17:42  ,  12 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի՝ այս շաբաթ անցկացվելիք փլեյ-օֆֆի առաջին խաղերը կսկսվեն լռության րոպեով:

Ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթի» տեղափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը հարգելուց բացի՝ ֆուտբոլիստներ նաեւ հանդես կգան սգո թեւկապով, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է: 28-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառ են դարձել գլխի եւ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքները:

«Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը:

Արգենտինացի ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով