացին 20 գոլի սահմանագիծը հատել էր նաեւ 2014/15 (31 գոլ), 2015/16 (28), 2016/17 (35) եւ 2017/18 (41) մրցաշրջաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում