18:40 20 հունվարի, 2019Ունենք շատ լավ երիտասարդություն: Հայաստանի առաջնությունում թույլ խաղացող չկար: Դժվար էր նույնիսկ կանխատեսել, թե ով է ֆավորիտ եւ ով կհաղթի այս տարի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը:
Հունվարի 11-ից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունում Արման Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսն ապահովել էր նախավերջին՝ 8-րդ տուրում: Նա 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր եւ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն՝ կրկնելով 2009 թվականի հաջողությունը:
Արման, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպե՞ս կամփոփես Հայաստանի առաջնությունը:
Երկար տարիներ մասնակցում եմ Հայաստանի առաջնությանը: Նախորդ տարիների համեմատ, այս տարի կազմը մի փոքր ավելի երիտասարդացել էր: Այս տարի հաջողվեց հաղթել: Նախ հաջող մեկնարկեցի՝ միանգամից դառնալով առաջատար: Հետագայում, երբ Տիգրան Պետրոսյանը սայթաքեց եւ կրեց 2 անընդմեջ պարտություն, արդեն միանձնյա առաջատար էի եւ ունեի մեկ միավորի առավելություն երկրորդ տեղի նկատմամբ: Հետո հնարավորություն ունեցա զարգացնել դիրքերս եւ 1,5 միավոր դարձնել առավելությունը: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց առաջնությունում հաղթել մեկնարկում հաջող հանդես գալու շնորհիվ: Ընթացքն արդեն հեշտ էր:
Ո՞րն էր ամենաբարդ պարտիան:
Թերեւս ամենաբարդը ստացվեց մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանի հետ պարտիան: Միակ պարտիան էր, որտեղ ես վատ դիրք ունեի մի պահ: Իհարկե, վերջին դիրքում, երբ ոչ ոքի համաձայնեցինք, ես առավելություն ունեի, կարող էի փորձել հաղթել, պարզապես արդեն հոգնել էի, բավական երկար խաղացինք: Չփորձեցի հաղթել, քանի որ գիտակցում էի, որ առաջնությունում ունեմ առավելություն, եւ որոշեցի պահպանել այդ դիրքերն ու ավելորդ ռիսկի չդիմել: Ավելի հանգիստ էի եւ նախընտրեցի ուժերս պահպանել հաջորդ պարտիաների համար:

Ի՞նչ կասես մյուս մասնակիցների մասին:
Ունենք շատ լավ երիտասարդություն, կային ուժեղ մասնակիցներ: Այստեղ խաղացողները մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալակիրներ են, մեծահասակների մրցաշարերում գրոսմայտերի նորմաներ են լրացրել, ինչը խոսում է նրանց ուժեղ, տաղանդավոր եւ հեռանկարային լինելու մասին: Հայաստանի առաջնությունում թույլ խաղացող չկար: Ինչպես մեկնարկում ասվում էր, այս առաջնությունը հավասար է լինելու, եւ դա պատահական չէր, քանի որ միանգամից Հայաստանի 5 չեմպիոն էր մասնակցում: Դժվար էր նույնիսկ կանխատեսել, թե ով է ֆավորիտ եւ ով կհաղթի այս տարի:
Կանխատեսո՞ւմ էիր քո հաղթանակը:
Չէր կանխատեսում, պարզապես կար ներքին մի սիմվոլիկա, որին հավատում էի: Առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել էի 2009 թվականին: Ցանկանում էի 10 տարի անց կրկնել հաջողությունս եւ, փաստորեն, ստացվեց: Ամեն տարի էլ, մասնակցելով Հայաստանի առաջնությանը, բնականաբար, ցանկություն ունեցել եւ իմ ուժերին հավատացել եմ, որ կարող եմ հաղթել: 2009-ին առաջին անգամ դարձա չեմպիոն, բայց մինչեւ այս երկրորդ ու երրորդ տեղեր եմ զբաղեցրել: Այս 10 տարիների ընթացքում ուղղակի ինչ-որ բան չէր ստացվում, որ կրկնեի 2009-ի հաղթանակը: Այս տարի առաջնությունն այնպես ընթացավ, որ ամեն ինչ հաջող ստացվեց ինձ համար:
Ի՞նչ սպասելիքներ ունես Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու առթիվ:
Հավաքականի կազմում հանդես եկել եմ, տղաներին բոլորին ճանաչում եմ, իմ ընկերներն են: Հավաքականում խաղացել եմ 2 տարի, նաեւ եղել եմ երկրորդ մարզիչ եւ օգնել թիմին տարբեր մրցաշարերում: Նորություն չի լինելու ինձ համար: Պետք է ամեն ինչ անել լավագույն մարզավիճակում լինելու եւ թիմային մրցաշարերում լավ արդյունք գրանցելու համար: Առաջինը լինելու է Եվրոպայի թիմային առաջնությունը: Աշխարհի առաջնություն էլ կա, բայց դեռ չգիտենք՝ Հայաստանը մասնակցելու է, թե՝ ոչ:

Արման, հանդես ես գալիս ոչ միայն որպես շախմատիստ, այլեւ՝ որպես մարզիչ: Ինչպե՞ս ես համատեղում:
Շախմատ խաղալ սովորել եմ 5 տարեկանից, իսկ 7 տարեկանից հաճախել եմ շախմատի: Սա իմ մասնագիտությունն ու աշխատանքն է: Մարզիկ լինելուց բացի, երկար տարիներ կատարում եմ նաեւ մարզչական աշխատանք: Երբ սկսեցի շատ զբաղվել մարզչական աշխատանքով, համեմատաբար ավելի քիչ էի մասնակցում մրցաշարերի: Իրականում, համատեղելը բարդ է, քանի որ մեկը մյուսի ժամանակը խլում է: Եթե մարզչական աշխատանք ես կատարում, ժամանակդ տալիս ես քո սաներին, այդ ընթացքում ավելի քիչ է լինում մրցաշարերի մասնակցելու հնարավորություն: Փորձում եմ շատ չծանրաբեռնել ինքս ինձ: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարզչական աշխատանք չէի կատարում, աշխատում էի շատ մրցաշարերի չմասնակցել մյուս շախմատիստների համեմատ: Կան մարդիկ, որոնք մեկ ամսում 2-3 մրցաշար են խաղում, իսկ ես միշտ աշխատել եմ իրար հետեւից մրցաշարերի չմասնակցել: Մի քանի մրցաշարեր շարունակաբար խաղալուց ստացվել է այնպես, որ էներգիաս սպառել եմ, այդ պատճառով փորձում եմ փոքր դադարներ պահել: Իրականում, շախմատ խաղալուց շատ մեծ էներգիա եմ ծախսում, եւ այդ դադարներն ինձ պետք են ուժերս վերականգնելու համար:
Լեւոն Արոնյանն, օրինակ, սպորտով է զբաղվում՝ ֆիզիկական որակները պահպանելու եւ մրցաշարերի ընթացքում էներգիան ճիշտ բաշխելու համար: Դու որեւէ մարզաձեւով զբաղվո՞ւմ ես, կամ ի՞նչն է օգնում ֆիզիկապես պահպանել լավ մարզավիճակ, խնայել էներգիան:
Զբաղվում եմ լողով, վազքով: Սպորտը շատ է օգնում մրցաշարեր խաղալիս: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանի առաջնության ընթացքում բավական հաջող հանդես եկա եւ դրանում ինձ օգնեց վազքը: Ամեն օր պարտիայի մեկնարկից առաջ վազում էի մոտ մեկ ժամ, նոր գալիս հանդիպման: Ճիշտ է, չհաղթեցի՝ գրավելով երրորդ տեղը, եւ վերջնական արդյունքը լավագույնը չէր, բայց խաղի որակից գոհ էի: Այս տարի չէի վազում, բայց պարտիաներից առաջ ամեն օր մեկ ժամ նախավարժանք էի կատարում:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.