23:25  ,  28 հունվարի, 2019

Իտալիայի ՆԳ նախարար. Չեմ սիրում վարձկանների, հույս ունեմ՝ Իգուաինն այլեւս չի հայտնվի Միլանում

Իտալիայի Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին քննադատել է «Միլանից» հեռացած արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին: 31-ամյա ֆուտբոլիստը հունվարի 23-ին տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»:

«Չեմ սիրում վարձկանների: 3-5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրերը հիմնավորված չեն եւ աբսուրդային են: Ուրախ եմ, որ Իգուաինը հեռացավ «Միլանից»: Նա աչքի չէր ընկնում արժանավայել վարքով: Հույս ունեմ, որ Իգուաինն այլեւս չի հայտնվի Միլանում»,- Սալվինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Իգուաինը Լոնդոնում կստանա շաբաթական 270 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Իգուաինը 2015-2016 թվականներին «Նապոլիում» խաղացել է մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ: Իտալացի մասնագետն այժմ գլխավորում է «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Միլանում» անցկացրել է 22 հանդիպում, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում