18:40  +04,  20 հունվարի, 2019

Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյան. Հայաստանի առաջնությունում թույլ շախմատիստ չկար (ֆոտոշարք)

Ունենք շատ լավ երիտասարդություն: Հայաստանի առաջնությունում թույլ խաղացող չկար: Դժվար էր նույնիսկ կանխատեսել, թե ով է ֆավորիտ եւ ով կհաղթի այս տարի: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը:

Հունվարի 11-ից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունում Արման Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսն ապահովել էր նախավերջին՝ 8-րդ տուրում: Նա 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր եւ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն՝ կրկնելով 2009 թվականի հաջողությունը:

Արման, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպե՞ս կամփոփես Հայաստանի առաջնությունը:

Երկար տարիներ մասնակցում եմ Հայաստանի առաջնությանը: Նախորդ տարիների համեմատ, այս տարի կազմը մի փոքր ավելի երիտասարդացել էր: Այս տարի հաջողվեց հաղթել: Նախ հաջող մեկնարկեցի՝ միանգամից դառնալով առաջատար: Հետագայում, երբ Տիգրան Պետրոսյանը սայթաքեց եւ կրեց 2 անընդմեջ պարտություն, արդեն միանձնյա առաջատար էի եւ ունեի մեկ միավորի առավելություն երկրորդ տեղի նկատմամբ: Հետո հնարավորություն ունեցա զարգացնել դիրքերս եւ 1,5 միավոր դարձնել առավելությունը: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց առաջնությունում հաղթել մեկնարկում հաջող հանդես գալու շնորհիվ: Ընթացքն արդեն հեշտ էր:

Ո՞րն էր ամենաբարդ պարտիան:

Թերեւս ամենաբարդը ստացվեց մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանի հետ պարտիան: Միակ պարտիան էր, որտեղ ես վատ դիրք ունեի մի պահ: Իհարկե, վերջին դիրքում, երբ ոչ ոքի համաձայնեցինք, ես առավելություն ունեի, կարող էի փորձել հաղթել, պարզապես արդեն հոգնել էի, բավական երկար խաղացինք: Չփորձեցի հաղթել, քանի որ գիտակցում էի, որ առաջնությունում ունեմ առավելություն, եւ որոշեցի պահպանել այդ դիրքերն ու ավելորդ ռիսկի չդիմել: Ավելի հանգիստ էի եւ նախընտրեցի ուժերս պահպանել հաջորդ պարտիաների համար:

Ի՞նչ կասես մյուս մասնակիցների մասին:

Ունենք շատ լավ երիտասարդություն, կային ուժեղ մասնակիցներ: Այստեղ խաղացողները մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալակիրներ են, մեծահասակների մրցաշարերում գրոսմայտերի նորմաներ են լրացրել, ինչը խոսում է նրանց ուժեղ, տաղանդավոր եւ հեռանկարային լինելու մասին: Հայաստանի առաջնությունում թույլ խաղացող չկար: Ինչպես մեկնարկում ասվում էր, այս առաջնությունը հավասար է լինելու, եւ դա պատահական չէր, քանի որ միանգամից Հայաստանի 5 չեմպիոն էր մասնակցում: Դժվար էր նույնիսկ կանխատեսել, թե ով է ֆավորիտ եւ ով կհաղթի այս տարի:

Կանխատեսո՞ւմ էիր քո հաղթանակը:

Չէր կանխատեսում, պարզապես կար ներքին մի սիմվոլիկա, որին հավատում էի: Առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել էի 2009 թվականին: Ցանկանում էի 10 տարի անց կրկնել հաջողությունս եւ, փաստորեն, ստացվեց: Ամեն տարի էլ, մասնակցելով Հայաստանի առաջնությանը, բնականաբար, ցանկություն ունեցել եւ իմ ուժերին հավատացել եմ, որ կարող եմ հաղթել: 2009-ին առաջին անգամ դարձա չեմպիոն, բայց մինչեւ այս երկրորդ ու երրորդ տեղեր եմ զբաղեցրել: Այս 10 տարիների ընթացքում ուղղակի ինչ-որ բան չէր ստացվում, որ կրկնեի 2009-ի հաղթանակը: Այս տարի առաջնությունն այնպես ընթացավ, որ ամեն ինչ հաջող ստացվեց ինձ համար:         

Ի՞նչ սպասելիքներ ունես Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու առթիվ:

Հավաքականի կազմում հանդես եկել եմ, տղաներին բոլորին ճանաչում եմ, իմ ընկերներն են: Հավաքականում խաղացել եմ 2 տարի,  նաեւ եղել եմ երկրորդ մարզիչ եւ օգնել թիմին տարբեր մրցաշարերում: Նորություն չի լինելու ինձ համար: Պետք է ամեն ինչ անել լավագույն մարզավիճակում լինելու եւ թիմային մրցաշարերում լավ արդյունք գրանցելու համար: Առաջինը լինելու է Եվրոպայի թիմային առաջնությունը: Աշխարհի առաջնություն էլ կա, բայց դեռ չգիտենք՝ Հայաստանը մասնակցելու է, թե՝ ոչ:

Արման, հանդես ես գալիս ոչ միայն որպես շախմատիստ, այլեւ՝ որպես մարզիչ: Ինչպե՞ս ես համատեղում:

Շախմատ խաղալ սովորել եմ 5 տարեկանից, իսկ 7 տարեկանից հաճախել եմ շախմատի: Սա իմ մասնագիտությունն ու աշխատանքն է: Մարզիկ լինելուց բացի, երկար տարիներ կատարում եմ նաեւ մարզչական աշխատանք: Երբ սկսեցի շատ զբաղվել մարզչական աշխատանքով, համեմատաբար ավելի քիչ էի մասնակցում մրցաշարերի: Իրականում, համատեղելը բարդ է, քանի որ մեկը մյուսի ժամանակը խլում է: Եթե մարզչական աշխատանք ես կատարում, ժամանակդ տալիս ես քո սաներին, այդ ընթացքում ավելի քիչ է լինում մրցաշարերի մասնակցելու հնարավորություն: Փորձում եմ շատ չծանրաբեռնել ինքս ինձ: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարզչական աշխատանք չէի կատարում, աշխատում էի շատ մրցաշարերի չմասնակցել մյուս շախմատիստների համեմատ: Կան մարդիկ, որոնք մեկ ամսում 2-3 մրցաշար են խաղում, իսկ ես միշտ աշխատել եմ իրար հետեւից մրցաշարերի չմասնակցել: Մի քանի մրցաշարեր շարունակաբար խաղալուց ստացվել է այնպես, որ էներգիաս սպառել եմ, այդ պատճառով փորձում եմ փոքր դադարներ պահել: Իրականում, շախմատ խաղալուց շատ մեծ էներգիա եմ ծախսում, եւ այդ դադարներն ինձ պետք են ուժերս վերականգնելու համար:

Լեւոն Արոնյանն, օրինակ, սպորտով է զբաղվում՝ ֆիզիկական որակները պահպանելու եւ մրցաշարերի ընթացքում էներգիան ճիշտ բաշխելու համար: Դու որեւէ մարզաձեւով զբաղվո՞ւմ ես, կամ ի՞նչն է օգնում ֆիզիկապես պահպանել լավ մարզավիճակ, խնայել էներգիան:

Զբաղվում եմ լողով, վազքով: Սպորտը շատ է օգնում մրցաշարեր խաղալիս: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանի առաջնության ընթացքում բավական հաջող հանդես եկա եւ դրանում ինձ օգնեց վազքը: Ամեն օր պարտիայի մեկնարկից առաջ վազում էի մոտ մեկ ժամ, նոր գալիս հանդիպման: Ճիշտ է, չհաղթեցի՝ գրավելով երրորդ տեղը, եւ վերջնական արդյունքը լավագույնը չէր, բայց խաղի որակից գոհ էի: Այս տարի չէի վազում, բայց պարտիաներից առաջ ամեն օր մեկ ժամ նախավարժանք էի կատարում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ