10:16  ,  17 օգոստոսի, 2012

Մաուրո Գեւգեւոզյան. Չգիտեմ, թե ինչու ինձ «Փյունիկում» չպահեցին

Ազգությամբ հայ ուրուգվայցի ֆուտբոլիստ Մաուրո Գեւգեւոզյանն այս տարի շատ հաջող ելույթ ունեցավ  Ուրուգվայի Առաջին լիգայում հանդես եկող «Ֆենիքսի» կազմում՝ դառնալով բազմաթիվ գոլերի հեղինակ։ Կրկին սկսվեցին խոսակցությունները, թե ինչու ժամանակին ֆուտբոլիստին չպահեցին «Փյունիկում», եւ նրա հեռանալու հանգամանքներն այդպես էլ հայտնի չդարձան։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց իր հեռանալու եւ առաջիկա նպատակների մասին։

Մաուրո, 2007-ին դու եկար Հայաստան եւ «Փյունիկի» կազմում մասնակցեցիր Չեմպինոների լիգայի որակավորման փուլի հանդիպմանը։ Ինչո՞ւ այդքան շուտ հեռացար թիմից։

Անկեղծ ասած,  չեմ կարող ասել, թե ինչու ես չմնացի «Փյունիկում»։ Ես եկա Հայաստան մեծ ոգեւորությամբ ու սպասելիքներով, բայց մեկ ամիս անց ասացին, որ հեռանամ։ Բացի այդ, երբ հեռանում էի Հայաստանից, ինձ տվեցին ժամկետնանց փաստաթղթեր եւ այդ պատճառով ես ստիպված եղա Ռուսաստանում մնալ 18 ժամ եւ տուգանքներ վճարել։

Ի՞նչ տպավորություն ստացար հայկական ֆուտբոլից։

Ես Հայաստանի առաջնությունում այդպես էլ չխաղացի։ «Փյունիկի» կազմում հանդես եկա միայն Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում, «Դերի սիթիի» հետ։ «Փյունիկից» ստացած տպավորություններս շատ լավ են։ Թիմն ունի լավ մարզադաշտ եւ մարզվելու համար պայմաններ։

Երբեւիցե եղե՞լ են խոսակցություններ Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին։

Այդպիսի առաջարկ երբեւիցե չի եղել։ Բայց ինձ եւ ընտանիքիս համար մեծ երջանկություն կլիներ, եթե ես կարողանայի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

Շատ լավ խաղաշրջան անցկացրիր «Ֆենիքսում»։ Ցանկանո՞ւմ ես կարիերադ շարունակել այդտեղ։

Ես «Ֆենիքիսի» հետ ունեմ գործող պայմանագիր։ Ինձ այստեղ շատ լավ է, բայց մեծ ցանկություն ունեմ տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ։

Իսկ ո՞ր առաջնություններում կցանկանայիր խաղալ։

Շատ կցանկանայի խաղալ Իսպանիայի կամ Անգլիայի առաջնություններում։ Ինձ համար դա լավագույն առաջնություններն են: Այնտեղ խաղում են ամենաուժեղ ֆուտբոլիստները։

Ճի՞շտ է, որ թիմակիցներդ քեղ «Հայ» են կոչում։

Այո, այդպես է։ Ընկերներս եւ ուրուգվայցի լրագրողները ինձ անվանում են  «Հայ»։ Ինձ համար դա մեծ հպարտություն է։

Մաուրո, կպատմե՞ս ընտանիքիդ մասին։ Տիրապետո՞ւմ ես հայերենի։

Հայրս հայ է։ Ծնվել է Ուրուգվայում, իսկ նրա մայրը ծնվել է նավի մեջ, երբ ընտանիքը փախչելիս է եղել Հարավային Ամերիկա։ Ես շատ լավ տիրապետում եմ հայերենի։ 5-17 տարեկանում հաճախել եմ Ուրուգվայի հայկական դպրոցը։

Ունե՞ս երազանք։

Կյանքիս երազանքը լավ ընտանիք կազմելն է, շատ երեխաներ ունենալը։ Ինչպես նաեւ ցանկանում եմ ունենալ կանաչ տարածքով մեծ տուն եւ շատ շներ։ Իսկ ֆուտբոլային երազանքս հաղթանակներն են։

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով